Ինչո՞վ եք զբաղված, հայե՛ր

51

«Մենք սրտի կսկիծով հետեւում ենք Ուկրաինայում ծավալվող իրադարձություններին, որոնք հիմա ակնհայտ է, որ ունենալու են գլոբալ հետեւանքներ։ Մեր հույսն այն է, որ ռուս-ուկրաինական բանակցությունները կկայանան, արդյունք կտան, եւ դիվանագիտությունը կկարողանա լռեցնել թնդանոթները»։ Վարչապետ Փաշինյանի այս խոսքը կարծում եք հնչել է խորհրդարանո՞ւմ, ԱԺ -կառավարություն հարցուպատասխանի ժամանա՞կ, երբ աշխարհում գլոբալ պատերազմից հինգ րոպե պակաս հարկ էր, որ հնչեին պետության ներկայացուցչի գնահատականներն ու Հայաստան երկրի անելիքի գծանիշերը նոր իրավիճակում։ Բայց ոչ, սա հնչել է բոլորովին այլ տեղ՝ ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՀՀ դիվանագիտական ծառայության երեսնամյակի միջոցառմանը, իսկ մեր պետության ղեկավարման առանցքային դերակատարների՝ օրենսդիրի եւ գործադիրի հանդիպմանը, ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, հանրությանն իրազեկելու, կողմնորոշելու, եթե կուզեք՝ հանգստացնելու փոխարեն, ընդդիմությունն ու վարչապետը, միասնական ուժերով լարելով մթնոլորտը, վիժեցրին ԱԺ նիստի չորեքշաբթյա հարցուպատասխանը, համապատասխանաբար նաեւ այս թեմայով հնչելիք հարցերն ու պատասխանները։ Այդ թվում՝ մեր երկրի անելիքներն այս վիճակում բացատրելը, կամ՝ հիմնավորելը, ասենք,թե ինչու մի դեպքում Հայաստանը Ռուսաստանին վերաբերող հարցերում կողմ է քվեարկել ՄԱԿ-ում, մի դեպքում՝ ձեռնպահ, եւ այլն։ Ապրեք, ամենաբարձր բալն եք ստանում, ընդդիմություն ու վարչապետ, սարքված ինտերմեդիայի համար։

Ընդհանրապես՝ խորհրդարանն այս անգամ, աշխարհի խելագարության խորապատկերին, շատ հանգիստ իր դարակազմիկ պարտականությունների իրացման մեջ էր՝ դատավորների թոշակի սոցիալական երաշխիքներն էր ամրապնդում, նրանց միջին 540 հազար թոշակը մի 50 հազարով եւս բարձրացնելով (խեղճ, խեղճ 40 հազար թոշակ ստացող ժողովուրդ՝ դատավորները ոչ միայն կաշառքով դոլարային միլիոնատերեր են դարձել ժամանակին, այլեւ էդ միլիոններով առնված գույքն ու բիզնեսները սպասարկելու համար էլ պետք է կես միլիոն դրամից ավելի թոշակ ստանան)։

Կամ էլ ավելի դարակազմիկ գործով էր զբաղված՝ քննարկում եւ ընտրում էր արդեն նախօրոք որպես ՀՀ նախագահ ՔՊ-ի եւ վարչապետի քարտ-բլանշը ստացած  Վահագն Խաչատրյանին նախագահ դարձնելու հարցը, որը, իր խոսքով, հավակնում է դառնալ ողջ հայության եւ մի բան էլ ավելիի նախագահը. չգիտենք մի բան ավելիով ի՞նչ նկատի ուներ նա։

Երբ ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին հարցրինք, թե նրա շրջապատից համարվող Վահագն Խաչատրյանը բավարար քաշ, հեղինակություն ունի՞ կանգնեցնելու համար իշխող մեծամասնության հնարավոր սխալները, Սուքիասյանը սկսեց թվել Խաչատրյանի բարեմասնությունները, որոնք ակնհայտորեն չեն ձգում մեր ասած խնդիրը լուծելուն, էլ չասած, որ նրա քաղաքապետ աշխատած ժամանակի տարօրինակ որոշումների մասին բոլորն են խոսում։

Հանրապետության նախագահի թեկնածու Վահագն Խաչատրյանը ԱԺ այս շաբաթվա քառօրյային մեկ անգամ առաջադրվելուց հետո երկրորդ անգամ առաջադրվեց, ինչպես օրենքով է, քանի որ առաջին քվեարկությամբ պահանջվող 81 ձանը չլրացավ։ Իսկ ահա երկրորդ անգամ, ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի բնորոշմամբ՝ քաղաքական լայնախոհությամբ եւ ողջամտությամբ աչքի ընկնող թեկնածուն քվեարկությանը միայնակ մասնակցած ՔՊ-ի 71 ձայնը ստացավ՝64 հարկավորի դիմաց եւ ընտրվեց մեր եւ ավելիի նախագահ։

Արդեն նախագահ Վահագն Խաչատրյանի դիրքորոշումները բոլոր առումներով, այդ թվում՝ Հայաստանի սահմանները բացելու, համընկնում են իշխող մեծամասնության կարծիքներին, այս առումով իշխող թիմի եւ նրա միջեւ իսկական ընտանեկան իդիլիա է։Այնպես որ՝ համաձայն ենք այն որակումներին, որ Վ. Խաչատրյանը, ում միայն իշխող մեծամասնությունն էր ընտրում, վարչապետի մոտ նախագահ է աշխատելու։ Անկախ լիազորությունների շատուքչից, նախագահի ինստիտուտի կայացման ներկա հրամայականից, անկախ նրանից, որ հայերիս հարկավոր էր այս պահին իրոք իշխող մեծամասնությանը հակակշռող նախագահ։

Ընդդիմությունն, իհարկե, թեկնածու չէր առաջադրել, չէր մասնակցում երկու նիստին էլ (բացառությամբ՝ «Պատիվ ունեմից» Իշխան Զաքարյանի , որը նաեւ հաշվեքննիչ պալատի նախագահ առաջադրված եւ արդեն ընտրված Ատոմ Ջանջուղազյանի թեկնածությունն ԱԺ ամբիոնից գովեց։ Դե՝ Ատոմ Ջանջուղազյանն ամեն դեպքում մեր քիչ լավագույն մասնագետներից է բոլոր իշխանությունների համար)։

Ընդդիմության գործողություններն այնքան կանխատեսելի են, որ դրա համար անգամ պետք չէ քաղաքագետ լինել։ Ու միգուցե Ռուբեն Ռուբինյանն ակամա խոստովանեց այն, ինչ իրողություն է, թե ամեն ընդդիմադիր խմբակցություն իր ներսի մի քանի խմբակցություն ունի, ու այդ պատճառով մեկ միասնական թեկնածու չէր էլ կարող առաջադրել։

Մի խոսքով՝ նոր նախագահ ունենք,10 օրից կգումարվի ԱԺ հատուկ նիստ, որտեղ նորաթուխ նախագահը կերդվի։

Իսկ ընդհանրապես՝ մեր կարծիքով Խաչատրյանն անցումային թեկնածու է իշխող շրջանակի եւ նրա ստվերային թելադրող հատվածի նոր սցենարի իրականացման ճանապարհին, որին միայն (ինչպես, ի դեպ, Հայաստանում կատարվող բոլոր գործընթացներին), կարող են խանգարել ռուս -ուկրաինական պատերազմն ու դրան հարակից, եւ անգամ՝ մեր տարածաշրջան տեղափոխված գործընթացները։

Ռուս -ուկրաինական գլուխկոտրուկ

Ինչ -որ մի բան այն չէ ռուս-ուկրաինական պատերազմում, ինչ-որ մի բան սողացող-նախագծված է թվում։ Չէ, իրական են ուկրաինական քաղաքների ռմբակոծումները,մարդկային զոհերն ու դժբախտությունները, զոհված զինվորների եւ խաղաղ բնակչության հարազատների ողբերգությունը, ավերածությունն ու քաոսը Եվրոպայի սրտում, քաղաքակիրթ անվանվող ժամանակում։ Սակայն, այնուամենայնիվ, ինչ-որ խաղային բան կա ամեն ինչի մեջ՝ ռուս-արեւմտյան նախորդած փոխսպառնալիքների, ԱՄՆ նախագահի հետուառաջի մեջ, թե՝ չենք կռվի բուն Ուկրաինայում, բայց ՆԱՏՕ-ի սահմանի խախտում թույլ չենք տա։ Եվրոպական երկրների ծուլորեն-անորոշ պահվածքն է զարմացնում՝ կարծես նրանք իրականում չգիտեն իրենց անելիքը կամ ինչ-որ բանի են սպասում։ Արդյոք չի՞ կարող այնպես պատահել, որ Բայդենն ու Պուտինը  պայմանավորված լինեն, չէ՞ որ նրանք երկուսն են ուզում կիսել աշխարհը, նրանք երկուսն են ուզում Եվրոպան պահել իրենցից կախվածության մեջ, ու այդ ցանկությունների՝ մի-քիչ ավել-պակասով իրականացման հետեւանք է պատերազմը, որի զոհը մեծ հաշվով տվյալ դեպքում Ուկրաինան է։ Երբեմն նաեւ թվում է՝ Ուկրաինան հանուն Եվրոպայի մատաղի գառնուկ է դարձել նաեւ իր անմեղսունակ եւ անհմուտ ղեկավարի անհեռատեսության պատճառով։ Դե իսկ տնտեսական, աշխարհաքաղաքական շահերի զոհասեղանին մատուցվող մարդկային կորուստները աշխարհի մեծերի համար միշտ էլ ստորադաս են իրենց գիշատչային ախորժակին։

Համենայնդեպս՝ հիմա, երբ արդեն պատերազմական իրավիճակը շաբաթից ավելի ձգվում է, ռուսական բլից-կրիգը այնքան էլ չստացվեց, երբ կան բավական թվով զոհեր, գերյալներ երկու կողմից էլ, երբ արեմուտքը Ռուսաստանը կռացնում է պատժամիջոցների ծանրության տակ ու ինքն էլ տուժում այդ պատժամիջոցներից, առավել, քան երբեւէ երեւում են մի քանի տեսակի շահեր՝ ռուսական, եվրոպական, անգլոամերիկյան արեւմուտքի, մեկուսի-չինական…

Ողջամիտ կասկած, այո, կարող է լինել, որ աշխարհը կիսողները Եվրոպային են շարքից հանում Ուկրաինայի պատրվակով՝ Ուկրաինայի ժողովրդի հերն էլ անիծած։ Ձեռքի հետ էլ խեղճացնում-փլուզում են Ռուսաստանի տնտեսությունը՝ մինչեւ հաջորդ առճակատման փուլ, քանի որ Ռուսաստանն այս անգամ էլ, անշուշտ, դուրս կգա այս իրավիճակից։ Այլապես ինչ աստիճանի անտրամաբանական պետք է լիներ երկու բազմամիլիոնանոց սլավոնական ժողովուրդների՝ միմյանց կոկորդ կրծելու գործընթացը, եթե այն չի սարքվել կամ հրահրվել ավելի մեծ նպատակների համար։ Ուկրաինայի՝ իբր եվրոպական-ժողովրդավարական լինելու պարզամիտ խայծը երեւի սովորական մարդկանց համար է, որոնք իրենց վրա են կրում պատերազմի տառապանքը, տեղահանվում եւ կորցնում են ունեցվածքն ու տունը, ի վերջո՝ կյանքը։ Այդ թվում՝ Ուկրաինայում ապրող հայերը։ Սարսափելի է անգամ մտածել՝ ինչ աստիճանի ցինիկ են աշխարհի հայրերը։

Առհասարակ՝ հենց ղարաբաղյան վերջին պատերազմը ցույց տվեց, թե որքան անխիղճ է աշխարհը, որքան անմարդկային աշխարհի մեծերի շահը, որոնք այդպես էլ չկանգնեցին մի քանի հազար կորուստ տված-հայրենիք կորցրած հայերիս կողքին, իսկ հիմա երեսպաշտորեն իբր Ուկրաինային են աջակցում, թողնելով , սակայն, այդ երկիրն ավերվի, արյունաքամ լինի։ Ուկրաինան չի լինի, Եվրոպան հենց ինքը կթուլանա, քանի որ նույնպես կախված է ռուսական ռեսուրսներից ու գազից, այսինքն՝ պատժամիջոցները Ռուսաստտանի դեմ դեպի Եվրոպա ռեկոշետով հետ գնացող զենքի հարված են, որի հետեւանքները մենք բոլորս մեր մաշկի վրա զգալու ենք։

Կտուժի նախ Ռուսաստանը, որի տնտեսությունը պարզապես անմրցունակ կդառնա, կտուժենք մենք՝ հաղորդակից անոթով կապված Ռուսաստանի տնտեսությանը՝ թանկացումներ, ապրանքների պակաս, արժեզրկում։ Իսկ թե ինչ հաշվարկներով, հեռահար ինչ շահով է Պուտինը վաբանկ գնացել՝ դա ոչ մի կերպ չի կարող հավասարակշռել մարդկային ողբերգությունները, որոնք կան եւ դեռ պատերազմի հետեւանքով լինելու են։ Կշահեն օվկիանոսից այն կողմ գտնվող դիրիժորները, որոնց ֆիզիկապես պատերազմը չի առնչվելու, մինչդեռ պատերազմից ամենամեծ տնտեսաան շահը նրանք են ստանալու։ Անգամ Թուրքիան է հասկացել մեծ խաղի մասին, եւ, Ուկրաինայի դաշնակիցը լինելով՝ Ռուսաստանից , նրա հետ կապերից չի հրաժարվում, մի քանի ցուցադրական քայլեր անելուց բացի (Բոսֆորի նեղուց փակել ու դրա նման բաներ)։ Վրաստանն անգամ Ռուսաստանի դատապարտման գործընթացից առարկայորեն հեռու է մնում, Ադրբեջանն իրեն պահում է խորամանկ աղվեսի պես։

Այս բոլորի մեջ ինձ սարսափեցնողը հայերն են։ Փոխանակ այսօր բոլորի հայացքն ուղղված լինի նոր իրավիճակին դիմակա հակաքայլեր մշակելուն, քանի որ պատերազմն ակտուալ է դարձնելու մեր հաղորդակցության ուղիներից ուրիշ պետությունների օգտվելու հարցը, փոխանակ տնտեսությունը պաշտպանելու խնդիրները քննարկելու, փոխանակ ազգովին, այդ թվում հանրային տիրույթներում, միասնական մոտեցումներ ձեւակերպելու խնդիր քննարկվի՝ մի ուրիշ կարգի պառակտում է սկսվել Ռուսաստան-Ոիկրաինա հակամարտության թեմայով։

Տեսեք ինչպես են հայ մարդիկ սոցիալական ցանցերում իրար անպատվում , ուկրաինամետ կամ ռուսամետ ներկայանալով՝ իրար վերջին հայհոյանքները շպրտում, մեկը մյուսին ստրուկ ու ազգադավ անվանում։ Այն աստիճանի, որ մնում ես արմացած -զարմացած՝ այս տեսակ հանրույթ ունենալով, ախր, մենք վաղուց պետք է վերացած լինեինք, ինչպե՞ս է, որ կանք։ Այս ի՞նչ եք անում, հայե՛ր, դեռ այս կամ այն մոտեցմամբ բողոքի գործողությունները դեսպանատների առաջ չհաշված, քանի որ դրանք չեն կարող առողջ մարդիկ իրականացնել։ Այս ինչի՞ ենք վերածվել, այս աստիճանի սեւ-սպիտակ ե՞նք դարձել, ի՞նչ ժողովրդավարություն, ի՞նչ ռուսամոլություն, ի՞նչ ուկրաինամոլություն, չե՞ք տեսնում, որ նոր աշխարհակարգն է մոլեգնում, ու մեր նման ազգերը գոյաբանական խնդիր ունեն։ Այս աստիճանի հեռացած մեր ազգային առանցքից ու խնդիրների՞ց։

Դուք ուրիշ բանուգործ չունե՞ք։ Շուտով տրանսպորտային եւ էներգետիկ շրջափակման մեջ հայտնված Ռուսաստանը գույքագրելու է իր դաշնակիցների հնարավորություններն, ու այսպես կոչված Զանգեզուրի միջանցքն ավելի ակտուալ է դառնալու, մենք պատրա՞ստ ենք դրան։ Պատրաստ ե՞նք հացահահատիկի ու Ռուսաստանից եկող ապրանքի բացակայությանը, ինչո՞վ ենք փոխարինելու դրան, ո՞ր երկրի հետ առեւտրով ենք մեզ հարկավոր ծավալն ապահովելու։

Պատրաստ ե՞նք նրան, որ ռուսները Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ են նոր իրավիճակով պայմանավորված տնտեսական խնդիրներ լուծելու, ու մեր դերն էլի է նեղանալու, մեր խնդիրներն ավելի տարածաշրջանային նշանակություն են ստանալու՝ ի վնաս մեզ։ Որ Մինսկի խմբի համանախագահների ինստիտուտն այս բոլորից հետո հազիվ թե գործի, իր հետեւանքներով հանդերձ, եւ այլն։ Իսկ դուք, հայեր, համացանցում նստած՝ իրար եք անպատվում, ուկրաինացիների ու ռուսների դարդն եք լացում, միմյանց թշնամանում՝ ուկրաինացիներից ու ռուսներից առավել։

Նոր տնտեսական աշխարհակարգն է պատուհանի տակ ցավոտ աղմկում, իսկ մերոնք մնացել են պարզ առճակատման հին սխեմայի մեջ։ Մեր տնտեսական անվտանգությանն ուղղված մարտահրավերներն են տասնապատկվում, Ռուսաստանից, Ուկրաինայից տուն պահող հայերի կյանքը եւ տուն ուղղված ֆինանսները հայտնվում են հարցականի տակ, նրանց ապաստան տալու խնդիրը Հայաստանի ու սփյուռքի համար գլոբալ խնդիր է դառնալու՝ մերոնք ցանցային պատերազմներով են զբաղված ռուսամետ-ուկրաինամետ սխեմայով, իրենց ուղղված մարտահրավերները թողած։ Արդեն նկատելի է, որ դրամը եւս կարող է փլուզվել՝ հետխորհրդային փլուզումը տեսածներիս փորձը վկա։

Լավ է դեռ, որ նման հարցեր երեկ բարձանում էին ԿԲ խորհրդի անդամի թեկնածության քննարկման ժամանակ Ազգային ժողովում։

Միգուցե կառավարության երեկվա նիստում ընդունված որոշումը՝ ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությանը 13 մլն դրամ գումար հատկացնել՝ Երասխ-Ջուղա-Մեղրի-Հորադիզ երկաթուղու գեոդեզիական աշխատանքների համար հենց ինչ-որ կանխող տրամաբանություն ունի, չգիտենք։ Սա, ըստ պատասխանատուների, այն չափորոշիչները հստակեցնելու համար են, որոնցով հետագայում նախագծման աշխատանքները կպատվիրվեն եւ տեխնիկական առաջադրանքները կկատարվեն։ Կուսումնասիրվեն թունելները, սրահները, կայարանները, հատումների որոշակի հատվածները, ոռոգման խողովակաշարերը, որոնց մասնագիտական գնահատման անհրաժեշտություն կա եւ մասնագիտական խումբ է գործուղվում այնտեղ։ Ըստ կառավարության ղեկավարի՝ Երասխ-Սադարակ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու հայաստանյան հատվածի դաշտային աշխատանքներն են սկզբնավորվում՝ Սոչիի ու Բրյուսելի համաձայնագրերի պայմանավորվածությունների ամրագրման աշխատանքներին զուգահեռ, ժամանակը ռացիոնալ է օգտագործվում։

Բայց գուցե հոռետես ենք, քանի որ խիստ կասկածում ենք, թե ռուս-ուկրաինական առճակատումից եւ ողջ աշխարհում տեղի ունեցողի տրամաբանությունը փոխելուց հետո՝ ինչ-որ պայմանավորվածություններ՝ Սոչիի, Բրյուսելի եւ այլ, կգործեն, ցավոք, թե բարեբախտաբար։

Կապրենք- կտեսնենք։

ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ

Հ.Գ.-Մերոնք խորհրդարանում հինգշաբթի դեռ խոսում էին այն մասին՝ Սանասա՞ր է, թե Կուբաթլու, ըստ վարչապետ Փաշինյանի՝ մատ թափ տալով արած հարցադրման, եւ թե՝ ո՞վ էր վատ փաստաթղթով բանակցում երեսուն տարի, ո՞վ է հողատու, ո՞վ՝ ոչ։

Դե զբաղվում ենք, էլի, մինչեւ աշխարհի մեծերը նոր փաստի առաջ կանգնեցնեն մեզ։ Սեյրան Օհանյանը հստակեցրեց՝ Կուբաթլի չէ, այլ՝ Սանասար, առհասարակ՝ ազատագրված բոլոր տարածքներին էին Սանասար, որոնք ներկա իշխանությունը հանձնել ու, այդպիսով, Կուբաթլի է դարձրել։ Սեյրան Օհանյանը, Տիգրան Աբրահամյանը, Արծվիկ Մինասյանը, Արմենուհի Կյուրեղյանը, Ռուբեն Ռուբինյանը, Արման Եղոյանը, Վաղարշակ Հակոբյանն ու այլք Ազգային ժողովում կարծես թե իրար մեջ պարզեցին ղարաբաղյան հարցի բանակցային գործընթացի նրբությունները, 2016 թվականի հունվարին բանակցային սեղանին դրված նոր ու վատ առաջարկը՝ առանց միջանկյալ կարգավիճակի պահպանման, ազատագրված յոթ շրջանի վերադարձով։ Բայց դա նշանակություն հազիվ թե ունենա՝ առաջիկայում ընդդիմություն-իշխանություն նոր մենամարտերի քաղաքական բալաստի տեսանկյունից։