«Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ապրիլի 18-ին հնչեցրած խոսքերը` «Մոռացեք միացման մասին, մոռացեք դիվանագիտությունը» սահմռկելի էին», գրում է «Washington Examiner s Beltway Confidential» հանդեսի թղթակից, «American Enterprise Institute»-ի ավագ գիտաշխատող Մայքլ Ռուբինը, հավելելով. «Ալիեւը Հայաստանից պահանջում է կա՛մ հայտարարել, որ Ղարաբաղը Ադրբեջանի մաս է կազմում, կա՛մ էլ դիմակայել հետեւանքները: Հայերը (Արցախում) կա՛մ պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունը, կա՛մ տեղափոխվեն մեկ այլ վայր»: Սա տեղահանության կոչ է ուղղված հազարամյակների վաղեմություն ունեցող մի ազգաբնակչության: Պատահական չէր, որ նա այդ խոսքերը հնչեցրեց հայերի Ցեղասպանության հիշատակը հարգելու նախօրյակին: (Արցախի) Էթնիկ հայերը մերժում են իրենց անվտանգությունը դնել Ալիեւի ողորմածության ներքո, քաջատեղյակ լինելով Ադրբեջանի ցեղասպանական եւ էթնիկական խլրտումներ հրահրելու անցյալն ու դարավոր մշակութային ժառանգությունների մերժումն ու ավերումը:
19-րդ-20-րդ դարերի մարդահամարների տվյալներով եւ դրանից առաջ իր ֆիզիկական ներկայությամբ Լեռնային Ղարաբաղը պատմականորեն հայկական բնօրրան է եղել: Մեկ դար առաջ Ստալինը այդ լեռնային տարածքը փոխանցել է Ադրբեջանին` Կովկասում սահմանային ընդարձակումների միջոցով էթնիկական ինքնության հարցը Խորհրդային Միության քաղաքականության եւ տնտեսական շահերին ստորադաս դարձնելու նպատակով: Մինչ խորհրդային սահմանադրության դրույթներով Ադրբեջանից Լեռնային Ղարաբաղի անջատումը օրինական էր եւ այդ շարժմանը նպաստող հանրաքվեն` բացարձակապես միաձայն, Մ. Նահանգներն ու միջազգային հանրությունը շարունակում են Լեռնային Ղարաբաղը դիտարկել որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս, կոչ անելով խնդիրը կարգավորել դիվանագիտական ճանապարհով: Ադրբեջանի սպառնալիքներն ու Մինսկի խմբի դիվանագիտական առաքելության նսեմացումները Ալիեւի կողմից, հիմքեր չեն տալիս Ամերիկային չկիրառելու Ազատության Աջակցման բանաձեւի 907 հոդվածի սահմանափակումները: Կուլիսների ետեւում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը անտեսում է դրանք` պատճառաբանելով, որ մարտավարական տեսակետից Ադրբեջանը խիստ կարեւոր պետություն է Մ. Նահանգների համար: Դրանով նա շարունակում է ապրել անցյալ ժամանակներում:
Ինչպես Թուրքիան է ձեւացնում, թե արեւմտամետ պետություն է, մինչ Էրդողանը ներսից է քայքայում երկիրը, Ադրբեջանն էլ արեւմուտքում թողած իր տպավորությանն անհամապատասխան է դրսեւորում իրեն: Մ. Նահանգները ոչնչով պարտական չէ Ադրբեջանին, որ վերջերս իրանյան եւ ռուսական նավթի հաշվին փողերի լվացմամբ է զբաղվում: Ինչպես Թուրքիան, Ադրբեջանն էլ Ուկրաինայի եւ Իրանի խնդիրներով երկակի խաղ է խաղում, եւ Բլինքենին ու ազդեցիկ սենատորներին եւ մյուս ներկայացուցիչներին օգտագործում որպես հիմարների:
Ալիեւը մի կետում է միայն ճիշտ: Այն, որ դիվանագիտություն ասվածը չի գործում: Պատճառը շատ պարզ է: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է, որ երկու կողմերն էլ լուրջ մոտենան հարցին: Իսկ Ալիեւը լուրջ չի վերաբերվում բանակցություններին:
Այդ պատճառով էլ ժամանակն է, որ Մ. Նահանգները որդեգրի բոլորովին նոր մոտեցում: Ստալինի սահմանային ցինիկ փոփոխություններին հավատարիմ մնալու պետքարտուղարության պարտավորվածությունը ներկա ժամանակներում անզգայացնում է դիվանագիտությունը: Եթե Բլինքենը իրոք ցանկանում է, որ Ալիեւը բանակցությունների սեղանի շուրջ նստի լուրջ մտադրություններով, նրա ղեկավարած պետքարտուղարությունը առաջին հերթին պետք է հրաժարվի Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի իշխանության ճանաչումից եւ այդ տարածքը ամբողջությամբ հռչակի անկախ, ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի գերիշխանությունից, վերջնական կարգավիճակի հարցը թողնելով բանակցությունների ավարտին: Նման մոտեցումը թույլ կտա, որ երկու կողմերն էլ առավել լրջությամբ բանակցեն միմյանց հետ: Դա նաեւ կհեշտացնի միջազգային կառույցների միջնորդ հանդիսանալու ջանքերը, եւ կվերացնի Լեռնային Ղարաբաղի շրջափակված համայնքները հասնելու Ադրբեջանի քմահաճ սահմանափակումները: Միաժամանակ «HALO Trust»-ի նման ականազերծման անգլիացի եւ ամերիկացի մասնագետները առավել անկաշկանդ կկարողանան կատարել իրենց աշխատանքները ճանապարհներում, դաշտերում եւ գյուղական համայնքներում` շրջանցելով Ալիեւի արգելքները:
Այս բոլորից կօգտվեն բնիկ տեղացիները: Վստահ լինելու համար, որ Ադրբեջանը ռազմական միջոցներով դարձյալ փաստի առաջ չի կանգնեցնի բոլորին, նման քայլերը պետք է զուգորդվեն տարածաշրջանում եվրոպացի, գուցե սկանդինավյան, չեզոք խաղաղապահների տեղակայմամբ, քանի որ Ալիեւը մերժում է Մինսկի խմբին:
Որպեսզի դիվանագիտությունը հաղթանակի, Բլինքենը պարտավոր է հողին հանձնել Ստալինի ժառանգությունը: Ժամանակն է Լեռնային Ղարաբաղի ինքնավարության շուրջ բանակցել՝ հիմնվելով ոչ թե նախկին խորհրդային շրջանի մի բռնապետի քմահաճ վերաբերմունքի, այլ բնիկ տեղացիների ժողովրդավարական եւ մշակութային հետագա ձգտումների վրա:
Պատրաստեց ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)