Հունիսի 6-ին նախապես հայտարարված Իրանի արտգործնախարար Ամիր-Աբդոլլահիանի այցը Թուրքիա անորոշ ժամանակով հետաձգվել է: Իրանական լրատվամիջոցները, ներկայացնելով ԻԻՀ պաշտոնական աղբյուրները, հայտնել են, որ «այցը հետաձգվել է երկու արտգործնախարարների միջեւ հանդիպման ծրագիրը չհամաձայնեցնելու պատճառով»:
Փոխարենը, հունիսի 23-ին, նախատեսված է Իսրայելի արտգործնախարար Յաիր Լապիդի այցը Թուրքիա: Մի քանի օր առաջ էլ՝ հունիսի 20-ին, ըստ Թուրքիայի նախագահության պաշտոնական կայքի, տեղի է ունեցել Թուրքիայի ու Իսրայելի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ու Իցհակ Հերցոգի հեռախոսազրույցը՝ երկկողմ ու տարածաշրջանային խնդիրների, այդ թվում՝ ահաբեկչության դեմ պայքարին նվիրված համագործակցությանը շարունակական բնույթ հաղորդելու հարցերի շուրջ: Նույն աղբյուրի համաձայն` Իսրայելի նախագահը շնորհակալություն է հայտնել իր թուրք գործընկերոջը՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում հետեւողականություն ցուցաբերելու համար:
Խոսքն անշուշտ, իրանական «սպառնալիքի» պատճառաբանությամբ Թուրքիա ճամփորդած Իսրայելի քաղաքացիների «կյանքը փրկելու» նպատակով Թուրքիայի հատուկ ծառայությունների կողմից Իսրայելին տրամադրված օպերատիվ տեղեկատվությանն է վերաբերում, որի կապակցությամբ, ըստ իսրայելական աղբյուրների, Թուրքիայում ձերբակալվել են «կասկածելի գործողություններին» մասնակցելու մեղադրանքով Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (ԻԻՀՊԿ) վերագրվող իրանցիներ:
Երկու երկրների միջեւ բնականոն հարաբերությունների առկայության դեպքում դիվանագիտական այցերի հետաձգումը սովորական երեւույթ է: Սակայն, նույնը չի կարելի ասել Իրան-Թուրքիա հարաբերությունների պարագայում: Երկու հարեւան երկրների միջեւ գոյություն ունեցող բազմաթիվ չհամաձայնեցված հարցերի լայն օրակարգի պայմաններում, այդ թվում՝ Իրանի բնապահպանությանն աղետալի հետեւանքներ պատճառած հիդրոէներգետիկ ռեսուրսների անխնա օգտագործման ու ջրամբարտակների լայնածավալ շինարարության, Սիրիային ու Իրաքին վերաբերող հարցերի ու տարածաշրջանային խոշորածավալ այլ իրադարձությունների հաշվառմամբ, արտաքին գերատեսչության ղեկավարների միջեւ հանդիպումների պերմանենտ հետաձգումն անտրամաբանական է թվում:
Թեեւ Իրանն ու Թուրքիան իրենց ազդեցության ոլորտը համարվող երկրներում սեփական ազդեցությունը վերահաստատելու հարցում տեւական մրցակցության մեջ են եղել, սակայն, այդ կարգի կառավարելի մրցակցությունները երբեք լուրջ ճգնաժամերի չեն վերածվել:
Հունիսի 20-ին Իրանի ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեն, մեկնաբանելով մամուլի ասուլիսին մասնակցող լրագրողներից մեկի՝ թուրքական զանգվածային լրատվամիջոցների կողմից քրդական ՊԿԿ զորամիավորումներին աջակցելու հարցում Իրանին ներկայացվող մեղադրանքները, այդ կարգի լուրերն անվանել է հիմնազուրկ, եւ հարկ չի համարել ընդհանրապես անդրադառնալ դրանց: Փոխարենը Խաթիբզադեն խոսել է Իրան-Թուրքիա հարաբերությունների բազմաշերտ ու ռազմավարական բնույթի մասին, եւ սիրիական թղթածրարի հարցում Իրանի ու Թուրքիայի միջեւ առկա տարաձայնությունները համարել է կառավարելի, իսկ եկկողմ հարաբերությունները՝ օրինակելի: ԱԳՆ խոսնակի վկայությամբ՝ առաջիկայում երկու մայրաքաղաքներում նախատեսվող բարձր մակարդակի հանդիպումներն իր ասածի պերճախոս վկայությունը կարող են լինել:
Հակառակ ԻԻՀ ԱԳՆ խոսնակ Խաթիբզադեի լավատեսական գնահատականների, այսօր Իրան-Թուրքիա հարաբերությունները բարիդրացիության առումով օրինակելի համարելը ճիշտ չէ: Թուրքիան իր հարաբերությունները կարգավորում է Սաուդյան Արաբիայի, Էմիրությունների ու Իսրայելի հետ, ինչը լրջորեն մտահոգում է Թեհրանին՝ ԱՄՆ-ի կողմից ձեւավորվելիք նոր հակաիրանական կոալիցիային մաս կազմելու Անկարայի ձգտումների պատճառով:
Իսրայելցի վերլուծաբան Զվի Բարելը (Zvi Bar՛el), բացահայտելով Անկարայի ու Թել Ավիվի միջեւ, անգամ երկկողմ հարաբերությունների բացակայության պայմաններում, Թուրքիայի ազգային հետախուզության կազմակերպության (MIT) նախագահ Հաքան Ֆիդանի (Hakan Fidan) ղեկավարությամբ Իսրայելի հետ անվտանգային ոլորտին վերաբերող տեղեկատվության փոխանակման հարցերի շուրջ համագործակցությանը, անդրադառնում է հակաիրանական նոր կոալիցիայի ձեւավորման նկատմամբ Անկարայի հնարավոր հակազդեցությանը:
Իսրայելական «Հաարեց» թերթի վերլուծաբան Զվի Բարելի վկայությամբ՝ տարածաշրջանի երկրների ու Իսրայելի հետ Անկարայի նոր որակի հարաբերությունների, ինչպես նաեւ Իրանի հետ Թուրքիայի հարաբերությունների լարվածության պատճառով, Անկարան վերածվում է Իրանի դեմ Իսրայելի ծավալած պայքարի գլխավոր դերակատարներից մեկի: Զվի Բարելի հավաստմամբ՝ Իսրայելի հետախուզական ծառայության («Մոսադ») կողմից Անկարային փոխանցված տեղեկատվության շնորհիվ, հնարավոր է դարձել Թուրքիայում հայտնաբերել «ահաբեկչական կենտրոն», որի անդամներն իբր նախապատրաստվում էին, ի պատասխան իրանցի գիտնականների ու Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻԻՀՊԿ) անդամների դեմ իրականացված ահաբեկչությունների, թիրախավորել Թուրքիայում գտնվող իսրայելցիների:
Զվի Բարելը նաեւ հավելում է, որ Թեհրանն այնուամենայնիվ Անկարայի արտաքին քաղաքականության մեջ նշանակալի տեղ է զբաղեցնում եւ Թուրքիայի կարեւորագույն տնտեսական գործընկերներից է, որը ձգտում է տարածաշրջանի բոլոր երկրների հետ ամուր կապեր հաստատել: Սակայն, երբ Անկարային հայտնի է դառնում, որ Վաշինգտոնը մտադրվել է Իրանի դեմ տարածաշրջանային պաշտպանական կոալիցիա ձեւավորել, ամեն կերպ ձգտում է իր տեղն ապահովել այդ կոալիցիայում, եւ Թել Ավիվից էլ ակնկալում է պայմաններ ստեղծել նշված հակաիրանական դաշինքի մեջ Թուրքիայի մասնակցությունն ապահովելու հարցում, ինչը ենթադրում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների բարելավում: Վկայակոչելով սեփական աղբյուրները՝ Զվի Բարելը տեսակետ է հայտնում, որ «Թուրքիայի պատկերացմամբ, Վաշինգտոնի հետ Անկարայի նոր հարաբերություններն անցնելու են Թել Ավիվի դարպասով»:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Իրանում ՀՀ նախկին դեսպան