Համայնքապետերը վշտացած են

24

Հայաստանում, խոշորացող համայնքներին զուգահեռ, մեծանում է գործող համայնքապետերի վիշտը հայաստանյան մեծ կամ փոքր քաղաքների ու գյուղերի ղեկավարները որեւէ կերպ չեն համակերպվում, որ շուտով կորցնելու են ունեցած լիազորություններն ու հնարավոր է հրաժեշտ տան բաղձալի աթոռին: Նախորդ տարի՝ 2021-ին, Հայաստանում տեղական ինքնակառավարման մարմինների եռափուլ ընտրություններ են տեղի ունեցել, համայնքների մեծ մասը խոշորացել է, ավելին՝ արդեն մի անգամ խոշորացած համայնքներն մի անգամ էլ են խոշորացել՝ միանալով ավելի մեծ համայնքի: Այսպես ասած՝ մի քանի փնջեր, որ մոտ 5-10 համայնք են ներառում, միացել են մի քանի այլ՝ նմանատիպ համայնքների: Գործընթացը նաեւ այս տարի կշարունակվի, եւ, ըստ երեւույթին, սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին նախատեսվող ՏԻՄ ընտրությունների ժամանակ փնջային համայնքները, երիցս խոշորանալով, խորհրդային ժամանակաշրջանի վարչատարածքային միավոր՝ շրջկենտրոններ կձեւավորեն: Թե ինչքանով արդյունավետ կգործի վարչատարածքային այս նոր բաժանումը, ժամանակը ցույց կտա. Խորհրդային Միությունում համենայն դեպս, կարծես արդյունավետ ու ճկուն է գործել:

Փոքր գյուղերի ու քաղաքների ղեկավարները, որ նախորդ տարիներին մի կերպ էին հաշտվել փնջային համայնքների գոյության հետ, այժմ էլ, փաստորեն, ստիպված են լինելու մի նոր մարտահրավերի դիմակայել: Խոսքն այժմ ոչ թե, մոտ 10-ն, այլ համայնքապետի հետ կռիվ տալով, առավելություն ստանալու ու ընտրվելու, այլեւ մի ամբողջ շրջանի մեջ առաջատար դիրքեր գրավելու մասին է: Իսկ դա, ինչ խոսք, երկու կամ երեք հազար բնակիչ ղեկավարած համայնքապետին այդքան էլ հեշտ չի տրվելու: Ինչքան էլ տարիներ ի վեր ձեւավորած կապերն ու միջոցներն օգագործի, զօրուգիշեր քարոզարշավ իրականացնի ու տնետուն համոզի իր ծրագրի արդարացիության կամ լավագույնը լինելու մեջ, միեւնույն է՝ մարզերում ընտրության նախ մասնակցում են ԽԾԲ-ի կանոններին հավատարիմ, ապա՝ որպես կանոն, հաղթում է առավել մեծ համայնքի ներկայացուցիչը. թասիբի հարց է, բոլորը միավորվում եւ, օրինակ, իրենց գյուղացուն են ձայն տալիս: Բացառություններ, իհարկե, լինում են, բայց փորձը ցույց է տվել, որ գործող կարգը դա է:

Ինչո՞ւ են վշտացել համայնքապետերը: Մեկ պարզ, ես կասի՝ պարզունակ պատճառով տարիներ ի վեր միջոցների ու իշխանության են տիրապետել, թրերն ինչ կտրել է՝ արել են իրենց փոքր «տիրապետությունում» գյուղապատկան բոլոր տեսակի հողերն իրենց ու իրենց հարազատների անունով են գրել, սեփականաշնորհել են դեռ խորհրդային ժամանակաշրջանից գյուղապետարանի բալանսում մնացած գույքը՝ հաճախ մի քանի հազար քառակուսի մետրի հասնող, գյուղի քարքարոտ ու փոշոտ ճանապարհի ամենեւին ոչ սազական գերժամանակակից ավտոմեքենա են գնել ու պետգույքի գլխին քար գցել:

Իհարկե, բոլոր մարզերում էլ կան իսկապես համայնքի հոգսերով տարված համայնքապետեր, բայց նրանց մեծ մասի դարդուցավն այս օրերին այն է, թե ինչպես, ինչ միջոցներով, ում՝ որպես տանիք ծառայեցնելով, կարողանան եղանակ փոխել, վատագույն դեպքում՝ նոր ձեւավորվող համայնքում ինչ-որ պաշտոն ունենալ: Մարդիկ կան, որ 2 տասնյակից ավելի համայնք են ղեկավարում, գյուղապետի աթոռը սոսկ իրենց են վերագրում ու խիստ ծանր տանում, որ մեկ ուրիշը, գուցե՝ առավել խելացին ու կարողը, մրցակցելու հայտ է ներկայացնում:

Այժմ, փաստորեն, մանրաձկների կռվի ժամանակ է:

ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ