Եւ այսպես՝ Հայաստանն արդեն արբանյակ ունի՝ տիեզերքում: Ճիշտ է՝ որոշ մասնագետներ ասում են, որ արբանյակն ամենեւին էլ Հայաստանինը չէ, ավելին` կան ոչ պակաս մասնագիտական պնդումներ, որ տիեզերքում հայտնված ինչ-որ բանն ամենեւին էլ արբանյակ չէ, բայց քանի որ լուրը հայտնի է դարձել Հայաստանի կառավարության նիստին ու այն հայտնել է անձամբ վարչապետ Փաշինյանը, մնում է միայն լավ անուն որոշել առաջին հայկական արբանյակի համար: Ես օրինակ առաջարկում եմ՝ «ատելություն». եւ՛ տիպիկ հայաստանյան իրավիճակը ներկայացնող բառ է, եւ՛ այդկերպ մենք փաստորեն ատելությունը դուրս կհանենք ոչ միայն մեր երկրից, այլեւ Երկիր մոլորակից: Գուցե նույնիսկ Խաղաղության Նոբել ստանանք, ինչն էլ ավելի կհիմնավորի մեր բացած «խաղաղության դարաշրջանը»:
Բայց արբանյակին հիշեցի ոչ ամենեւին ՀՀ կառավարության «տիեզերական գործունեությունը» նկարագրելու համար, ճիշտ հակառակը՝ առաջարկում եմ խոսել ընդդիմությունից, կամ Դիմադրության շարժումից, որն ըստ էության նույն ընդդիմությունն է, գումարած այն մարդիկ, որոնց ոտքի է հանել ընդդիմությունը: Հենց այս մարդկանց, ինչպես ասում են, տեսակն էլ խոսակցության նյութն է: Բանն այն է, որ ընդդիմության ազնիվ, թե ոչ այնքան կոչով՝ ոչ թե Ազատության, ինչը խորհրդանշական կլիներ, ոչ թե Հանրապետության, ինչն ավելի խորհրդանշական կլիներ, այլ Ֆրանսիայի հրապարակ են դուրս եկել մարդիկ, որոնց համար «Հայաստան», «Արցախ» բառերն ու մանավանդ երեւույթ-գաղափարները ոչ թե տիեզերական, այլ աստվածային են, որոնք ծաղր-հեգնանքի նյութ չեն տեսնում «Զարթի՛ր, լաո» երգի մեջ, օրինակ: Որպես կանոն՝ նման մարդկանց համարում են հայրենասերներ: Հայոց, նույնիսկ հայաստանյան պատմության գրեթե բոլոր տարիներին նման մարդկանց պակաս երբեք չենք ունեցել, եւ ինչը շատ տարօրինակ է, նույնիսկ պարադոքսային, նման մարդկանց կարիք միշտ ենք ունեցել:
Հիմա, ընդդիմության (այս դեպքում զանազանենք դրան՝ Դիմադրության շարժումից)՝ փողոց դուրս հանող կոչերը զարթուցիչային են բացառապես հայրենասերների համար, սա չի նշանակում, որ ընդդիմությունը փայլում է հայրենասիրությամբ, այլ՝ սա նշանակում է, որ ընդդիմության քաղաքական լծակը բացառապես հայրենասիրությունն է: Այսքա՞նն են Հայաստանում մնացած հայրենասերները, թերեւս, չի բացառվում, շատ հնարավոր է: Իհարկե չմոռանանք, որ հայրենասիրության հիմնական դրսեւորումը լռությունն է, իհարկե կարող են լինել հայրենասերներ, որոնք իրենց պատուհաններից են ողջունում Դիմադրության շարժման երթերը, կարող են լինել հայրենասերներ, որոնք վստահ են, որ ժամանակակից ընդդիմությունն ամենեւին էլ վաղվա Հայաստանի մասին չէ, ու անշուշտ, կարող են լինել հայրենասերներ, որոնք հենց այս պահին փորձում են հատել մեքսիկ-ամերիկյան պետական սահմանը, որպեսզի միանան ասենք Կալիֆոռնիայում ապրող մեր հայրենակիցներին ու Լոս Անջելեսի կամ Սան Ֆրանցիսկոյի հայաշատ փողոցներում Դիմադրության շարժմանը սատարող երթեր անեն, եւ կամ պարզապես օվկիանոսի ափին խաղաղվեն, քանի որ դա Հայաստանում անելը անհնարին է:
Ուրեմն պարտադիր չէ, որ բոլոր հայրենասերներն ամեն օր, կամ օրը մեջ Ֆրանսիայի հրապարակ գնան, բայց Ֆրանսիայի հրապարակ գնացող քաղաքացիները պարտադիր հայրենասեր են: Եւ ուրեմն, առաջարկում են ընդդիմության առաջնորդներին, նախ չխուսափել առաջնորդ բառից, ավելին՝ այդպիսինը նշմարելուց, բացի այդ՝ թաքուն, ոչ բարձրաձայն համակերպվել մտքին, որ Հայաստանում հայրենասերները հենց այնքան են, որքան են մարդիկ Ֆրանսիայի հրապարակում:
Սրան համակերպվելուց հետո, պետք է, որ կարիք լինի վերանայել շարժման կարգախոսները: Օրինակ՝ «առանց թուրքի Հայաստան» բղավելու փոխարեն, կարելի է բղավել «ուժեղ Հայաստան», մանավանդ որ ուժեղ Հայաստանում հազիվ թե թուրքեր ապրեն: Չեն համարձակվի: Չի հրապուրի: Կարգախոսների վերանայումից հետո էլ առաջարկում եմ մարդկանց՝ փողոց դուրս գալու նոր շարժառիթներ ստեղծել, որոնք անհամեմատ ավելի ընդգրկուն պետք է լինեն, քան հայրենասիրությունն է, որը, մեր մեջ ասած, մշտապես ու բոլոր ժամանակներում, նույնիսկ որեւէ երկրում, ամենաքիչ թվով մարդկանց է ոտքի հանել, հանում: Ու եթե ընդդիմությունն իսկապես ուզում է, որ Փաշինյանը հեռանա, ստիպված է պարզ, բարեհամբույր խոսել նաեւ ժողովրդի այն զանգվածի հետ, որը չգիտի Սյունիքի ու Արցախի տեղը, փոխարենը գիտի՝ խոզի խորովածի հետ գարեջուր չեն խմում: Երբ կխոսի, հրապարակը կլցվի, երբ կլցվի, ոչ թե առաջարկում, այլ խնդրում եմ ընդդիմությանը, որն այդ ժամանակ, պետք է, որ դարձած լինի 250՝ բազմաոլորտ պրոֆեսիոնալներից կազմված ազգային համաձայնության կառավարություն, մտածել՝ ե՞րբ եւ ինչո՞ւ Հայաստանում խորովածասերները ավելի շատ դարձան հայրենասերներից: Ե՞րբ, նկատի ունեմ՝ ո՞ր թվականներից, ինչո՞ւ՝ նկատի ունեմ՝ ի՞նչ պետական քաղաքականությունից հետո:
Ինչպե՞ս կարող էր «երկիրը չվաճառվել», եթե տասնամյակներ շարունակ տների պատուհաններից կարդում էինք՝ «Վաճառվում է»: Մտավորականների՛ պատուհաններից, արհեստավորների՛ պատուհաններից, ուսուցիչների՛ պատուհաններից, մշակների ու հողագործների՛ պատուհաններից, նույնիսկ հերոսների՛ պատուհաններից: Պատասխանը գտնելու դեպքում, կարող եք այն չհրապարակել. հայրենասերները գիտեն, ներել են, կամ ժպտում են, խորովածասերները՝ …մեր ժողովուրդն են:
Տեսնես արբանյակում մանդալ կա՞…
ՀՈՎԻԿ ԱՖՅԱՆ