Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի գործադրած ագրեսիային անդրադարձել են մի շարք երկրների ղեկավարներ, արտահայտելով իրենց պաշտոնական դիրքորոշումներն այդ խնդրի կապակցությամբ: Ոմանք, ինչպես միշտ, իրենց կոչերն ուղղել են անհասցե՝ հակամարտող կողմերից որեւէ մեկին սրտնեղություն չպատճառելու համար: Ոմանք էլ գերադասել են սեփական կոչերին հասցեականություն հաղորդել: Կան նաեւ այնպիսի երկրներ, որոնց ղեկավարների արտահայտած պաշտոնական դիրքորոշումներն անհասցեի ու հասցեականի միջեւ դիրքավորված քավարանում են գտնվում:
Հիշենք, որ հայ-իրանական սահմանի անձեռնմխելիության մասին Իրանի Գերագույն առաջնորդի՝ ՌԴ եւ ԹՀ նախագահների ներկայությամբ թուրք-ադրբեջանական ագրեսիան կանխելու հարցում արտահայտած թափանցիկ դիրքորոշումը չափազանցված սպասելիքներ էր առաջացրել մեր հանրության որոշ հատվածների մոտ: Այդ սպասելիքների հաշվառմամբ, շատ կցանկանայի, որ ադրբեջանական ոտնձգությունների մասին Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը նույնպես տեղավորվեր հասցեական կոչերի տիրույթում, եւ մեզ հաջողվեր Իրանի բարձր ղեկավարության դիվանագիտական ձեւակերրպումներում նկատել Բաքվի ախորժակը զսպող առավել թափանցիկ հորդոր:
Իրանական մամուլում տեղ գտած ԻԻՀ արտաքին գերատեսչության ղեկավար Ամիր-Աբդոլլահիանի եւ նրա ադրբեջանցի պաշտոնակցի միջեւ սեպտեմբերի 14-ին տեղի ունեցած հեռախոսազրույցի մասին պատմող հաղորդագրության բառացի թարգմանությունը ներկայացնելով, հույս եմ հայտնում, որ Բաքվին ուղղված մեր բարեկամ երկրի ԱԳ նախարարի հորդորներում ընթերցողին կհաջողվի նշմարել հասցեականություն:
ԻԻՀ ԱԳ նախարար Հոսեին Ամիր-Աբդոլլահիանն, իր ադրբեջանցի գործընկերոջ՝ Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցի ժամանակ խորը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ բախումների նոր շրջափուլի կապակցությամբ եւ հայտնել իր երկրի պատրաստակամությունը՝ քաղաքական միջոցներով եւ խաղաղ ճանապարհով խնդիրը կարգավորելու հարցում:
Ամիր-Աբդոլլահիանն այնուհետեւ նշել է, որ Իրանը մշտապես հանդես է եկել երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի ու Հայաստանի տարածքային ամբողջականության օգտին: ԻԻՀ ԱԳ նախարարը նշել է. «Մենք Իրանի ու Հայաստանի սահմանը դիտարկում ենք որպես պատմական հաղորդակցական ուղի, որը չպետք է փոփոխության ենթարկվի:
Ամիր-Աբդոլլահիանը նշել է, որ տարածաշրջանը չի կարող նոր պատերազմ հանդուրժել: ԻԻՀ ԱԳ նախարարը հավելել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը կողմերին զսպվածության կոչ է անում:
Գ.Ա.