«Ինչո՞ւ պետությունը ահաբեկչության ծրագրի առնչությամբ մատը չի շարժում»

39

Հայազգի պատգամավոր Փայլանը հարցնում է Թուրքիայի փոխնագահ Օքթային

Այդ մասին նոյեմբերի 26-ին տեղեկացրել է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը: Ըստ տեղեկության Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության պատգամավոր Կարո Փայլանը Թուրքիայի ազգային մեծ ժողովում երկրի նախագահի բյուջեի քննարկմանը, դիմելով փոխնախագահ Ֆուաթ Օքթային, հարցրել է. «Ինչո՞ւ պետական ոչ մի կառույց երեք ամիս ի վեր մատը չի շարժում, երբ սպառնում են ինձ, որ կսպանեն, թե՞ պետական կառույցները գործում են միայն այն դեքում, եթե սպառնալիքի թիրախ են դառնում իշխանության ներկայացուցուցիչները»:

Այնուհետև նա փորձել է ճշտել՝ հետաքննություն սկսե՞լ է Լևենթ Գյոքթաշի դեմ, ավելացնելով. «Հավանաբար լսած կլինեք թուրքական զինված ուժերի գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների վարչության մասին: Անցյալում վարչությունը բազմիցս դիմել է բազում սադրանքների: Արտոնյալ Լևենթ Գյոքթաշն այդ վարչությունում է ծառայում: Չգիտեմ ճանաչո՞ւմ եք նրան, թե՞ ոչ: Նա գլխավոր շտաբում գործող հանցագործ կազմակերպության պարագլուխն է, որի օգնությամբ կազմակերպվել էր թուրք մտավորական Հաբլեմիթօղլուի սպանությունը: Մի մարդ ինքնուրույն կարո՞ղ է բանակի ներսում այդպիսի կազմակերպություն ստեղծել: Խոսքը թուրքական զինված ուժերին է վերաբերում: Հանցագործ այս կազմակերպությունը ինձ Մեջլիսում ահաբեկելու ծրագիր է կազմել: Ես սպառնալիքի առնչությամբ դիմեցի Մեջլիսի նախագահին: Անցել է երեք ամիս, ոչ մի արձագանք: Դուք այս երկում ունեք ընդամենը մեկ հայ պատգամավոր: Նրան Մեջլիսի միջանցքում կամ բակում սպանելու՝ կազմակերպության դեռևս 2016-ին ի հայտ եկած մտադրությունը բացահայտվում է, բայց պետական ոչ մի կառույց չի բաեհաճում արձագանքել դրան, ավելին՝ ինչպես միշտ, դեռ աչք է փակում, ինչպես սովորաբար արվում է, երբ թիրախակալվողը քուրդ է կամ հայ գործիչ»:

Օգտվելով առիթից նշենք, որ դոց. Նեջիփ Հաբլեմիթօղլուն իր շենքի առջև սպանվել էր 2002 թվին և սպանության համար դատարանի որոշմամբ մեղավոր ճանաչվեց թուրքական գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների վարչության գնդապետ Գյոքթաշի կազմակերպությունը, որ հարում է Ֆեթուլլահ Գյուլենին:  Ի դեպ՝ Ստամբուլի 1955 թ. սեպտեմբեր 5-6-ի գլխավորապես հույն բնակչությանն ուղղված ջարդերը նույնպես կազմակերպել էր գլխավոր շտաբի հատուկ նշանակության գործողությունների վարչությունը և վարչության այդ ժամանակվա պետ, գեներալ Յիրմիբեշօղլուն տարիներ հետո, ջարդերի տարելիցի առթիվ մամուլին տված հարցազրույցում, ոչ միայն ասել էր, որ ջարդերը կազմակերպել է իր գլխավորած վարչությունը, այլև դրանք բնութագրել «հրաշալի գործողություն»: Մնում է ավելացնել, որ իրենց կաշին չեն փոխում նաև գայլերը, հատկապես եթե գորշ են:     

Հակոբ Չաքրյան