ՀՀ ԳԱԱ Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտը դարձել է Բնության պահպանության միջազգային միության (IUCN) անդամ: Անդամակցության համար հիմք է հանդիսացել ինստիտուտի կողմից ազգային ու միջազգային նշանակության կենսաբազմազանության եւ վայրի բնության պահպանությանն ուղղված բազմապիսի ծրագրերի իրականացումը:
ՀՀ ԳԱԱ Բուսաբանության ինստիտուտն իր գործունեության ավելի քան 70 տարիների ընթացքում դարձել է առաջատար գիտական հաստատություն: Ինստիտուտում հիմնարար եւ կիրառական նշանակության արժեքավոր հետազոտություններ են իրականացվել հանրապետության ֆլորայի, բուսական ծածկույթի, էվոլյուցիոն կարգաբանության, բույսերի ֆիզիոլոգիայի, ինչպես նաեւ բուսաբանական այգիներում (Երեւանի, Վանաձորի եւ Սեւանի) բույսերի ներմուծման ու կլիմայավարժեցման ուղղություններով:
Հարկ է նշել,որ IUCN-ն ստեղծվել է 1948թ. եւ ներկայում հանդիսանում է աշխարհի ամենամեծ բնապահպանական ցանցը: Այն միավորում է ավելի քան 160 երկրի 1400 պետական եւ ոչ պետական կազմակերպություններ: Նպատակն է տրամադրել աջակցություն՝ պահպանելու բնության ամբողջականությունն ու բազմազանությունը, ապահովելու բնական պաշարների բանական եւ էկոլոգիապես կայուն օգտագործումը: IUCN-ը գլխավորում է Միջազգային Կարմիր եւ Կանաչ գրքերի կազմման ու հրատարակման աշխատանքները: Այն ունի դիտորդի կարգավիճակ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ