Դիվանագիտական կապեր հաստատելուց ի վեր հայ-չինական հարաբերությունները շատ արագ զարգացել են: Հատկանշական է, որ 1990-ականների կեսերին, եզակի երկրներից էր, որ Հայաստանին մատակարարեց «Թայֆուն» հրթիռներ: Բացի դրանից, հետզհետե ամրապնդվեց ռազմական համագործակցությունը՝ հնարավորություն ընձեռելով հայաստանցիներին կրթություն ստանալ Չինաստանում: Հայաստանն իր հերթին արդյունավետ կերպով ճանաչել է Չինաստանի ընդարձակվող ազդեցությունը միջազգային հարաբերություններում:
Չին եւ հայ պետական ծառայողներ քանիցս ընդգծել են, որ իրենց երկկողմանի հարաբերություններում խնդիրներ չունեն եւ իրենց դիրքորոշումները միջազգային ամենատարբեր հարցերում կա՛մ համանման են, կա՛մ էլ իրար շատ մոտիկ: Սա նշանակում է, որ Հայաստանը կարողացել էր հաջողությամբ հաստատել բացառիկ գործընկերություն մի գլոբալ գերտերության հետ: Սակայն, Հայաստանի ներկա կառավարության որոշ գործողությունների հետեւանքում, այս գործընկերությունը ներկայիս որոշ չափով թուլացել է:
Հայաստանում կայացած իշխանափոխությունից հետո Երեւանը հետաքրքրություն չի ցուցաբերում այլեւս «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» մեգածրագրին եւ չի մասնակցում դրան, հայտնելով այդ նախագծի դեմ իր դիրքորոշումը: Իսկ այդ համարձակ ծրագիրը բացառիկ նշանակություն ունի Չինաստանի համար, եւ Պեկինը սերտորեն համագործակցում է հնարավոր բոլոր գործընկերների հետ:
Հայաստանը դեռեւս ձեւականորեն պահպանում է իր անդամակցությունը համարյա անգործունեության մատնված «Կրոնական Ազատության (ընդհանրական) Միությանը» (RFA), որը չպետք է շփոթել «Միջազգային կրոնական ազատության գագաթնաժողովի» (IRFS) հետ: Հիմնադրված Մ. Նահանգների նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոյի կողմից, որպես հակա-չինական մի նախաձեռնության, այդ միությունը ավելի քան չորս տարի է, ինչ «ննջում» է, բայց հակառակ դրան, Հայաստանը շարունակում է անդամակցել այդ ոչ պաշտոնական միությանը:

Չինաստանի համար մի այլ կարեւոր խնդիր է Հայաստանի դիրքորոշումը Թայվանի նկատմամբ: Հայաստանը պաշտոնապես ճանաչում է Չինաստանի տարածքային ամբողջականությունը, բայց այդ պնդման դեմ որեւէ բացասական արտահայտության բացակայության պայմաններում անգամ, Հայաստանի որոշակի գործողություններ խստագույնս զգուշավորություն են պահանջում: Հայաստանը վերջերս հյուրընկալեց Թայվանի էկոնոմիկայի նախարարին, հակառակ իր պարտավորվածությանը անմիջական շփումներ չունենալու Թայվանի պաշտոնատար անձանց հետ: Թայվանի հարցը չափազանց զգայուն խնդիր է Չինաստանի համար, որ բոլոր երկրներին խստորեն պարտադրում է հարգել «մեկ Չինաստանի» սկզբունքը:
Չինաստանը հրապարակայնորեն չի արձագանքել այս գործողությանը, սակայն իր դժոհությունն է արտահայտել կողմնակի միջոցներով: Յոթ ամիս է, ինչ Չինաստանը դեսպան չունի Հայաստանում, ինչը աննախադեպ երեւույթ է հայ-չինական հարաբերություններում: Սա հստակ ուղերձ է: Նման պարագաներում պատահականություններ չեն լինում: Պեկինը բազմաթիվ հմուտ դիվանագետներ ունի Երեւան ուղարկելու որեւէ ժամանակ: Բայց դրանով նա Երեւանին հասկացնում է, որ չի հանդուրժելու անհարգելի վերաբերմունքը իր նման գերտերության նկատմամբ:
Միեւնույն ժամանակ դա նշանակում է, որ եթե Հայաստանը նման հարաբերություն որդեգրի, Պեկինը նույնանման վերաբերմունք ցույց կտա Երեւանին: Վերջերս, Չինաստանում Հայաստանի նախկին դեսպան Սերգեյ Մանասերյանը նշել է, որ հայ-չինական կապերի ներկա լճացման բուն պատճառը Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացումն է: Ըստ նրա, Չինաստանի դիրքորոշումը Հայաստանի նկատմամբ պետք է հասկանալ Ռուսաստանի հետ Հայաստանի կապերի կոնտեքստում:
Ինչեւէ, մենք ականատես ենք լինում, թե ինչպես է Հայաստանն իր հարաբերությունները սառեցնում Պեկինի եւ Ռուսաստանի հետ, որպեսզի է՛լ ավելի սերտացնի հարաբերությունները Արեւմուտքի եւ Մ. Նահանգների հետ: Բայց խելամիտ կլիներ, եթե Հայաստանի կառավարության անդամները հասկանային, որ մեծ տերությունների մրցակցության պարագայում, փոքր պետությունների առաջնահերթ դերը պետք է լինի չխաղալ նրանց հակասությունների վրա, այլ փորձել ոտատակ չլինել նրանց աշխարհաքաղաքական պայքարում:
ՍՈՒՐԵՆ Ա. ՍԱՐԳՍՅԱՆ
Միջազգայնագետ, ԱՄն արտաքին քաղաքականութան փորձագետ
Անգլ. բնագրից թարգմանեց` ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ
(The Armenian Mirror-Spectator)