2020 թվականի ղարաբաղյան 2-րդ պատերազմի ավերիչ ազդեցությունը դեռ երկար կտեւի: Կյանքը շարունակվում է, բայց ծանր հիշողությունները ստվերի պես հետապնդում են մարդկանց, հետեւանքները օր օրի ավելի են խորանում:
Քառասունչորսօրյա պատերազմի օրերին աշխարհի ուշադրությունը դարձյալ մեր տարածաշրջանի վրա էր` թե՛ քաղաքական, հանրային շրջանակների, թե՛ մամուլի: Պատերազմի ավարտից շատ չանցած` Ղարաբաղ են այցելում ֆրանսիական LA CROIX (Լա Քրուա` «Խաչ») շաբաթաթերթի երկու թղթակիցներ` Պիեռ Սոթրոյը եւ Թոմաս Գիշարը:
Նրանք մոտից են տեսնում պատերազմի ավերակող դեմքը. քանդված հայկական բնակավայրեր, անտերացած տներ, լքված հող, մարդիկ չկան, արտաքսված են: Գյուղերից մեկով անցնելիս` կանգ են առնում լքված մի տան բակում. Շուրջն ամայություն էր, կենդանության որեւէ նշույլ չկար, հանկարծ գետնին նկատում են մատիտանկար էսքիզներ` դիմանկարների: Տան բնակիչները խուճապահար փախել, նկարները թափվել, մնացել էին գետնին: Գյուղը գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարեւանությամբ: Ֆրանսիացի թղթակիցները վերցնում են նկարները, նկատում են հեղինակային ստորագրություն դրանց անկյուններում: 2021 թվականի ապրիլի սկզբներին նույն թղթակիցները դարձյալ Հայաստան են այցելում, շրջում սահմանային բնակավայրերով, լինում են Տավուշում, հանդիպում մարդկանց, զրուցում, եւ որտեղից որտեղ նրանցից մեկին նմանեցնում են Չարեքթար գյուղի լքված տան բակում գտած տղայի դիմանկարին, ցույց են տալիս այն եւ հարցնում, թե արդյոք նա չէ՞ պատկերված: Տղան ասում է, որ ինքն է: Նկարները իրենց հետ դարձյալ տանում են Ֆրանսիա:
2023-ի մայիսյան դեպքերը` Լաչինի միջանցքի շրջափակումը ադրբեջանցիների կողմից, որը հումանիտար աղետի էր վերածվում, միջազգային հանրության եւ մամուլի ուշադրության կենտրոնում էր հայտնվել:
Այդ օրերին Պիեռ Սոթրոյը եւ Թոմաս Գիշարը վերստին անդրադառնում են ղարաբաղյան թեմային, իրենց նախորդ այցելությունների հետքերին, Չարեքթարի նկարներին եւ փորձում գտնել նկարչին: Բարեբախտաբար նկարներն անվնաս էին, ստորագրությունը հեղինակի՝ նույնպես. Կարապետ Հաճի Ասլանյան: Որոնումները հասնում են նպատակին, նկարիչը հաստատում է, որ այդ նկարների հեղինակն ինքն է, ասում, որ ներկա պահին Ֆրանսիայում է, սովորում է Մարսելի Արվեստի եւ դիզայնի բարձրագույն դպրոցում:
2017 18-ին Կարապետ Հաճի Ասլանյանը զինվորական ծառայության է եղել Ղարաբաղում` հիմնականում անցնելով այն Չարեքթար գյուղում: Տեղի բնակիչների շփումների մեջ Կարապետը մտերմանում է Ամիրյանների ընտանիքին, որոնց բարությանն ու հոգատարությանն իր հանդեպ հատուցում է նկարչական տաղանդով` նկարելով ընտանիքի անդամներին: Զինվորական ծառայությունը ավարտում, վերադառնում է Երեւան, ընդունվում Գեղարվեստի պետական ակադեմիա (մինչ այդ սովորել էր Թերլեմեզյանի անվան նկարչական պետական քոլեջում):
Գեղարվեստի պետական ակադեմիայի միջազգային կապերի բաժնի վարիչ Մերի Պատվականյանը պատմում է, որ Կարապետը 2-րդ կուրսի ավարտին դիմել է իրեն աջակցության խնդրանքով` փոխանակման ծրագրի շրջանակներում ուսումը շարունակելու Մարսելի Արվեստի եւ դիզայնի բարձրագույն դպրոցում: Փոխանակումը հաջողությամբ իրականացվում է: Նա այժմ սովորում է 3-րդ կուրսում եւ այս ընթացքում բավական հաջողություններ է ունեցել: Ֆրանսիացի թղթակիցները, ինտերնետային կապով տեղեկանալով այս մասին՝ մեկնում են Մարսել, հանդիպում Կարապետին: Զրույցի տպավորություններով գրվում է հոդված, որը տպագրվում է LA CROIX շաբաթաթերթում:
Այսպես, պատահականորեն, թե՞ նախախնամությամբ միմյանց են կապվում Չարեքթարը, Երեւանը, Գեղարվեստի պետական ակադեմիան ու Մարսելը, Փարիզն ու տեղի LA CROIX շաբաթաթերթը:
Բավականին ծավալուն հոդվածը լույս է տեսնում «Աքսորի մեջ գտնվող հայկական ընտանիքի հետքերով». «Ղարաբաղի կորսված նկարները» վերտառությամբ եւ, իհարկե , Չարեքթարի լքված տան բակում գտնված Կարապետ Հաճի Ասլանյանի մատիտանկար, ածխանկար դիմանկարներով, նաեւ Մարսելյան դպրոցում սովորելու ընթացքի նրա մի քանի նկարներով:
Հոդվածի վերնագիրն ինքնին խոսուն է. լրագրողները պատմում են ղարաբաղյան հետպատերազմյան ուղեւորության իրենց տպավորություններից, նկարագրում բնակավայրերը, պատմում այնտեղ հանդիպած մարդկանց ճակատագրերի, ապրելակերպի մասին: Հոդվածի մյուս հատվածի հերոսը Կարապետ Հաճի Ասլանյանն է` մեղմ ժպիտով, սեւահեր հայ երիտասարդը: Նա պատմում է Չարեքթար գյուղի, այնտեղ անցկացրած զինվորական ծառայության, Ամիրյանների ընտանիքի, իր կողմից արված դիմանկարների, Ֆրանսիայում ունեցած ուսումնական փորձի, թանգարանային մշակույթի, արվեստի հանդեպ ունեցած հետաքրքրությունների մասին:
– Իսկ դուք տեղյա՞կ եք այդ ընտանիքի ճակատագրից,- հարցնում են ֆրանսիացի թղթակիցները:
– Ոչ,- պատասխանում է երիտասարդը:
– Մենք տեղյակ ենք, կպատմենք,- շարունակում են զրույցը Պիեր Սոթրոյը եւ Թոմաս Գիշարը…
ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ
Նկարները ֆրանսիական La Croix շաբաթաթերթից