Հոկտեմբերի 9-ից 16-ը Ռումինիայի Սիբիու քաղաքի «Աստրա» բացօթյա թանգարանում կայանալու է «Աստրա» կինոփառատոնի 29-րդ թողարկումը, որտեղ ներկայացվելու է ռումինական ամենավերջին վավերագրական ֆիլմերի ընտրանին: Դրանց երեք քառորդը ցուցադրվելու է առաջին անգամ: Ներկայացված փաստագրությունների շարքում է նաեւ ռումինահայ երիտասարդ դերասանուհի եւ բեմադրիչ Արմինե Ոսկանյանի «Հուշեր Գեորգենի եւ Ֆրումոասա համայնքից» ֆիլմը (2022), որտեղ ներկայացված է 100 տարեկան Պետերը (Պետրոս), միակը Ֆրումոասայում ապրող հայերից, որը խոսում է մայրենի լեզվով եւ հիշում է վաղ ժամանակների հայկական սովորույթները:
Արմինե Ոսկանյանը ծնվել է Բուխարեստում, ռումինահայ նշանավոր գրող, պետական գործիչ Վարուժան Ոսկանյանի եւ ռումինուհի երգահան Միհաելա Ստընչուլեսկուի ընտանիքում: 2014 թվականին ավարտել է Բուխարեստի թատերարվեստի եւ կինեմատոգրաֆիայի ազգային համալսարանի դերասանության եւ կինոռեժիսուրայի բաժինները: Կինոյի մագիստրոսի կոչում է ստացել Լոնդոնի կինոդպրոցում: Իր սցենարով նկարահանել է վավերագրական ու կարճամետրաժ գեղարվեստական ֆիլմեր եւ երաժշտական տեսահոլովակներ: Արմինեն սերտորեն համագործակցում է ծնողների հետ՝ կինոյում անդրադառնալով հոր արձակին եւ համերգներով հանդես գալով մոր հետ: Ընտանիքը միասին աշխատել է օպերաների վրա, որոնք ներկայացվել են Բուխարեստի Ազգային օպերայում: Միհայելա եւ Արմինե Ոսկանյաններն արքեպիտալ տրանսռեալիզմի երաժշտական շարժման հիմնադիրներն են: 2014 թվականին Արմինեն դասընկերների հետ դարձել է «Ռամպա» թատերական ընկերության համահիմնադիր, որտեղ աշխատում է որպես դերասանուհի, թատերագիր եւ արտադրիչ: Ի թիվս այլ բեմադրությունների, «Ռամպան» բեմադրել է նաեւ Վարուժան Ոսկանյանի «Շշուկների մատյանը»: Արմինե Ոսկանյանը բազմիցս մասնակցել է Վենետիկի «Պո-Արաքս» ընկերակցության ամառային հայագիտական դասընթացներին, մի քանի անգամ եղել է Հայաստանում:
Ա. Բ.