Լույս է տեսել անվանի գիտնական, բազմաթիվ ակադեմիաների անդամ, Ռուսաստանի բնագիտության ակադեմիայի պրոֆեսոր, «Ազգ»-ի աշխատակից Ստեփան Պապիկյանի «Նորվեգիայի տնտեսության հետագիծը (առաջարկություններ Հայաստանի համար)» գրքույկը 50 էջ ծավալով: Այն տպագրվել է ՀՀ ԳԱԱ Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտի գիտխորհրդի երաշխավորությամբ:
Գրքում ներկայացվում են Նորվեգիայի տնտեսության զարգացման միտումները: Նորվեգիայի տնտեսության բազմակողմանի ուսումնասիրության արդյունքում կատարվել են անհրաժեշտ վերլուծություններ,որոնք հնարավորություն կտան Հայաստանի տնտեսության համար կատարել առաջարկություններ:
Նորվեգիա, պաշտոնական անվանումով՝ Նորվեգիայի Թագավորություն, ինքնիշխան եւ միասնական միապետություն է, որը զբաղեցնում է Սկանդինավյան թերակղզու արեւմտյան հատվածը, Յան Մայեն կղզին եւ Շպիցբերգեն կղզեխումբը: Այն հիմնականում լեռնային երկիր է:
Տարածությունը կազմում է 385207 քառակուսի կիլոմետր, որից 5.7 տոկոսը` ջրային: Բնակչությունը կազմում է 5 367 580 մարդ 2018թ. տվյալներով: ՀՆԱ-ի մեծությունը 344.5 միլիարդ դոլար է, մեկ անձի համար` 81550 դոլար 2018թ.:Աշխարհում գրավում է այս ցուցանիշով վեցերորդ տեղը: Բյուջետային 2009-ի ճգնաժամային տարում Նորվեգիան աշխարհում միակ տնտեսությունն էր, որն ուներ պետական բյուջեի ավելցուկ: ՀՆԱ-ի հետ կապված բյուջեի հավելուրդը կազմել է + 9,9%: 2010-ին աշխարհում միայն երեք երկրի բյուջեն ուներ ավելցուկ. Նորվեգիան (+ 9,4%), Հոնկոնգը (+ 3,0%), Սաուդյան Արաբիան (+ 1,3%):
Աշխատանքում ուսումնասիրվել է Նորվեգիայի տնտեսության զարգացման միտումները՝ հաշվի առնելով նրա աշխարհագրական դիրքը, բնական ռեսուրսները, էներգետիկ հնարավորությունները եւ այլն:Համեմատական վերլուծության եղանակով կարելի է հանգել այն եզրակացության, որ Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտների զարգացման համար Նորվեգիայի տնտեսության զարգացման մարտավարությունը եւ ռազմավարությունը կարող են օրինակելի լինել:
«Նորվեգիան աշխարհի զարգացած պետություններից է: Նրա տնտեսությունը վերջին տասնամյակների ընթացքում մեծ զարգացում է ապրել: Այդ պատճառով Նորվեգիայի տնտեսության բազմակողմանի ուսումնասիրությունը հնարավորություն կտա կատարել անհրաժեշտ վերլուծություններ,որպեսզի Հայաստանի համար գտնենք հնարավոր զուգահեռներ,հետեւաբար նաեւ զարգացման հեռանկարներ»,- գրում է հեղինակը:
Աշխատանքում օգտագործվել են տվյալների հավաքման համեմատական վերլուծության մեթոդները, մակածության եւ արտածման մեթոդների օգտագործմամբ կատարվել է անհրաժեշտ եզրակացություն:
Նորվեգիան հարուստ է բնական ռեսուրսներով, որոնք հնարավորություն են տալիս ունենալ զարգացած տնտեսություն: Ընդ որում, բնական ռեսուրսները պետական սեփականություն են հանդիսանում: Ցանկալի է, որպեսզի սահմանա-դրորեն ՀՀ տարածքում գտնվող բոլոր բնական ռեսուրսները դառնան պետական սեփականություն:
Առաջարկվում է ՀՀ հիդրոէներգետիկայի ոլորտում կառավարման արդյու-նավետ համակարգ,որի դեպքում խելացի կօգտագործվեն առկա ջրային ռեսուրսները հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը, ջրի հիդրոլոգիական ռեժիմները, բուսական եւ կենդանական աշխարհի վրա բացասական ազդեցությունները եւ այլն:Ստեղծել պետության մասնակցությամբ խառը տիպի էներգետիկական ընկերություններ, հետեւաբար եւ զարգացնել բաժնետիրական ընկերությունները:
Գիրքը նախատեսվում է ոչ միայն գիտնականների, ուսանողների, այլ նաեւ տվյալ բնագավառի մասնագետների համար: