«Խորհրդային տարիներին ջոկատներով տարատեսակ աշխատանքներ կատարելը պատվաբեր գործ էր: Անկախ սեռից հավաքվում էինք մի խումբ ուսանողներով, կազմում ջոկատներ եւ մեկնում Սովետական Միության տարբեր երկրներ՝ կամավորության: Այն ժամանակ կամավորության մասին պատկերացումներն այլ էին. ուրիշ էր աշխատանքի ժամաքանակը, ձեւը եւ բնույթը»,- պատմում է Հայաստանի ուսանողական ջոկատների հանրապետական շտաբի վարչության նախագահ Ստեփան Ստեփանյանը: Ասում է, որ ինքն էլ ուսանողական տարիքից ընկերների հետ զբաղվել է կամավորական աշխատանքով:
Ո՞վ է կամավորը եւ ի՞նչ է կամավորությունը: Ըստ Օքսֆորդ բառարանի՝ կամավորը նա է, ով առանց վարձատրության կատարում է որեւէ աշխատաք եւ իր կամքով առաջարկում է ինչ-որ բան անել: Կամավորությունն էլ առանց վարձատրության բարի նպատակներով կատարվող աշխատանքն է: Այս եզրույթը վերաբերում է բոլոր տեսակի չվճարվող/անվճար աշխատանքերին, որոնք իրականացնում են անհատները սեփական կամքով, ֆորմալ եւ ոչ ֆորմալ հիմունքներով»:
«Կամավորություն անել» արտահայտությունը արձանագրվել է 1755 թվականին: Այն ծագել է «կամավոր» գոյականից, անհատ՝ որն ինքն իրեն առաջարկում է զինվորական ծառայության անցնելու: «Կամավոր» բառը ոչ զինվորական իմաստով օգտագործվել է 1630 թվականից: «Կամավորություն» բառն այժմ ավելի շատ օգտագործվում է հասարակական ծառայությունների մատուցման իմաստով : Զինվորական միջավայրում այն ներկայացնում է անհատին, որն անցել է զինվորական ծառայության՝ իր կամոք, այլ ոչ թե որպես զինակոչիկ:
21-րդ դարում երիտասարդներից շատերն արդեն հստակ գիտեն կամավորության եւ կամավորական աշխատանքի մասին, սակայն դեռեւս կան մարդիկ, որ կարծում են՝ կամավորությունն անհրաժեշտ է հավաստագիր ստանալու եւ ինքնակենսագրականին գումարելու համար: Որպես կանոն՝ կամավորությունը կարող է լինել կարճաժամկետ՝ մեկ օրից երկու շաբաթ եւ երկարաժամկետ՝ մինչեւ 2-3 տարի: Ի տարբերություն հայ երիտասարդների՝ արտասահմանից եկած կամավորների համար կարծես թե երկրորդական պլան է մղված հավաստագիր ստանալու փաստը: Գերմանիայից եկած Մաղա Դանկբան Հայաստանում առաջին անգամ է: «Անկեղծ կլինեմ եւ կասեմ, որ միշտ շատ էի երազում Հայաստան գալու, ծանոթանալու հայկական մշակույթի, հայկական լրագրության եւ աշխարհայացքի հետ»,- խոստովանում է Մաղան: Նա այստեղ HUJ կազմակերպության օգնությամբ կիրականացնի 1 տարվա կամավորական գործունեություն: Մաղան նաեւ ավելացրեց, որ ճիշտ է, թեեւ ինքը մասնագիտությամբ լրագրող չէ, սակայն երբ վերադառնա Գերմանիա, պատրաստվում է անպայման մի մեծ հոդված պատրաստել Հայաստանի մասին»: Մաղայի հայրենակից Սիրի Ֆիդորրոն նույնպես այստեղ է կամավորության համար. նա իր բարի գործը կկատարի Հանրապետական մանկական վերականգնողական կենտրոնում: Արտասահմանյան կամավորներ կան ոչ միայն այստեղ, այլեւ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամում, բնապահպանական արգելոցներում, մշակութային, փառատոների, մասսայական միջոցառումների կազմակերպման, հնեագիտական, գեղագիտական, երեխաների զարգացման ծրագրերում:
Ստեփան Ստեփանյանը նշում է, որ այսպիսի միջոցառումների մասնակցությունը երիտասարդներին ազատում է դեռահասության տարիքում ձեռք բերված բարդույթներից, կաղապարված տեսակետներից եւ խթան հանդիսանում թիմային աշխատանքի համար հմտություններ ձեւավորելու: Անվարձահատույց աշխատանք կատարելիս երիտասարդ կամավորը իրեն զգում է օգտակար հասարակության համար, կրթվում որպես համերաշխություն տարածող, խաղաղասեր եւ բանիմաց քաղաքացի: Ճամբարների վերջում տրվող հավաստագրերը երիտասարդ կամավորների հետագա մասնագիտության ընտրության հարցում հատկապես որոշ բուհեր ընդուվելիս որոշիչ դեր են կատարում ուսանողին ընտրելու հարցում: Կամավորների այսպիսի փոխանակման ծրագրեր շտաբը կազմակերպում է ավելի քան 120 արտերկրյա կազմակերպությունների հետ, ինչի շնորհիվ էլ լինում է ոչ միայն փորձի ու գիտելիքի փոխանակում, այլեւ աշխարհաընկալման ընդլայնում, որն էլ հատկանշական է զարգացող հասարակության անդամի համար:
ԺԵՆՅԱ ԱԲԳԱՐՅԱՆ
ՀՊՄՀ լրագրություն բաժնի 4-րդ կուրսի ուսանող