Տնտեսական քաղաքականություն արտահայտությունը Հայաստանի հանրապետության գրեթե բոլոր տարիների կառավարչական միջավայրի սովորականից հաճախ արտաբերվող բառակապակցություններից է: Ընդամենը բառակապակցություն, քանզի այն վիճակը, որում գտնվում է 3 մլն բնակչությամբ երկրի տնտեսությունը, խիստ վիճարկելի է այն տնտեսական գործունեության առումով դիտարկել, առավել եւս` այն տնտեսական քաղաքականություն անվանել, որից ակնկալելի է գործողությունների մի շղթա, որից էլ հարկ է աշխատատեղեր ու արտադրությունների ու ծառայությունների աճ արձանագրել: Հատկապես վերջին տարիների տնտեսության պատասխանատու իշխանական հատվածը այն տեսնում է գործունեության ստվերից հանված աշխատատեղերի տեսքով, հարյուր հազարավոր աշխատատեղերի ավելացումով, որոնք, ավաղ, երկրի համախառն ներքին արդյունքում տեսանելի որեւէ ցուցանիշ չեն արձանագրում: Եղավ մի շրջան, երբ ՀՀ բուհական միջավայրում տնտեսագիտության դոկտորների ու անգամ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոսների կոչումների արժանացած որոշ այրերի կողմից առաջարկություններ հնչեցին շվեյցարական Դավոսի օրինակով հայկական յուրօրինակ Դավոս անցկացնելու շուրջ: Թե ովքեր եւ ինչ էին խոսելու այդ հավաքում, որեւէ ձեւով չբացահայտվեց, ինչպես եւ` կայացող ու զարգացած պետություններում մեր հայրենակից հեղինակությունների չկայացող այցերը Հայաստանի հանրապետություն:
Ինչի՞ց խոսել, երբ մեզանում անգամ արդուկ ու գազօջախ միացնելիս անհանգստություն կա, որ դրանց միջոցով ինչ-որ որակավորված մասնագետ հռչակվող այր խոսելու է… արտահանմանն ուղղված գործունեությունից, դրա անառարկելի անհրաժեշտությունից, առանց հիշատակելու, ասենք Երկիր մոլորակի թիվ 1 տնտեսությունն ունեցող երկրի օրինակը: Խոսքը ԱՄՆ-ի մասին է, որի վերաբերյալ համաշխարհային տնտեսագիտական ու տնտեսվարական միջավայրում հետեւյալ մոտեցումը կա. մի լսեք ինչ են ասում ամերիկացիները, արեք այն, ինչ ամերիկացիներն են անում: Այս հարցում մեզ կօգնի ԱՄՆ-ում 1868 թվականից տպագրվող 1009 էջերից բաղկացած «Համաշխարհային փաստեր 2021» տեղեկատուն, որի հիշատակումը կասկածի տակ առնելու որեւէ հիմք չենք տեսնում, որքան էլ հեղինակիս մոտեցումը սիրողական գնահատվի:
Տեղեկատուի առաջին հիշատակումը հեռավոր 1790 թվականին է վերաբերում, երբ ԱՄՆ-ի արտահանումը 20 մլն դոլար է կազմել, ներմուծումը՝ 23 մլն դոլար: Այսպես շարունակվել է մինչեւ 1875 թվականը, երբ երկրի առեւտրային հաշվեկշիռը բացասական է եղել 40-70 մլն դոլարների սահմաններում: Հետագա հարյուրամյակում, մինչ 1975 թվականը, առեւտրային հաշվեկշռի պատկերը աստիճանաբար փոխվել է, դրական 168 մլն դոլարից հասնելով 12 մլրդ դոլարի: 1980-ին ԱՄՆ նախագահ ընտրվեց աշխատանքային գործունեությունը դերասանությամբ սկսած Ռոնալդ Ռեյգանը, որ հասցրել էր նահանգապետի պաշտոն զբաղեցնել աշխարհի 5-6-րդ տնտեսությունն ունեցող Կալիֆորնիա նահանգում: Նրա նախագահական վերընտրված պաշտոնավարման ութ տարիները հռչակվել են որպես ռեյգանէկոնոմիկայի ժամանակաշրջան, քանզի գերհզոր այս երկրում արձանագրվել է… բացասական առեւտրային հաշվեկշիռ, 19 մլրդ դոլարից պաշտոնավարման 2-րդ շրջան 1985 թվականին կազմելով 122 մլրդ դոլար: Թվերը փաստում են, որ ԱՄՆ-ի տնտեսությունը այսօրինակ գործընթացից նվազագույնս իսկ չի տուժել, այլ երկրի համախառն ներքին արդյունքը էապես թե կտրուկ աճել է, 1980-ի 2,8 տրիլիոն դոլարից 1990-ին կազմելով 6 տրիլիոն դոլար: Մինչ հիշատակվող վիճակագրության վերջին տարին, 2019 թվականը, ընտրված ու վերընտրված 5 նախագահների պաշտոնավարման տարիներին գերհզոր այս երկրի տնտեսության առեւտրային հաշվեկշռի բացասական ցուցանիշը չի փոփոխվել, 2000-ականների որոշ տարիներ հասնելով 760 մլրդ դոլարի, այնուհետեւ կայունանալով 600 մլրդ դոլարի սահմաններում: Այս պայմաններում երկրի համախառն ներքին արդյունքն աճել է գրեթե աննախադեպ, 2000-ին կազմել է 10 տրիլիոն դոլար, 2019-ին հասել 21,5 տրիլիոն դոլարի: Եթե դարասկզբին ԱՄՆ-ի բյուջեն մոտ 2 տրիլիոն դոլար էր, ապա 2019-ին այն հասել է 4 տրիլիոն դոլարի: Ի դեպ, վերջին այս տարում աննախադեպ մեծացել է երկրի բացասական առեւտրային հաշվեկշիռը` արտահանումը 1.6 տրիլիոն դոլար, ներմուծումն ամբողջ 2.4 տրիլիոն դոլար, իրոք աննախադեպ բացասական 800 մլրդ դոլար: Հիմնական ներմուծող երկրներն են Չինաստանը` 21.6 տոկոս, Մեքսիկան` 13.4 տոկոս, Կանադան` 12.8 տոկոս, Ճապոնիան`5.8 տոկոս, Գերմանիան` 5 տոկոս: Հետաքրքրական է նկատել, որ բացասական հաշվեկշիռներ ունեն նաեւ ԱՄՆ-ի թե՛ հյուսիսային, թե՛ հարավային հարեւանները, Կանադայում այն 19 մլրդ դոլար է, Մեքսիկայի պարագայում 12 մլրդ դոլար: Թե ինչ է ներմուծվում գերհզոր տնտեսություն ունեցող ԱՄՆ հարցի պատասխանը թողնում ենք գիտական կոչումներով որակավորված մեր մասնագետներին:
Հայաստանյան հանրությունը նրանց փաստարկված վերլուծություններին է սպասում, քանզի ԱՄՆ-ի կողքին բացասական առեւտրային հաշվեկշիռ ունեն Մեծ Բրիտանիան` 70 մլրդ դոլարի սահմաններում, Ֆրանսիան` 52 մլրդ դոլար, Իսրայելը` 10 մլրդ դոլար, շատ այլ գերզարգացած երկրներ: Այնպես որ միանշանակ չէ հայաստանյան տնտեսվարական ու տնտեսագիտական մտքի այն մոտեցումը, թե արտահանումը գերակա խնդիր համարելով է լուծվելու Հայաստանի հանրապետության առաջիկա կայացումը, մեր բոլորի առօրյայի բարեփոխումը:
Ակտիվ լրագրությամբ զբաղվող ՀՀ քաղաքացուս շրջապատից շատերն են մտահոգված հարցնում, թե երբ մենք, ասենք, գինի արտահանելու գործընթացին զուգահեռ կմոտենանք գինի վայելողի մեր արմատներին: Ոլորտի համաշխարհային գործընթացներին անգամ ամենատարբեր հեռուստաընկերությունների նկարահանումների միջոցով ծանոթանալու արդյունքում համոզվում ենք, որ գինու արտադրությունը հիմնականում այդ աշխատանքը սիրելու արդյունք է: Ապուպապերից ժառանգություն մնացած խաղողի այգին մշակում են ընտանիքի անդամները, միայն գարնանային ու աշնանային աշխատանքներում են դրսից աշխատուժ ներգրավում: Խաղողի հյութի ստացումը, այն գինու վերածումը ընտանիքի ավագների անելիքն է, այլ հոգսերը` առավել երիտասարդների, որոնց արդյունքում էլ ստեղծվում է համ ու հոտով, նաեւ մատչելի ու հագեցնող ըմպելիքը: Այն հիմնականում կազմակերպվում է տնայնագործականին մոտ սկզբունքով, քանզի արդյունաբերականը լրացուցիչ ծախսեր է պահանջում, ինքնարժեքն է բարձրացնում: Մեզանից շատերն են վստահ, որ գինու գավաթի ուղեկցությամբ զրույցներում են նաեւ ծնվում շատ ու շատ գաղափարներ, որոնք ոմանք նաեւ անհավանական են համարում: Հենց թեկուզ առայժմ ՀՀ ընդերքում չհայտաբերված նավթն ու գազը աղբի վերամշակմամբ փոխարինելու արդյունքում: Ծանոթ աշխատանք է, եվրասիական համագործակցության մեր գործընկերներ Ռուսաստանի դաշնությունում ու Ղազախստանում արդեն կիրառվող, արդյունքներ երաշխավորող: Գինու պակասից է, նկատում են ծանոթ-բարեկամներս, այլապես չենք հաշտվի մեր աղբավայրերը հողով ծածկելու երեւույթի հետ: Ինչպես աշխարհի չորս կողմերում մեր հարազատ աղբն էլ հատիկ-հատիկ կտեսակավորենք, այն տասնյակ արտադրություններում անհրաժեշտ հումքի կվերածենք, մեզ պահանջված արտադրանքը կստեղծենք, հետն էլ գուցե արտահանենք: Եթե այլազգիների մոտ պահանջարկի խնդիր առաջանա, մեր 10 մլն սփյուռքահայ դարձած հայրենակիցները պատրատ են այդ բացը լրացնել: Հետո կծագեն այլ խնդիրներ, կգան այլ ժամանակներ: Իսկ մինչ այդ նկատենք, որ արդեն իսկ ՌԴ գյուղարտադրանքը, ասենք, լոլիկի մածուկի, մարինացված վարունգի տեսքով, ժամ առ ժամ հայտնվում է Հայաստանի առեւտրային ցանցում: Ղրիմի վերամիացումից հետո ՌԴ-ում գինեգործությունն էլ է բուռբ վերելք ապրում, հիշենք այս մասին:
Մինչեւ այդ հայաստանյան տնտեսագիտական ու տնտեսվարական միտքը, որքանով որ այն կա, հարկ է որ կողմնորոշվի դեպի իրատեսություն, հալվա-հալվայական ոգեւորությունից տեղափոխվի ռեալ պոլիտիկ, առկա իրականություն: Այլոց բանջարա-բոստանա-այգեգործական կցորդ դառնալուց առավել պատվաբեր ու շահեկան է հարազատ մարդկանց առօրյա առաջնահերթությունները հոգալը, աղքատիկ բյուջեն նպատակային ծախսելը, բոլոր առումներով երկրի անվտանգային խնդիրները լուծելը:
Սա է օրվա պահանջից առավել ժամանակի հրամայականը:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ
30.08.2022թ.