Ուրբաթ, Հոկտեմբերի 3, 2025
Ազգ
Wildberries
Wildberries-ը նվազեցնում է միջնորդավճարը այն վաճառողների համար, ովքեր ապահովում են արագ առաքում մինչև գնորդ
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
Ազգ
Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները

«Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով»

ԱԶԳ
03/10/2025
- 3 հոկտեմբերի, 2025, ԱԶԳ շաբաթաթերթ, Մշակույթ
4
Դիտում
Կիսվել ՖեյսբուքումԿիսվել ԹվիթերումՈւղարկել Տելեգրամով

Օրերս, ինչպես տեղեկացրել է արդեն «Ազգ» շաբաթաթերթը, Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ տաղանդավոր գրող, թարգմանիչ Կարպիս Սուրենյանի ծննդյան 100-ամյակին նվիրված գրական հանդիսություն, որը կազմակերպել էին գրադարանը եւ Հայաստանի գրողների միությունը: Սակայն ես ցանկանում եմ «Ազգ»-ի ընթերցողներին ներկայացնել իմ օրագրային գրառումներից երկու պատառիկ, որ արվել է նրա ծննդյան 75-ամյակին նվիրված գրական երեկոյի առիթով. այն տեղի է ունեցել 2000 թ. սեպտեմբերի 28-ին Հայաստանի գրողների միության մեծ դահլիճում:

22 սեպտեմբերի, ուրբաթ, 2000 թ.

«Սիրենք գրականությունը. այս սերը մխիթարում է այլ սերերից եւ փոխարինում դրանց. կյանքի տվայտանքները չնչին են, երբ գագաթի վրա ես կանգնած. Ալպիանների բարձունքից ամեն ինչ փոքր է երեւում»:

Գյուստավ Ֆլոբերը՝ Համիլտոն Այդեին (անգլիագիր հայ հեղինակ)

Տաղանդավոր արձակագիր եւ նույնքան տաղանդավոր թարգմանիչ, համեստագույն մարդ, մեզ շատ սիրելի Կարպիս Սուրենյանի ծննդյան 75-ամյակին նվիրված գրական երեկոն պետք է տեղի ունենա մեր մեծ դահլիճում սեպտեմբերի 28-ին: Օրեր առաջ պայմանավորվեցինք Հրանտ Մաթեւոսյանի[1] հետ, որպեսզի ելույթ ունենա. սիրով համաձայնեց եւ պատվիրեց  կազմակերպել այնպես, որ այն արժանի լինի «սիրով լեցուն գրական աշխարհ ստեղծած» Կարպիս Սուրենյանին:

Վերջերս նա հաճախ է այցելում մեզ: Քննարկում ենք ծրագիրը, ելույթ ունեցողների ցանկը ճշտում. ամեն ինչ պետք է լինի իր ցանկությամբ եւ բարձրաճաշակ:

Իր անվանը ծանոթ եմ դեռեւս դպրոցական տարիներից՝ 1971 թվականից: «Բնիկ որտեղացի եք» գիրքը մեր տանը կարդում էինք բոլորս. մորեղբորս նվերն էր եւ շատ սիրելի էին գրողի օգնությամբ «հանդիպումները» ոչ միայն հայ ծանոթ ու անծանոթ, այլեւ օտար անունների հետ՝ Վիլյամ Սարոյան, Գուրգեն Մահարի, Հակոբ Հակոբյան, Հարություն Կալենց, Գոհար Գասպարյան, Ալան Հովհաննես, Մարտիրոս Սարյան, Լուսին Ամարա, Դմիտրի Շոստակովիչ, Սամուել Մարշակ եւ ուրիշներ: 7-րդ դասարանի աշակերտուհուս համար այդ գիրքը զարմանահրաշ աշխարհ էր, որ սնում ու ճաշակ էր ձեւավորում:

Երեկոն առիթ էր՝ նորից ձեռքս առնելու գիրքը. ասես այցելել էի «պատկերասրահ», որ «Գեղեցկություն» անունն ուներ. իր հրաշալի, անմիջական ու սրտահույզ խոսքին գեղեցկորեն միահյուսված էին երաժշտությունն ու նկարչությունը, որոնք պատումը դարձնում էին գերող ու գրավիչ: Պատահական չէր, որ նույն զգացողությունն էր նաեւ տարիներ առաջ, երբ վայելք էր նրա թարգմանությամբ Ջոն Գոլսուորդիի «Ասք Ֆորսայթների մասին» հսկայածավալ վիպաշարի ընթերցումը. ուսանողական տարիներին ի՜նչ սրտատրոփ էի սպասում հատորների լույս ընծայմանը ու այնքան շնորհակալ էի թարգմանչին՝ երկրորդ-չորրորդ կուրսի ուսանողուհուս կյանքի այդ շրջանը լցնելու եւ գեղեցկացնելու համար: Հետո հաջորդեց այնքան բանաստեղծական  «Ոգու ամրոցները», երբ հեղինակի «հետ» ըմբոշխնում էի «Ճամփորդության» հաճույքը. Հայաստան աշխարհով ճամփորդություն, որը գովերգություն էր հայոց արտ ու դաշտերի, սար ու ձորերի: Գրողը մեկ քայլելով, մեկ կանգ առնելով ու զմայլվելով «ոսկեհասկ ծփուն արտերով», անտառախիտ անդնդախոր ձորերով, լեռնային գետերի գահավիժող ջրերով, երկնի կապույտում մխրճված ծառերի բարձր կատարներով, կտրում-անցնում է հայոց բնաշխարհով, մեզ էլ մասնակից դարձնում կանչող «ոսկեշող հեռուների» հրաշքները տեսնելու եւ վայելելու բերկրանքին:

Կարպիս Սուրենյանին ընթերցելը միայն մեծագույն վայելք չէ. այն ճանաչողություն է, արվեստի անսպառ իմացություն, մարդու հոգեւոր աշխարհի եւ գեղագիտական բարձր ճաշակի ձեւավորում: Հաճելի են նրա հետ մեր երկար, չընդհատվող եւ ինձ հոգեհարազատ ու հարստացնող զրուցներն իր գրականության (եւ ոչ միայն) շուրջ: Մի օր՝ նորից այդ գրքին անդրադառնալիս, հիշեցինք բազմիցս կարդացած իմ սիրելի «Անանուն Լմբատեցի» էսսեն, որ նույնպես իր սիրելին է: Այն ոչ միայն գեղարվեստական, այլեւ գեղանկարչական գլուխգործոց է՝ գունային շքեղ վրձնահարվածներով: Տպավորիչ է Սուրենյանի բանաստեղծական եւ նկարչական լեզուն, երբ պատկերում է «Մշակույթի այդ սրբավայրը[2]»՝ բլրի բարձունքին թառած մենավոր եկեղեցին. «Ոչ միայն գեղեցիկ, այլեւ վեհ է Լմբատը՝ այս լուռ ու լուսավոր ամայության մեջ՝ իր արտակարգորեն զուսպ ու պարզ ձեւերի կատարելությամբ: Ձեռակերտ մի ներդաշնակություն՝ ասես ամբողջ այս նախնական բնանկարի կիզակետը դարձած: Ու նաեւ թախծոտ ու հպարտ՝ իր մենությամբ: Հեռավոր դարերի համբերատար վկան»: Էսսեն հմայում, ցնցում է Լմբատի եզակի ու սքանչելի որմնանկարների՝ բոցերի վրա կանգնած աջ ու ձախ կողմերում զույգ քերովբեների աչքերի պատկերով, որն ըստ Սուրենյանի՝ «Եզեկիել մարգարեի նշանավոր տեսիլքն է՝ Անանուն Լմբատեցու ձեռքով մարմին առած: Աքսորյալ, տառապյալ, ահեղաձայն մարգարեն, խոսելով Աստծո անունից, մահ ու կործանում է սպառնում իշխաններին, կեղեքիչներին ու խաբեբաներին, անարդարներին, նախազգուշացնում է, որ ամեն մարդ անձնապես պատասխանատու է ապագայի համար, եւ յուրաքանչյուրը «պիտի դատվի իր գործերով». պահանջում է հարգել օրենքը եւ աշխատել, հուսալ ու խոստանում է ազատություն, վերադարձ դեպի լույսը[3]»: Իսկ Անանուն Լմբատեցին ասես շարունակում է «ահեղաձայն» մարգարեի խոսքը, նախազգուշացնում, հուսադրում է. «Աչալո՛ւրջ եղեք, մի՛ հանձնվեք խավարի վտանգներին, զի առավոտյան  ծագելու է արեգակն արդար[4]»: Լմբատն ասես կանչում է քեզ՝ գնալու եւ տեսնելու 7-րդ դարում կերտված եւ դաժան ժամանակների ասպատակություններից փրկված որմնանկարների՝ տեղ-տեղ վնասված կարմրասրճագույնի ու ոսկեգույնի, մուգ  ու բաց կանաչի եւ կարմիրի հրավառությունը, որը, ինչպես Սուրենյանն է գրում, «հրեղեն տպավորություն» թողնող «գեղանկարչական սքանչելիք է»: Անհայտ նկարիչը, որին Կարպիս Սուրենյանն իր մտքում տվել է Անանուն Լմբատեցի անունը, աստվածային ներշնչանքով արարել է մի հրաշք գունանկար, որի առջեւ սեպտեմբերյան պայծառ մի շաբաթ օր, հաղթահարելով «սարալանջին շերտ-շերտ երկարող նեղլիկ արտերը», հուզված կանգնել է նա. «Ես այժմ խորունկ երկյուղածությամբ խոնարհվում եմ հայ եւ համաշխարհային մշակույթի այդ եզակի, այդ թախծոտ ու հպարտ կոթողի առաջ, որ մենավոր կանգնել է այս լերկ ու ժայռոտ բլուրների միջեւ: Ես այնտեղ Հանճարը տեսա[5]»:

Մի օր էլ մեր զրույցը Ջոն Գոլսուորդիի «Ասք Ֆորսայթների մասին»՝ վիպաշարի (վեցհատորյակ) բանաստեղծական թարգմանության մասին էր: Այստեղ էլ գերում է Սուրենյանի գունագեղ, հյութեղ ու շքեղ լեզուն. այստեղ էլ թարգմանչի գեղարվեստական խոսքի հրավառությունն է, եւ ի՜նչ վարպետությամբ է նրա գրիչը հմայում ու տանում՝ ի ցույց  դնելով ոսկեղենիկ հայերենի ողջ գեղեցկությունն ու հմայքը: Փայլուն տիրապետելով անգլերենին՝ նույնքան փայլուն հայերենի է վերածել այդ հսկայածավալ ասքը, որ թվում է, թե…գրված է հայերեն: Ըստ Կարպիս Սուրենյանի՝ հենց դրանում է թարգմանված երկի հաջողության գաղտնիքը: Այդ միտքը հաճախ եմ լսել իրենից[6]:

Եվ նույնքան գերող է Կարպիս Սուրենյանի  գրիչը, երբ մեկ շնչով ընթերցում ես «Ջոն Գոլսուորդին եւ Ֆորսայթները» էսսեն, որ գրել է 1979 թվականի հուլիսին: Վիպաշարն ընթերցելիս շատ հետաքրքրական է իմանալ՝ ո՞վ է Գոլսուորդի գրողը: Վարպետ գրչով, երբ կարծես նույնանում են ասքի հեղինակն ու թարգմանիչը, Սուրենյանը, ներկայացնելով վիպաշարի հերոսներին, ինչպես նաեւ անդրադառնալով գրողի կյանքի պատմությանն ու ստեղծագործություններին, գրում է. «…Հատկապես հետաքրքրական է այն փաստը, թե Գոլսուորդին, պրուսական ռազմամոլության նկատմամբ իր վերաբերմունքն արտահայտելով ու պնդելով, որ մինչեւ վերջ պետք է պայքարել կայզերական Գերմանիայի պարտության համար, 1915 թվականի դեկտեմբերին ասում է մի նամակում. «Եթե որեւէ մեկը դեռ տարակուսում է, որ իսկական ցինիզմով է տոգորված գերմանական հայեցակետը, թող հաշվի առնի, թե ինչպես նրանք անտարբեր կանգնեցին ու դիտեցին մոտ մեկ միլիոն հայերի կոտորածը: Դա իմ բոլոր տարակույսներին վերջ տվեց: Բողոքի ոչ մի խոսք չասացին նրանք, մատը մատին չխփեցին»: Ուշագրավ է թվականը՝ 1915 դեկտեմբեր. համաշխարհային պատերազմի երկրորդ տարին է, այդ նույն տարվա գարնանն է սկսվել մեծ ոճիրը Գերմանիայի դաշնակից Թուրքիայում, եւ անգլիացի գրողը խոսում է արդեն մեկ միլիոն հայերի կոտորածի մասին…Իսկ 1919-ին, երբ նա շրջագայում էր ԱՄՆ-ում, իր դասախոսությունների ամբողջ հոնորարը՝ 4000 դոլար, նվիրում է տարագիր հայերին ու սիրիացիներին օգնող ֆոնդին[7]»:

Չափազանց հետաքրքրական էր նաեւ «Իմ Կարամազով եղբայրները» էսսեն եւ ռուս մեծ գրող Ֆեոդոր Դոստոեւսկուն նվիրված «Դոստոեւսկու մեծ հոգսը եւ մեծ նորարարությունը» գլուխը: 1943 թ. Կիպրոսի Մելգոնյան վարժարանի սանն ընկերոջը երդվում է հայերեն թարգմանել ռուս գրողի գլուխգործոցը, որի անգլերեն ընթերցումը վճռական ազդեցություն էր ունեցել նրա վրա: Դոստոեւսկուն թարգմանելու համար տաղանդավոր գրող-թարգմանիչը շրջել է Սանկտ Պետերբուրգում՝ գտնելու եւ ի մոտո տեսնելու «Կարամազով եղբայրներ»-ի աշխարհը…

Կարպիս Սուրենյանի՝ Դոստոեւսկուն եւ Գոլսուորդիին նվիրված էսսեները իսկական դաս են նրանց համար, ովքեր ցանկանում են իրապես զբաղվել գեղարվեստական երկերի թարգմանությամբ:

Մի օր մեզ համար նա կարդաց «Գարուն» ամսագրին տանելիք իր սիրելի Գյուստավ Ֆլոբերի մի նամակի առիթով գրած իր հոդվածը եւ ավելացրեց, որ Աստծո ամեն առավոտ՝ գրասեղանի առջեւ նստելիս, գրականության մասին Ֆլոբերի՝ վերը նշված խոսքն է իրեն օգնում աշխատել ու անվերջ աշխատել:

Մի օր էլ հարցրեց, թե Հրանտ Մաթեւոսյանն արդյոք լա՞վ է զգում իրեն միությունում: Ասացի, որ շատ բարձր է գնահատում իր գրականությունը: Առիթներ եղել են լսելու:

– Գիտեմ,- ժպտաց: – Մի անգամ Հրանտն ասաց՝ Կարպիսը ոչնչից կարող է գործ ստեղծել, – եւ շարունակեց, – գիտե՞ս, իսկական գրողը հենց նա է, ով ոչնչից է բան ստեղծում, – եւ  նորից դառնալով իր սիրելի Ֆլոբերին՝ ասաց.

– Լա՛վ իմացիր, իսկական երջանկությունը, իրոք, այն է, որ զբաղված ես քո սիրելի գործով: Պետք է սիրես, նվիրվես մի բանի, որ մոռանաս կյանքի տհաճությունները… Մարդու համար դա է ամենակարեւորը:

Հիմա օրերս լցված են իրեն ընթերցելով, նորից եմ թերթում էսսեները, «Արեւորդիները», վերջերս ինձ նվիրած շատ սիրելի «Հին պատմություն»-ը, բայց մի առանձնահատուկ վայելք է «Անանուն Լմբատեցին». երազում եմ այն օրվա մասին, երբ երկյուղած կկանգնեմ Անանուն Լմբատեցու կերտած Հրաշքի առջեւ…

28 սեպտեմբերի, հինգշաբթի, 2000 թ.

Վաղուց չենք տեսել Հրանտ Մաթեւոսյանին. վատառողջ է, միություն չի գալիս:   Այսօր Կարպիս Սուրենյանին նվիրված երեկոն էր մեր մեծ դահլիճում: Տեղյակ էինք պահել, թեեւ կարծում էինք՝ չի գա: Սակայն Կարպիս Սուրենյանի համար հատուկ եկավ: Ուրախացանք:

Լեփ-լեցուն դահլիճում տեղ չկար: Հանդիսությունը սկսված էր, բայց մարդիկ շարունակում էին գալ, եւ դահլիճ  ներսուդուրս անելու՝ նրանց տեղավորելու պատճառով չկարողացա ամբողջական գրառել ելույթները, միայն պատառիկներ, որ նույնպես շատ հետաքրքրական են եւ լավագույնս բնորոշում են մեծ գրողին:

Բեմում հոբելյարն էր եւ երեկոն վարող գրականագետ Երվանդ Տեր-Խաչատրյանը, որ փայլուն գիտի եւ արժանիորեն չափազանց բարձր է գնահատում Սուրենյան գրողին ու թարգմանչին, նրա գրական եւ թարգմանական մեծ վաստակը հայ գրականության մեջ[8] , եւ առաջինը նա խոսք ասաց.

– Կարպիս Սուրենյանի գրականությունը տուրք չէր այն ռեժիմին, որի մեջ ապրեց. նա այլ չափումների մեջ էր: Նրա լռությունը լեցուն լռություն էր. էսսեների տարիներն էին ու «Բնիկ որտեղացի եք»-ի տարիները: Նա հայ ճարտարապետությունը դիտարկում է իբրեւ մեր ժողովրդի մեծագույն նվաճում: Նրա գրականության մեջ կա մեծ բարոյականություն, – ասաց Երվանդ Տեր- Խաչատրյանը:

– Փայլուն տիրապետելով անգլերենին, ֆրանսերենին, ռուսերենին, գրաբարին՝ նույնքան փայլուն թարգմանություններ է կատարում,-ասաց «Ազգ»-ի խմբագիր Հակոբ Ավետիքյանը:
Բեմ բարձրացավ Հրանտ Մաթեւոսյանը:

– Իմ շնորհակալությունը Կարպիսին՝ մեր բոլոր հանդիպումների համար՝ թե՛ էսսեների, թե՛ թարգմանությունների: Կարպիսն ինձ օժտել է աշխարհին սիրով նայելու հայացքով: Առաջինը Սարոյանի մասին իր սքանչելի էսսեն. Սարոյանը հառնեց իր սքանչելի[9] կերպարով, Ալան Հովհաննեսով: Շնորհակալություն իր թարգմանությունների եւ մարդկային պատմվածքների համար: Երբ նա միջնորդ է եղել իմ եւ իր՝ երկու իրականությունների միջեւ, ավելի եմ սիրել իրեն: Շնորհակալության խոսք Մելգոնյան հաստատությանը, որ այս հայաստանյան մշակույթ բերեց Կարպիսին, Հակոբ Հակոբյանին: Շնորհակալ եմ Կարպիսին, որ նաեւ ի՛ր միջոցով սիրեցի Հայաստանը… Շնորհակալ եմ…- եւ մոտենալով Կարպիս Սուրենյանին՝ նվիրեց 1997 թվականին Վենետիկում տպագրված Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհին» եւ իջավ, նստեց դահլիճում:

– Երբ լինում ենք տաճարներում, Կարպիսի ձայնը միանում է տաճարի քարերին, փայլուն ներդաշնակություն է լինում,- Շահեն Խաչատրյանն էր:

Կարպիս Սուրենյանը երկար տարիներ երգել է Արամ Հովհաննիսյանի գլխավորած Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբում:

Վերջում խոսքը հոբելյարինն էր.

– Ստեղծագործողի համար շատ կարեւոր է, որ իր խոսքը երկխոսության մեջ լինի ընթերցողի հետ եւ արձագանք ստանա: Ողջ կյանքս անցում էր: Կյանքը կարճ չէ, եթե ապրում ես կյանքը… Բայց թող երկար չլինի, ամեն ինչ իր չափի մեջ լինի: Մարդու կյանքում ճակատագրական շրջադարձը շատ կարեւոր է: Մի անգամ Սիսիանի եկեղեցում երգեցի, մի գյուղացի, որ այնտեղ էր, ասաց. «Կարծես եկեղեցու պատերն էլ զարմացան»: Ստեղծագործելու իմ ձեւը սոկրատյան ձեւն է՝ երջանկությունն այն է, որ քո սիրած գործն ես անում եւ օրերով, ամիսներով մոռանում ես ամեն ինչ: Երջանկությունը սիրած բանին տեր լինելն է, մանավանդ եթե ստեղծագործում ես: Ինձ լուսանցքում պահելով՝ ես տարիներով իմ սիրած գործն արեցի՝ հակառակ տանջանքների: Երբ նստած էի իմ գրասեղանի առաջ, ես երջանիկ էի: Իմ արածը ծառի ստվերի տակ խորհրդածելն էր: «Ավելի լավ է մի մեծ մոմ վառել, քան շարունակ անիծել խավարը»,- ասում է Կոնֆուցիոսը: Եթե սրտիդ մոմը վառես, խավարը չես անիծի: Եթե մոմիդ բոցը վառ է, խավարից վախ չկա…

Լսում եւ արագ-արագ գրառում էի ու, չգիտես ինչու, մտածում, որ Կարպիս Սուրենյանի խոսքը ասես ինձ էր ուղղված, ասես մեր հերթական զրույցներից մեկն էր…

ԿԱՐԻՆԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Թարգմանչուհի, Հայաստանի գրողների միության մշակույթի բաժնի պատասխանատու

###

[1] 1996-2001 թթ. Հրանտ Մաթեւոսյանը Հայաստանի գրողների միության նախագահն էր:

[2] Կարպիս Սուրենյան, «Ոգու ամրոցներ», «Սովետական գրող», 1982, էջ 326:

[3] Նույն տեղում, էջ 327:

[4] Կարպիս Սուրենյան , «Ոգու ամրոցներ», Եր., «Սովետական գրող», 1982,  էջ 327:

[5] Նույն տեղում, էջ 330:

[6] Տարիներ անց, երբ սկսեցի զբաղվել թարգմանությամբ, Կարպիս Սուրենյանի այդ միտքն ինձ շատ է օգնել: Դա կյանքիս կարեւոր դասերից մեկն էր:

[7] Կարպիս Սուրենյան, «Ոգու ամրոցներ», Եր., «Սովետական գրող», 1982, էջ 260:

[8]1995 թ. հոկտեմբերի 17-ին  մեծ գրողի ծննդյան 70-ամյակին նվիրված երեկոն (նորից մեր մեծ դահլիճում) նույնպես վարում էր Երվանդ Տեր-Խաչատրյանը: [9] «Սքանչելի» բառը կրկնեց երկու անգամ:

ShareTweetShare
Նախորդ գրառումը

Իմաստաբանական բառարան

Հաջորդ գրառումը

Ի հուշ. Սինյորա Կարդինալեի հավերժացած ծիծաղը

Համանման Հոդվածներ

ԿԱՐԵՎՈՐԸ

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Հարեւանի էմոցիան եւ մերոնց հոգացավությունը

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Վտանգավոր անտարբերություն

03/10/2025
3 հոկտեմբերի, 2025

Իրանը չի ցանկանում վճարել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ կնքված  խաղաղության համաձայնագրի գինը

03/10/2025
Հաջորդ գրառումը

Ի հուշ. Սինյորա Կարդինալեի հավերժացած ծիծաղը

Արխիվ

Loading...
«Հոկտեմբերի 2025»
Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
« ՍեպտեմբերիՆոյեմբերի »

Վերջին լուրեր

ԿԱՐԵՎՈՐԸ

Ադրբեջանական կողմն առաջ է քաշում որոշակի նախապայմաններ, մենք չենք կիսում այդ օրակարգը. Արարատ Միրզոյանի հարցազրույցը՝ լեհական TVP World հեռուստաալիքին

03/10/2025

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում նախարար Միրզոյանը հարցազրույց է տվել լեհական TVP World հեռուստաալիքին։ Լրագրող. Բարև ձեզ...

ԿարդալDetails

«Սենսացիոն գտածո». հայտնաբերվել է Սերգեյ Փարաջանովի կորած ֆիլմը

03/10/2025

Հրամատարի տեղակալը կարգադրել է զինվորի դեմքի վնասվածքը շպարով քողարկել. զինվորը իր ինքնաձիգով ծնոտի հատվածում կրակահերթ է արձակել ու ինքնասպան եղել

02/10/2025

Սոթքից սահմանն անցած ադրբեջանական ոչխարները վերադարձվել են Ադրբեջանին

02/10/2025

Մերժում ենք գործող կառավարիչների միակողմանի զիջումներով, հայկական շահերի հերթական ոտնահարմանն ուղղված գործելաոճը. «Պատիվ ունեմ»

02/10/2025
logo-white1
“Վահան Թեքեյան” Սոցիալ-Մշակութային Հիմնադրամ
Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի նյութերը տարածելիս հղումը կայքին պարտադիր է։

©2024 «ԱԶԳ» վերլուծական

Welcome Back!

Login to your account below

Forgotten Password?

Retrieve your password

Please enter your username or email address to reset your password.

Log In

Add New Playlist

Ոչինչ չի գտնվել
Տեսնել բոլոր արդյունքները
  • Նորություններ
    • Պաշտոնական
    • Տեղական
    • Միջազգային
    • Տնտեսական
    • Տարածաշրջանային
    • Սոցիալական
    • Մշակութային
    • Հոգևոր
    • Իրավունք
    • ՌԱԿ մամուլ
  • Վերլուծություն
    • Քաղաքականություն
    • Տնտեսական
    • Հրապարակախոսություն
  • Մշակույթ
    • Ազգային
    • Կերպարվեստ
    • ToTo
    • Երաժշտություն
      • Դասական
      • Պոպ
      • Ջազ
      • Ռոք
  • ՌԱԿ մամուլ
  • «ԱԶԳ» Շաբաթաթերթ
    • Հոդվածներ
    • «ԱԶԳ» շաբաթաթերթ, տպագիր
    • Տպագիր արխիվ 1991-2025
    • Արխիվ
  • Տեսադարան
  • Մամուլ
  • Մեր հեղինակները

© 2025 «ԱԶԳ» վերլուծական