Թեհրանը համոզված է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի խորհրդապահական այցելը Բաքու հակաիրանական ուղղվածություն է ունեցել: Այդ մասին է վկայում իրանական հարցերով իսրայելցի հայտնի փորձագետ, ռադիո Իսրայելի պարսկերեն հաղորդումների նախկին ղեկավար Մանաշե Ամիրի խոստովանությունն այն մասին, որ Իսրայելի պաշտպանության գերատեսչության ղեկավար Գանցի խորհրդապահական այցի եւ Իրանի ներքաղաքական լարված իրավիճակի միջեւ ուղղակի կապի առկայությունը բացառել չի կարելի:
Նախարար Բենի Գանցը Բաքու կատարած այցելության ընթացքում իր պաշտոնակից Զաքիր Հասանովից ու Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության ղեկավար Գուլիեւից բացի, հանդիպել է նաեւ Ադրբեջանի նախագահ Ալիեւին:
«ԱզերԹաջ» լրատվական գործակալության կարճ հաղոդագրությունից տեղեկանում ենք, որ Իլհամ Ալիեւը հոկտեմբերի 3-ին Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի հետ հանդիպման ժամանակ քննարկել է երկու երկրների միջեւ ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները:
Վերլուծաբանների կարծիքով, Իսրայելի պաշտպանության նախարարի Բաքու այցելության գաղտնիությունը վկայում է Իսրայելի ու Ադրբեջանի միջեւ պաշտոնական համագործակցության հակաիրանական ուղղվածության մասին:
Թեհրանում հիմնավոր կասկածներ գոյություն ունեն, որ Ալիեւը պատրաստ է որոշակի քաղաքական շահաբաժինների դիմաց աջակցել այն երկրներին, որոնք Իրանի ներքաղաքական խառնակ իրավիճակից օգտվելու ցանկություն կհայտնեն:
Բենի Գանցի խորհրդապահական այցի մասին պաշտոնապես հայտարարվեց միայն այն ժամանակ, երբ նախարարն արդեն լքել էր Ադրբեջանի տարածքը: Իսրայելական մամուլը տեղեկացրեց, որ նախապես չհայտարարված պաշտոնական այցելության ժամանակ Բենի Գանցը Իլհամ Ալիեւի հետ քննարկել է երկու երկրների հարաբերոթւյունների խորացման նպատակով «Աբրահամի համաձայնագրերով» պայմանավորված «մերձավորաեւելյան փոփոխություններին» եւ այլ խնդիրներին վերաբերող հարցեր:
Հայտնի է, որ 2020 թվականի օգոստոսի 13-ին ԱՄԷ-ի, Բահրեյնի ու Իսրայելի միջեւ կնքված եռակողմ գործարքը, որն ի պատիվ երեք աստվածային կրոնների հետեւորդների հոգեւոր հոր, ստացել է «Աբրահամի համաձայնագրեր» անվանումը, հակաիրանական ուղղվածություն ունի:
Անդրադառնալով Բենի Գանցի այցին, «IRNA» լրատվական գործակալությունն, արտահայտելով Իրանի փորձագիտական համայնքի հավաքական տեսակետը, նշում է, որ Արցախյան պատերազմի ետնաբեմի գլխավոր դերակատարներից մեկը «սիոնիստական» վարչակարգն էր, որը ձգտում է սեփական շահերից ելնելով վերանայման ենթարկել տարածաշրջանի աշխարհաքաղաքական քարտեզը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանագետ