Մեզանում տարածում գտած լեզվական թյուրիմացություններից մեկը բառիմաստների երբեմնակի շփոթն ու այս կամ այն բառի գործածությունն է սխալ իմաստով: Պաշտոնական խոսքում, լրատվական հրապարակումներում եւ այլուր տարբեր դեպքերում դրա պատճառ է դառնում անպայման տպավորիչ, վերամբարձ, հաճախ պարզապես մոդայիկ դարձած բառեր գործածելու չարդարացված ջանքը: Մոդայիկ բառն, իհարկե, գործածվում է նաեւ ճիշտ իմաստով, միայն թե՝ կարծես միշտ դուրս մղելով ավելի պարզ ու տվյալ հասկացությունը գուցե առավել հստակ արտահայտող, այսպես ասենք, սկզբնաբառը:
Հիմնականում վերջին ամիսների լրատվական հաղորդումների՝ համացանցից գծիկներով բերվող հետեւյալ վերնագրերում ի՞նչ է նշանակում «մեկնարկել» բառը:
– Մեկնարկել է Արարատ Միրզոյանի այցը Մոսկվա:
– Բրյուսելում մեկնարկել է… եռակողմ հանդիպումը:
– Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում մեկնարկել է… պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսը:
– Մեկնարկել են ԱԺ (այսինչ) նստաշրջանի աշխատանքները:
Կասեք՝ միանգամայն պարզ է, մեկնարկել՝ նշանակում է սկսվել: Իհարկե ճիշտ է:
Իսկ ի՞նչ են նշանակում հրապարակված հետեւյալ նախադասությունները.
«Հայաստանի վարչապետը եւ Ադրբեջանի նախագահը արտաքին գործերի նախարարներին հանձնարարել են մեկնարկել երկու երկրների միջեւ խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքները» (ՀՀ վարչապետի պաշտոնական էջից):
«Եվրոպական միությունը մեկնարկում է… խորհրդակցությունների շարք…» (էլ. փոստով պաշտոնական հաղորդագրությունից):
Կամ՝ այսինչ համայնքապետարանը մեկնարկում է այս կամ այն ծրագիրը, արշավը եւ այլն:
Այս երկրորդ խմբում «մեկնարկել» բառի սխալ գործածությունն ակնհայտ է, եւ սա, ցավոք, շատ տարածված նման սխալներից մեկն է: Մեկնարկել՝ չի նշանակում սկսել, այլ, ինչպես երեւի վերը համոզվեցինք, սկսՎել է նշանակում:
Բացառություն կարող է համարվել այն դեպքը, երբ խոսքը վերաբերում է որեւէ մրցապայքարում մի մարզիկի կամ մարզիկների խմբի սկսելուն, մեկնարկին, որը հենց մարզական ծագման եզրույթ է: Օրինակ՝ այսինչ մարզիկն անհաջող է մեկնարկել, կամ՝ մեր շախմատիստները հաջող են մեկնարկել այս մրցաշարում:
Ի դեպ, մեր հայտնի բացատրական բառարաններից Ստ. Մալխասյանցի բառարանում ո՛չ մեկնարկ, ո՛չ մեկնարկել բառերը չկային, չգտանք: Էդ. Աղայանի, Ա. Սուքիասյանի բառարաններում կար մեկնարկ-ը, բայց չկար մեկնարկել-ը, իսկ ակադեմիականում մեկնասկիզբ-ն էր՝ որպես մարզական հասկացություն, եւ կար ստարտ-ը:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ