Արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ամեն օր սոցիալական ցանցում, ի հակառակ ներկա իշխանության հակաքարոզչության ու քայլերի, Արարատ լեռան լուսանկարներ ու մեզ համար նրա նշանակության մասին նյութեր են զետեղվում: Եվ՝ տեղեկություն ու լուսանկարներ՝ փաստող, որ մեր առաջինդասարանցի երեխաների ծնողները Մեսրոպ Մաշտոցի տպագրված նկար չունեցող նորահնար Այբբենարանում իրենք նրա նկարն են ավելացնում: Իր խորը, հուսադրող իմաստն ունեցող հատկապես այս վերջինի համար շնորհակալ լինենք ինչպես այդ ծնողներին, այնպես էլ հայ մանկանն առաջին քայլերից Մաշտոցով դաստիարակող մեր ուսուցիչներին: Դեռ վեցամյակը չլրացած առաջինդասարանցի իմ փոքր թոռնիկի անցած առաջին բանաստեղծությունը դպրոցում հենց Սուրբ Մաշտոցի մասին էր եւ սկսվում է «Մեսրոպ Մաշտոցը հոգին է (կամ՝ ոգին է) հայի…» տողով, իսկ այսօր նա դասի գնաց արդեն մեսրոպյան գիրը ջերմորեն սիրելու կարճ երդման տողերը շուրթերին…
Գիրը՝ գիր, բայց որքա՞ն ենք մենք հիմա ընդհանրապես հարազատ մնում այդ ոգուն:
Չգիտեմ՝ մերինից բացի որեւէ այլ ազգի պետություն կամ այդ ազգի որոշակի մասը սիրո՞ւմ է շատ բաներում իրենը թողնել՝ ուրիշներինն ընդօրինակել ու կրկնել: Որեւէ մեկը հո չի՞ նեղանա հիմա, որ մեր Հանրային հեռուստատեսությունն առաջվա նման, հարազատ ձեւով կոչեմ Հ1, ոչ թե ժամանակին մեկ այլ երկրի օրինակով կարծես թե պարտադրված, անհասցե Առաջին ալիք: Հ1-ը համ Հայաստանը, համ հայկական հեռուստատեսության առաջին ալիքն է նշանակում: Իսկ գրելուս առիթը մեր այս Հ1-ի «Առավոտ լուսո» շատ հաճելի ու գնահատելի, իմ էլ սիրած հաղորդման ժամանակ հնչած լեզվական մի արտահայտությունն է:
Տեսեք, որքան հաճելի է հաղորդման վերնագիրն իսկ՝ «Առավոտ լուսո». արմատապես հայեցի, հայաբույր, ոսկեղենիկ ու իր գեղեցկությամբ եւս տրամադրող: Եվ հանկարծ սրա կողքին… ծրագրի հմայիչ ու հաճելի հայուհի հաղորդավարուհին ժպտերես ասում է. «Իսկ հետո կկիսՎենք մեր հեռուստադիտողների հետ մեր տպավորություններով»… Մինչդեռ իրենք կիս-վելու փոխարեն (Աստված չանի) ընդամենը տպավորություններն էին կիսելու հեռուստադիտողների հետ: Այսինքն, ըստ հայերենի տրամաբանության, ոչ թե մի բան պիտի լինեին (կրավորական ձեւը դա է նշանակում), այլ մի բան պիտի անեին:
Այս «կիսվելը» ժամանակին Հայաստանում զգալի թիվ կազմող՝ ռուսական կրթություն ու լեզվամտածողություն ունեցողներն են ռուսերենից պատճենված կրավորաձեւ, բայց ոչ թե կիսվել, այլ հենց կիսել նշանակող բառի սխալ թարգմանությամբ անգիտաբար «նվիրել» մեր խոսքին ու փորձանք բերել մեր լեզվի գլխին: Բանն այնտեղ է հասել, որ անգամ ինչ-որ բան ասել, ինչ-որ բան պատմել, ներկայացնել եւ բազմաթիվ այլ նման արտահայտությունների փոխարեն էլ մարդիկ ասում են՝ կիսվել հա կիսվել: Այսօր սա ցավալիորեն ամենատարածված եւ զանգվածաբար առանց մտածելու գործածության պատճառով մեր մայրենի լեզվի ոչ միայն տրամաբանությունն ու հայերեն լեզվամտածողությունն աղճատող, այլ նաեւ իր նմանությամբ մեր այլ բայերը եւս այդ վ-ով շարունակաբար վարակող (փոխանակվել, զանգվել, բռնվել եւ այսպես շարունակ) ամենաավերիչ սխալախոսությունն է, որի դեմ ընդհանուր լուրջ ու երեւի ամենօրյա պայքար է պետք: Իսկ լեզվամտածողության խաթարման շարունակական խնդիրը հեռանկարի առումով անվտանգ չէ, ինչպես ոմանց կարող է թվալ…
Ինքս հեռուստատեսություն շատ չեմ նայում, բացի լուրերի երեկոյան թողարկումից (որից սկսել եմ հիասթափվել…) ու երբ հաջողվում է՝ մի լավ հաղորդումից կամ կինոնկարից: Եվ երբեմն նկատել եմ, որ Հանրային հեռուստատեսությունում կամ նրա որեւէ խմբագրությունում կա առնվազն մի ձեռք, որը հիմնականում հանձնառու եւ հետամուտ է եթերի հայերենի մաքրությանը, ինչն այդպես էլ պետք է լինի: Իհարկե՝ ինչքան որ այսօր հնարավոր է: Ու ասածս ոչ, օրինակ, Լեզվի օրենքը մշտապես խախտող, երկրի ա-ախոս որեւէ ղեկավարի, այլ հեղինակային՝ լրատվական, հաղորդավարական խոսքի մասին է: Որտեղ սպրդող հնարավոր առանձին լեզվական մեղանչումները եւս, լինելով մեզանում մայրենիի գործածության այսօրվա անխնամ, բարձիթողի վիճակի գուցե անխուսափելի մի դրսեւորումը, պետք է որ շտկվեն, վերացվեն: Առաջ ասում էին՝ հեռուստատեսությամբ այսպես ասացին, ռադիոն, հեռուստատեսությունը, գրքի հետ մեկտեղ, որպես էտալոն, օրինակ էր ընդունվում: Այդ իմաստով այսօրվա մասին ընդհանուր առմամբ ավելի լավ է չխոսենք… Բայց գոնե Հ1-ը կուզենայինք շարունակեր սրանով մնալ իր բարձրության վրա: Եվ շատ տեղին կլիներ ունենար նաեւ որակյալ լեզվական հաղորդում: Լիներ մի տեղ, որից մարդիկ ճիշտ հայերեն սովորեին: Ինչպես տարիներ առաջ մի ժամանակ:
Որպեսզի սա եւ տարածված նման բազմաթիվ այլ լեզվական մեղանչում-սխալները նաեւ չհամարվեին «նորաձեւ», իսկ այսօրվա մատաղ սերնդի համար էլ մաշտոցյան ոգին չավարտվեր ընդամենը ձեւականորեն մի բանաստեղծություն սերտելով:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ