«Ազատագրական շարժման» անդամներն ընդհանուր համազգային պայքարի համատեքստում ներկայանցում են այն գործողութունները, որոնց ուղղությամբ աշխատանք են տանելու: Հեռուստալրագրող, շարժման անդամ Նաիրի Հոխիկյանի համոզմամբ՝ իրենց՝ դեռևս նախորդ տարվա նոյեմբերին իրականացրած ակցիաները որոշակի արդյունք տվել են, իսկ ակցիաները, հիշեցնում է, բանակի զինմանն ու Ադրբեջանի կողմից շահարկվող «Զանգեզուրի միջանցք» չտրամադրելուն էին միտված: Շարժման կողմից այժմ իրականացվող գործողությունները Լիբանանի «Զարթօնք» հայկական օրաթերթի խմբագիր Սևակ Հակոբյանն է ներկայացնում:
«Ազատագրման շարժման» ծրագրի առաջնային դրույթը ներքին ու արտաքին թշնամիներից, ապա այլասերումից, պառակտվածությունից, ստից, ստախոսներից, վախերից ու վախկոտներից ազատագրումն է: Թվարկված բոլոր երևույթներից ու մարդկանցից ազատագրվելու համար շարժումը տարբեր ձևաչափերով է ակցիաներ իրականացնելու»,- ասում է Հակոբյանը:
Շարժման անդամ, Փաստաբանների պալատի նախկին նախագահ Արա Զոհրաբյանը հիշեցնում է. դեռևս 2020 թ. դեկտեմբերի 22-ին ավելի քան 430 փաստաբան դավաճանության հանցակազմով հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազին: «Այդ հաղորդման մեջ բնականաբար գլխավոր դերակատարը Նիկոլ Փաշինյանն էր, բայց այն գլխավոր դատախազության ուղղորդումից հետո քրգործ հարուցելու համար հիմք չդարձավ: Բայց փաստաբաններս, բոլոր ատյաններն անցնելով, կարողացանք հասնել նրան, որ դատարանը 2021 թ. սեպտեմբերի 28-ին քրեական գործ հարուցեց: Ու այդ գործի շրջանակներում պահանջելու ենք, որ Նիկոլ Փաշինյանը որպես մեղադրյալ ներգրավվի: Փաշինյանը վերջերս խոստովանեց, որ բանակցային գործընթացը ձախողված էր, ու մենք ադրբեջանական զինված ուժերին հակադարձելու ներուժ չունեինք: Եթե այդպես էր, ապա նրա հետագա հայտարարությունները կամ գործողությունները, օրինակ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ», անտրամաբանական են: Փաշինյանի որդու՝ Աշոտ Փաշինյանի՝ ժամկետային ծառայության ավարտից հետո Տավուշյան հայտնի դեպքերը տեղի ունեցան, ինչից հետո օգոստոսի 28-ին պարգևատրման աննախադեպ բան տեղի ունեցավ, որի ժամանակ 16 զինվորական Մարտական խաչ առաջին աստիճանի շքանշանով պարգևատրվեց: Մի կողմից ռազմական բախման վտանգ կար փաստորեն, մյուս կողմից Փաշինյանի գործողությունները նպաստել են դրա սկսմանը: Հիշում եք նաև, որ ադրբեջանական մամուլը գրեց էմիսարների բանակցությունների մասին տեղեկությունը, ինչն ակնարկում էր, որ Փաշինյանն իր ներկայացուցչի միջոցով բանակցում է ադրբեջանական իշխանական կողմի հետ: Պատերազմից հետո էլ իմացանք, որ Փաշինյանն այն կարող էր կանգնեցնել դեռևս հոկտեմբերի 19-ին, ինչը չի արել: Այդ մասին հայտարարություններ արել են թե՛ ռազմական-զինվորական գործիչները, թե՛ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- մանրամասում է Զոհրաբյանը:
Դառնալով նոյեմբերի 9-ի հայտարարությանը՝ Փաստաբանների պալատի նախկին նախագահը շեշտում է՝ դրանում սևով սպիտակի վրա գրված է, որ զինված ուժերը մնում են իրենց զբաղեցրած դիրքերում, սակայն Փաշինյանի թողտվությամբ (հետագայում ինքն է հայտարարել, որ իր հրամանով է զորքը նահանջել) Որոտանի Շուռնուխի հատվածը հանձնվեց Ադրբեջանին: Գաղտնիք չէ, ասում է Զոհրաբյանը, որ ռազմական բախումների կիզակետում ենք գտնվում, ու նման պայմաններում գլխավոր շտաբի պետ չունի հայկական զինուժը: Ըստ նրա՝ այդ հանգամանքը նույնպես պատահական չէ. դա նույնպես Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունն է ու ազատագրական շարժումն ակտիվ գործողություններ է իրականացնելու: Եթե այսօր չմերժենք այս իշխանությանը, ահազանգում է բանախոսը, ապա չի բացառվում, որ վաղն արդեն թուրքական լծի տակ կհայտնվենք:
«Այն մարդիկ, որ ասում են՝ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը մեզ պատերազմից ազատել է, չարաչար սխալվում են: Տեսում ենք թե՛ Թուրքիայի՝ Ցեղասպանությունը ժխտող քաղաքականությունը, թե՛ Ադրբեջանի քաղաքականությունը, երբ ասում են՝ Երևանն էլ, Սևանա լիճն էլ, Սյունիքն էլ ադրբեջանական են: Այս պայմաններում միամտություն կլինի ասել, որ ցանկանում ենք իրենց հետ խաղաղության օրակարգով ապրել: Հայ ազգը խաղաղասեր է, բայց ոչ ոչխար: Պետք է ոտքի կանգնենք ու ասենք՝ այո՛, մենք ենք տերը մեր երկրի»,- նշում է Զոհրաբյանը:
Սևակ Վարդումյան