Նոր ձեւաչափի որոնումներում
Ստորեւ անգլերեն բնագրից թարգմանաբար ներկայացնում ենք արեւելագետ Տիգրան Եկավյանի Սփյուռք-Հայաստան հարաբերությունների մասին համեմատական ուսումնասիրության երկրորդ՝ եզրափակիչ մասը:
Քսաներորդ դարում, հայկական՝ հատկապես արեւմտահայ գրական ստեղծագործություններ հիմնականում թողարկվեցին հայրենի սահմաններից դուրս: Սփյուռքում հրատարակված «ԿԱՄ» գրական հանդեսի գլխավոր խմբագիր, փիլիսոփա Մարկ Նշանյանը գրում է այն մասին, թե որքան տուժեց հայոց գրական աշխարհը խորհրդային վարչակարգի կողմից արեւմտահայ գրականության հանդեպ սահմանված անարդար գրաքննության հետեւանքում: Խստորեն սահմանափակված էր հասանելիությունը գրական խոշորագույն դեմքերի (Հակոբ Օշականի, Ինտրայի) եւ նույնիսկ փարիզյան դպրոցի գրողների (Շահան Շահնուր, Նիկողոս Սարաֆյան, Զարեհ Որբունի) ստեղծագործություններին: Այս հարցը, որը երկրորդական է դարձել ներկայի ավելի լուրջ՝ գոյութենական մարտահրավերների պատճառով, այդուհանդերձ, մեկ դրական կողմ ունի: Այն անվերապահորեն պահանջում է նոր ձեւաչափ որոնել Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականության հարաբերությունները բարելավելու համար:
Տեսլականի պակասը եւ հաղորդակցության խնդիրները
Անկախության առաջին տարիներին անտեղյակությունն ու անտարբերությունն էր իշխում Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականության հարաբերություններում: Սառը եւ մութ տարիները, պատերազմի հրատապությունն ու ստեղծված քաոսային վիճակում գոյատեւելու մարտահրավերը հետ կամ երկրորդական պլան էին մղել հայոց մտածողության ազատագրումը, ինչպես 1990-ի իր «Գրական հռչակագրում» նշում էր բանաստեղծ Վահե Օշականը: Նա հասկացել էր, որ «Մեկ ազգ, մեկ երկիր, մեկ մշակույթ» կարգախոսը դեռեւս ընդունելի իդեալական տարբերակ էր մնում հայ մտավորականության շրջանակում: Միայն 2008-ին Սփյուռքի գործերի նախարարության կազմավորմամբ մի որոշակի հարթակ կամ կառույց ստեղծվեց ի նպաստ Հայաստանի եւ Սփյուռքի գրողների: Բայց այդ նախաձեռնությունը սահմանափակ ազդեցություն ունեցավ: Կազմակերպված երկկողմ հանդիպումներից ոչ մեկը չկարողացավ ճանապարհային քարտեզ գծել, կամ տեսլականը պատկերացնել Հայաստանի եւ Սփյուռքի մտավորականության դերակատարությունների: Իսկ դա անհրաժեշտ էր կոտրելու համար կարծրատիպերը եւ արդիականացնելու համար հնամաշ մտածողությունը:
Սերունդները փոխարինեցին մեկը մյուսին, բայց խնդիրը մնաց չլուծված: Կարո՞ղ էր հայրենազրկված սփյուռքը դիմակայել ձուլումին եւ ինքնության կորստին: Արդյոք մենք գործ ուենք գրական երկու լեզուների (արեւելահայերեն, արեւմտահայերեն) եւ ուղղագրության (ավանդական, թե հեշտացված) հե՞տ, թե՞ հարցն ավելի առօրեական լեզվին է վերաբերում միայն:
1970-ականների վերջերին արդեն մի քանի ականավոր հայ մտավորականներ Սփյուռքում մտահոգություն հայտնեցին, թե իրենց պակասում է հանրային տարածությունը, կամ հանրության հետ հարաբերվելու հնարավորությունը: 1979-ին Վահե Օշականը, Խաչիկ Թոլոլյանը եւ Գրիգոր Պլտյանը ստորագրեցին մի նամակ, որտեղ նշում էին, որ հայոց աշխարհի մտավորականությունը հաղորդակցվելու խնդիր ունի: Խոսքը նախ իրար հետ, ապա նաեւ օտարների հետ հաղորդակցվելու մասին էր, ինչը հանգեցնում էր երեք համակենտրոն ոլորտների տրամաբանական գոյությանը: «Իր ժողովրդին» նյութ մատակարարելու համար, սփյուռքահայ մտավորականությունը պետք է նախ իր ներկայությունը ապահովեր իր ապրած համայնքում, ապա իր ապրած երկրում եւ վերջապես ամբողջ սփյուռքում եւ անկախ Հայաստանում: Այս «նյութը» որ սփյուռքահայ մտավորականները մինչ օրս ստացել էին հիմնականում ավանդական եղանակով կամ աղբյուրներից, ներկա իրականության պայմաններում այլեւս անմատչելի, անհասանելի էր դարձել: 1960-ական թվերի երիտասարդ արմատական լիբանանահայ մտավորականները մեծապես ազդված էին երրորդ աշխարհի ազատագրական պայքարներից եւ շարժումներից: Դրա վառ ապացույցը մենք կարող ենք գտնել Բեյրութում հրատարակվող «Երիտասարդ հայ» քաղաքական-գրական հանդեսի 1969-75 թվերի էջերում:
Վերադառնալով «պատմությունը սրբագրելու» հարցին
Չնայած հաղորդակցության հարցը պետք է հեշտացված լիներ երկաթյա վարագույրի վերացումից հետո, իրական համագործակցությունը մտավորականության միջեւ, ակադեմիական շրջանակներից դուրս, տեղի ունեցավ չափազանց դանդաղ: 2010-ական թվերին միայն փորձառու մտավորականների գործերը սկսեցին հայտնվել Հայաստանում: Դրանով «սովիեթիզմին» դեռ կառչած մտածելակերպի կողքին երեւան եկավ այդ ախտի հետքերը իսպառ վերացնելու ձգտումներով տոգորված «մտավորակաների մի նոր փաղանգ»՝ հանձինս խմբագիրների, գրողների, հրատարակիչների, գրաքննադատների եւ լեզվաբանների:
Երեւանում 2014-ին հիմնված Աշոտ Հովհաննիսյանի անվան ինստիտուտը, որի նպատակն է ուսումնասիրություններ կատարել հումանիտար գիտությունների, հայագիտության եւ հարակից ոլորտներում, փոթորկահույզ ժամանակներում հայտնված յուրահատուկ մի փարոս կարելի է համարել, որի ծավալած գործունեությունը ճիշտ կլինի որակել «վերականգնողական պատմություն», հաշվի առնելով, որ այդ կրթօջախը ժամանակակից աշխարհաքաղաքական (համաշխարհային եւ տարածաշրջանային) հարցերի լույսի ներքո նոր, միջազգային մակարդակի է բարձրացնում հայագիտությունը: Որպես կամուրջ հանդիսանալով Հայաստանի եւ արտաքին աշխարհի միջեւ՝ այս ինստիտուտը նշանակալի դեր է կատարում Հայաստանի գիտաշխատողների նոր սերնդի մասնագիտական զարգացման ուղղությամբ: Ինստիտուտը հրապարակել է մի քանի տեղեկատվական հատորներ, որոնց թվում նաեւ ֆրանսահայ գրող Զարեհ Որբունու (Էոքսուզյան) եռահատորը:
Հովհաննիսյանի ինստիտուտից բացի ուշագրավ գործ է ծավալում նաեւ հրատարակիչ Սարգիս Խաչենցը, որի արեւելահայերեն, արեւմտահայերեն հրատարակություններն ու օտար հեղինակների թարգմանությունները նոր սերնդի հմուտ մասնագետների կողմից, շատերի նախանձն է շարժում: Գլխավորապես այս խիզախ հրատարակչի նախաձեռնության շնորհիվ է, որ ֆրանսահայ գրող Գրիգոր Պլտյանը ոչ միայն իր արժանի տեղը գտավ Հայաստանի ընթերցողների շրջանում, այլեւ հնարավորություն ստացավ շարունակելու իր աշխատանքը հայոց գրականության ուսումնասիրման գործում:
Այս առումով անհրաժեշտ է առանձնացնել աշխատանքները գրականագետ, բ.գ.դ. պրոֆ. Սուրեն Դանիելյանի, որ արեւմտահայերենի պահպանման ջատագովներից է եւ բանաստեղծ ու գրաքննադատ Արթուր Անդրանիկյանի, որ կազմել, խմբագրել եւ հրատարակության է պատրաստել մի շարք սփյուռքահայ ճանաչված գրողների եւ բանաստեղծների գործերը՝ համագործակցելով տարբեր հրատարակչությունների հետ, որոնց թվում են «Ակտուալ Արվեստը» (Actual Art) եւ «Էդիտ Պրինտը» (Edit Print): Մկրտիչ Մաթեւոսյանի «Ակտուալ Արվեստ» հրատարակչատունը եւ նրա համանուն ամսագիրը հսկայական դեր են կատարել:
Արդեն երկու տարի է, որ այս ամսագիրը գոյություն ունի եւ համարվում է որոշ առումով աշխարհին բացվող մտավոր հետաքրքրությունների տարածք, շնորհիվ Հայաստանի նոր ձայնը կազմող գրողների, բանաստեղծների, արվեստագետների եւ գիտնականների ու փիլիսոփաների: Այս խմբում են ներառված Աշոտ Ոսկանյանը, Մարինե Պետրոսյանը, Վահրամ Մարտիրոսյանը, Տիգրան Պասկեւիչյանը եւ Դավիթ Մոսինյանը: Այս լայնախոհ մտավորական-հրատարակիչը սփյուռքին նվիրված հատուկ շարք է ստեղծել, որն արդեն հրատարակել է արեւմտահայ գրողների՝ Հակոբ Մնձուրու, Հակոբ Օշականի, Զարեհ Որբունու, Շահան Շահնուրի, Նիկողոս Սարաֆյանի, Նշան Պեշիկթաշլյանի եւ Կարո Փոլատյանի գործերը: Այսուհետ չի կարելի բավարարվել միայն դասագրքեր ու ձեռնարկներ լույս ընծայելով: Մի ամբողջ դար անտարբերությունից հետո խնդիրն այժմ «գրադարանի վերակազմավորումն է»: Այդ պատճառով է, որ նվիրյալ հրատարակիչների դերակատարությունն ու ի շահ հանրության ստանձնած իրենց առաքելությունը արժանի են ե՛ւ գովասանքի, ե՛ւ խրախուսանքի:
Օրինականորեն ինչ կարելի է ակնկալել Հայաստանից եւ Սփյուռքից
«Սարգիս Խաչենց», «Պրինտ ինֆո» եւ «Ակտուալ Արվեստ» հրատարակչատների խմբագրական աշխատանքները վկայում են այն մասին, որ դրանց ձեռնարկատերերն ունեն ինքնուրույն, ազատ մտածողություն, տեսլականի հստակ պատկերացում, ինչպես նաեւ արհեստավարժ ձեւով ու արդիական մոտեցումներով ժամանակի հետ համընթաց քայլելու ընդունակություն: Ճիշտ է, նրանց աշխատանքը լայն ճանաչում է ձեռք բերել, սակայն համապատասխան տարածում դեռեւս չի գտել ո՛չ Հայաստանում՝ ընթերցասեր հասարակության նվազման, ո՛չ էլ սփյուռքում՝ առաքման միջոցների սղության հետ կապված խնդիրների պատճառով: Բայց ներկայիս հայերեն գրքերի տարածման շրջանակը ընդարձակելու գործընթաց է նախաձեռնվում շնորհիվ Ֆրանսիայում «Նոր Յառաջ» պարբերականի խմբագիր Ժիրայր Չոլաքյանի ստեղծած «Առցանց գրախանութի» եւ Գալուստ Գյուլբենկյան Հիմնադրամի համագործակցությամբ «Զարթիս» մանկական գրքերի շարքի հրատարակության: Դրանց գումարենք նաեւ նախ «ԱՐԻ գրական Հիմնադրամի» (ARI Literature Foundation) աշխատանքը, որ խրախուսում է գրական ստեղծարար մտքի զարգացումը, օտար լեզուներով հրատարակված հասարակագիտական դասական գործերի, ինչպես նաեւ հայ հեղինակների գրքերի արեւմտյան լեզուների թարգմանությունը, կանանց իրավահավասարության եւ երիտասարդների ընթերցասիրության խնդիրների լուծումը, եւ երկրորդ «Կիլիկիա» հրատարակչատան վերականգնումը, որ պատմականորեն Հալեպում գործելուց հետո իր հիմնադիր տնօրեն Մաթեւոս Էբլիղաթյանի նախաձեռնությամբ տեղափոխվել է Ժնեւ:
Հրատարակչական այս կառույցների կողքին արդիականացվել են նախկինում հրատարակվող որոշ ամսագրեր, ինչպիսին, օրինակ, Բեյրութի «Բագինն» է, որ փորձում է ավելի շատ հայաստանյան գրողների ներգրավել իր համարներում, «Ինքնագիրը» եւ «ԿԱՄ»ը, որ 15 տարվա ընդմիջումից հետո վերստին հառնում է Հայաստանում՝ շնորհիվ երեւանցի մի շարք մտավորականների: Այն ինչ մենք օրինականորեն կարող ենք ակնկալել նշված ամսագրերից, հետեւյալն է. հոգեւոր սնունդ պարգեւել սփյուռքահայ մտավորականներին կազմավորելու մի նոր ավանդույթ, որ կախված չլինի խմբակցային կամ կուսակցական պատկանելիությունից:
Սփյուռքում հայ մտավորական լինելը նշանակում է քո մայրենի եւ քեզ շրջապատող օտար լեզուների միջավայրում ապրել «հավիտենական թարգմանչի» կարգավիճակում:
Դեպի հայկական մտածողության ազատագրո՞ւմ
Հայաստանի եւ սփյուռքի գրողների ու մտավորականների միջեւ կապը հաստատված է այժմ: Այդ մերձեցումը անհրաժեշտ պայմանն է հայկական մտածողության ազատագրումը ապահովելու համար, որովհետեւ ընդգրկում է լեզվի բոլոր տարբերակները եւ իրականությունը ներկայացնելու բոլոր ձեւերը: Ձերբազատվելով նախկին պլատոնական, քծնողական հարաբերություններից այս մերձեցումը վերակազմավորում է, նոր մակարդակի բարձրացնում Հայաստան-Սփյուռք հարաբերությունները:
Սփյուռքահայերը կարիքն ունեն Հայաստանի ոչ միայն ստեղծագործելու, այլեւ ազատագրվելու համար իրենց պատող առասպելների բեռից, որ ապականում է սեփական ինքնության հետ կապված իրենց հարաբերությունը, այսպես ասած՝ ապաառասպելականացնելու համար այն ամենը, ինչ հնարավոր է ապաառասպելականացնել: Այս առումով որոշ քայլեր կատարված են, բայց դեռեւս առկա են բազմաթիվ խնդիրներ, որոնցից մեկը արեւմտահայերենի, որպես պետական լեզվի լիիրավ ճանաչման պակասն է Հայաստանի Հանրապետությունում (*): Դրան պետք է հետեւեն, անշուշտ, համապատասխան ծրագրերի իրականացումը հանրային կրթության եւ հեռասփռման ոլորտներում:
Հայաստանի համալսարանները դեռ չեն հիմնել սփյուռքահայ համայնքների անցյալի ու ներկայի պատմությունը ուսումնասիրող ամբիոններ: Այդուհանդերձ հարաբերությունների քննադատական վերանայումը, հիմնված մարդկային հոգեւոր եւ մտավոր կապերի վրա, արդեն սկսված է եւ ավելի հորիզոնական բնույթ է կրում, որը ստեղծագործական մտածողության դրական արդյունք կարելի է համարել: Հայկական աշխարհի բարոյական եւ հոգեւոր միասնության մարտահրավերը պահանջում է նաեւ համընդհանուր մեկ լեզվի ստեղծումը, որը չի կարող իրականություն դառնալ առանց փոխադարձ ըմբռնողության եւ համատեղ կյանքի:
ՏԻԳՐԱՆ ԵԿԱՎՅԱՆ
Փարիզ
Անգլ. բնագրից թարգմանեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
*) Դիտել տանք, որ ՀՀ Սահմանադրությունը «պետական լեզվի» հարցում թեեւ ոչ մի տարանջատում չի կատարում արեւելահայերենի եւ արեւմտահայերենի միջեւ, այլ բավարարվում է որպես պետական լեզու ընդունելով «գրական հայերենը», սակայն գործնական կյանքում՝ պետական գրառումներում, բացառապես գրական արեւմտահայերենն է կիրառում: Ծ.Խ.: