Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ուսանողներից, ինչպես նաեւ հայաստանյան այլ նվագախմբերում ներառված երաժիշտներից ձեւավորված «Կանդինսկի» սիմֆոնիկ նվագախումբը օրերս Արամ Խաչատրյան համերգասրահում կայացած համերգին ներկայացրեց այլազգի հինգ կոմպոզիտորների նոր ստեղծագործություններ: Նվագախմբի հիմնադիրը եւ գեղարվեստական ղեկավարը Երեւանի կոնսերվատորիայի 3-րդ կուրսի ուսանող 27-ամյա Քավե Զյուլեն է: Պարսիկ դիրիժորին ոչ միայն հաջողվել է բավական կարճ ընթացքում ձեւավորել երաժշտարվեստում բավական լուրջ հայտ ներկայացնող այս նվագախումբը, այլ նաեւ գրավիչ հարթակ է ստեղծել՝ օտարազգի կոմպոզիտորների երաժշտական երկերի պրեմիերաներն անցկացնելու համար: Նվագախմբի՝ նախորդ մի քանի համերգներին արդեն իսկ կայացել են ներկայումս ակտիվորեն ստեղծագործող մի շարք օտարազգի հեղինակների մեծ կտավների գործերի պրեմիերաներ, նաեւ հնչել են համաշխարհային երաժշտարվեստի հսկաների ստեղծագործությունները: «Կանդինսկի» նվագախմբի տարեվերջյան համերգին երեւանյան բեմին հնչեցին գերմանացի՝ տակավին երիտասարդ կոմպոզիտոր Ստեֆան Կրաուսի «Պսալմ» («Սաղմոս») սիմֆոնիկ երկը, արաբ Աբդուլա Խալաֆի (Քուվեյթ) սիմֆոնիկ պոեմը, իտալացի Անտոնիո Բոնոյի «Հրավառություն»-ը (Fierworks), Ալբերտո Մալինարիի «Un avvento oscuro» ստեղծագործությունը, Նոր Զելանդայից Ադրինե դը Կրոյի Սիմֆոնիա թիվ 1-ը:
Տարբեր ազգային մտածողությունների, զանազան երաժշտական ձեռագրերի տեր, մասնագիտական տարբեր փորձառությամբ հեղինակների երկերը Հայաստանում նկատելիորեն ակտիվ գործող երիտասարդական այս նվագախումբը կատարեց բավական սահուն անցումներով, ակնառու ջանադրությամբ եւ պատասխանատվությամբ: Համերգի ավարտին նվագախումբը կատարեց համաշխարհային երաժշտարվեստի երեւելիներից մեկի՝ Անտոնին Դվորժակի 9-րդ սիմֆոնիան:
ՀԱՍՄԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ