Կենտրոնական բանկը կանխատեսում է

84

Ռուս-ուկրաինական պատերազմի եւ Ռուսաստանի Դաշնության նկատմամբ կիրառվող պատժամիջոցների ներքո մեծ տատանողականություն է առաջացել տարածաշրջանի ֆինանսական շուկաներում:

Ռուբլու փոխարժեքի կտրուկ անկումը խուճապ է առաջացրել հասարակության շրջանում: Պետք է նշել, որ փետրվարի 28-ին ռուսական ազգային արժույթի պաշտոնական փոխարժեքը հայկական դրամի նկատմամբ հայաստանյան բանկերում փետրվարի 26-ի համեմատ նվազել էր 0,03 դրամով: Որոշ բանկերում այն կազմում էր 2 դրամ, իսկ «Զվարթնոց» օդանավակայանի փոխանակման կետում ռուսական մեկ ռուբլին գնվում էր 1,5 դրամով:

Հայաստանի տնտեսության ու ֆինանասական համակարգի վրա հնարավոր ազդեցության մասին տեղեկացնում է Կենտրոնական բանկը: Ըստ բանկի պաշտոնական կայքէջում տեղադրված հրապարակման, Ռուսաստանի Դաշնություն արտահանման վրա ռուբլու փոխարժեքի տատանումները կարճաժամկետ հատվածում որոշակի բացասական ազդեցություն է ունենալու՝ ՀՀ արտադրված ապրանքների եւ ծառայությունների նկատմամբ արտաքին պահանջարկը կարճաժամկետ հատվածում որոշակիորեն կկրճատվի, իսկ երկարաժամկետ ազդեցություն ունենալը կախված է մի շարք գործոններից, ինչպիսիք են՝ գործարքի կնքման արժույթը, վճարման ժամկետները, արտահանող ընկերությունների ճկունությունը, ՌԴ-ում գնաճի տեմպերը եւ այլն: Բնական արձագանքներից մեկը կլինի տնտեսվարողների կողմից արտահանման գործարքների դիվերսիֆիկացիան, երբ տնտեսվարողները կցանկանան նվազեցնել իրենց ռիսկերը:

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Հովհաննես Խաչատրյանը Հ1-ի զրուցավար Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցի ժամանակ ներկայացնում է SWIFT համակարգի ազդեցությունը Հայաստանի վրա՝ ասելով. «SWIFT համակարգը հանդիսանում է ֆինանսական գործառնությունների վերաբերյալ տեղեկատվության փոխանակման միջազգային ստանդարտ: Համակարգի անջատումը տարածվում է ՌԴ ոչ բոլոր բանկերի վրա՝ հիմնականում խոշորների: ՀՀ առեւտրային բանկերը իրենց գործարքները կարող են ազատորեն իրականացնել ՌԴ մյուս առեւտրային բանկերի հետ, նաեւ ֆինանսական գործարքների վերաբերյալ տեղեկատություն փոխանակել այլընտրանքային տեսքով, ինչը նույնպես կարող է ապահովել ֆինանսական գործառնությունների անխափան իրականացումը»: ԿԲ նախագահի տեղակալը իր խոսքում նշում է, որ ներկայում ՀՀ-ում միակ բանկը, որի վրա սանկցիաներն ազդեցություն ունեն, ՎՏԲ Հայաստան բանկն է:

«Կարծում ենք, որ դրամական փոխանցումների որոշակի կրճատումը բացասական կազդի ՀՀ ներքին պահանջարկի վրա, սակայն այդ ազդեցությունը գնահատում ենք ոչ շատ մեծ»,- փոխանցում են Կենտրոնական բանկից: Ռուբլու արժեզրկումը Հայաստան եկող դրամական փոխանցումների վրա էական ազդեցություն չի ունենա: Պատմականորեն ՀՀ տնտեսությունը մի քանի անգամ բախվել է նման ցնցումների հետ, սակայն, ի տարբերություն նախորդ ժամանակների, ներկայում Հայաստանի տնտեսությունը շատ ավելի քիչ է կախված դրամական փոխանցումների ծավալներից, իսկ ՌԴ կշիռը այդ դրամական փոխանցումներում զգալիորեն ավելի փոքր է:

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների ազդեցությունը ՀՀ տնտեսության վրա ԿԲ-ն բաժանել է երկու մասի՝ տնտեսական գործարքների ազդեցություն եւ ֆինանսական գործարքների ազդեցություն: Միեւնույն ժամանակ, այս ազդեցությունները կարող են լինել ոչ միայն բացասական, այլ նաեւ որոշակի դրական հնարավորություններ կարող են բացել տարածաշրջանից մարդկային ռեսուրսների եւ կապիտալի ներհոսքի առումով:

Իսկ ինչ վերաբերում է գնաճին, Կենտրոնական դրամատնից դեռ հավաստի տվյալներ փոխանցել չեն կարող, սակայն գործոնները շատ են, իսկ նրանց տատանողականությունը՝ բարձր:

«Ամեն պարագայում Կենտրոնական բանկը հավատարիմ է գների կայունության ապահովման իր մանդատին եւ ապահովելու է այն՝ իրավիճակի ցանկացած զարգացման պարագայում»,- նշվում է ԿԲ-ի հաղորդագրության մեջ:

Գլխավոր դրամատնից փոխանցում են, որ ՀՀ տարածքում գործող բոլոր առեւտրային բանկերը իրացվելի են, բարձր կապիտալացված եւ իրենց գործունեությունը իրականացնում են բնականոն եղանակով եւ տարբեր սցենարների դեպքում բանկը մշտապես պատրաստ է անհրաժեշտ իրացվելիություն տրամադրել ֆինանսական համակարգին իր պարտավորությունները պատշաճ կատարելու համար:       

ՀԱՍՄԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ