Արցախում տեղի ունեցող իրադարձություններին անմիջաբար մոտ ու տեղյակ է Ռուսաստանի զինվորականությունը՝ ի դեմս խաղաղապահ զորախմբի: Մարտի 5-ի ադրբեջանական արյունոտ սադրանքի մասին ՌԴ պաշտպանության նախարարության հաղորդագրությունում հենց վերնագրից զինվորական ուղղամտությամբ հստակ նշվում է՝ ադրբեջանական զինվորականները գնդակոծել են Լեռնային Ղարաբաղի իրավապահներով մեքենան: Իսկ նույն երկրի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչը, միջադեպի իր մեկնաբանությունում մտահոգություն հայտնելով հակամարտության գոտում լարվածության սրման ու վերջին օրերին այստեղ կրակի դադարեցման ռեժիմի հաճախակի խախտումների առնչությամբ, իրեն հատուկ «մոռացկոտությամբ», ինչպես միշտ, չի նշել այդ ամենի հեղինակին եւ հավասարության նշան դնելով՝ զսպվածության կոչ է արել երկու կողմերին էլ: Եթե անգամ սա «դիվանագիտություն» է, ակնհայտ է, որ այն կամա թե ակամա շարունակում է խրախուսել եւ հետզհետե ավելի անսանձ դարձնել ալիեւյան ռեժիմին:
Ռուսական լրատվամիջոցներն էլ նման դեպքերում սովորաբար աշխատում են հակամարտության կողմերի միջեւ հավասարություն պաշտպանել, բերելով երկու կողմերի մեկնաբանությունները կամ ասելով՝ այսինչ օրը հայ եւ ադրբեջանական կողմերը միմյանց մեղադրեցին հրադադարը խախտելու հարցում… Սակայն որոշ լրատվականներ, չգիտես դիտավորյալ, թե անպատասխանատու թյուրիմացությամբ, տարածում են նաեւ հատկապես արցախյան հիմնախնդրի ու դրա հետ կապված հակամարտության էությունը նենգափոխող սադրիչ ապատեղեկատվություն: Նման մի ցավալի օրինակ է, ահա, «Իզվեստիա»-ի կայքէջի մարտի 5-ի հրապարակումը, որի վերնախորագիրն է «Հակամարտության սրումը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Դեպքը տեղի է ունեցել Արցախում, ադրբեջանցի զինվորականների եւ արցախցի ոստիկանների միջեւ, իսկ իրենք ասում են՝ Հայաստանի եւ…
Այդ նյութի վերջին պարբերությունում իբրեւ ընդհանուր տեղեկություն մասնավորապես ասվում է. «Հայաստանի եւ Ադրբեջանի հարաբերությունները սրվել են Լեռնային Ղարաբաղի պատկանելության վիճարկման համապատկերում…»: Բա չասե՞ս՝ ձեր անմեռոն երեսներին անձրեւ գա: Արցախի ինքնորոշման փոխարեն՝ իբր Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ տարածքային վեճ, երբ հենց իրենք նույն նախադասության շարունակությունում Արցախի մասին նշել են, որ այն 1988 թվին հայտարարել է Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից դուրս գալու մասին: Իսկ թե ինչպե՞ս եղան, ո՞վ սկսեց Արցախի ինքնորոշման դեմ նաեւ իրենց նշած 1992-1994 թ. «ռազմական հակամարտությունը» եւ 2020 թ. սեպտեմբերյան «ռազմական գործողությունները», այդ մասին, իհարկե, ոչ մի խոսք:
Միջադեպի օրվա մասին «Ռբկ.ռու»-ի բոլոր 3-4 հաղորդագրությունները եւս վերնախորագրված են «Հայաստանի եւ Ադրբեջանի հակամարտությունը»: Եվ, ո՛վ անհեթեթություն. չնայած հիմնական հաղորդագրության տեքստում գրված է «փոխհրաձգություն է տեղի ունեցել ադրբեջանցի զինվորականների եւ ԼՂՀ ոստիկանության աշխատակիցների միջեւ…», նյութը սակայն վերնագրված է «Ղարաբաղում տեղի է ունեցել բախում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Երբեւէ լինելո՞ւ է անվերջ տարածվող նման վտանգավոր ստահոդություններին պետական պաշտոնական պատասխան ու բողոք, պահանջ:
Չգիտենք՝ խորհրդային տարիների հայտնի «Պրավդա» թերթի հետ որեւէ կապ ունի թե ոչ «Պրավդա.ռու» լրատվական գործակալությունը, բայց վերջինիս կայքէջում հրապարակված համապատասխան տեղեկատվությունը մեզ ակամա հիշեցրեց ա՜յն «Պրավդա»-ի տխուր «ավանդույթները»: Նրա, որ արցախյան ազատագրական շարժումը հենց սկզբից որակեց որպես էքստրեմիստական, այսինքն ծայրահեղական, համաժողովրդական այդ շարժման հանրահավաքները՝ սադրիչ ու «փողոցային դեմոկրատիա», Սումգայիթի ու Բաքվի բարբարոսական ջարդերը՝ մի խումբ խուլիգանական տարրերի մանր անկարգություն: «Հայաստանն ու Ադրբեջանը,- գրում է այս «Պրավդա.ռու»-ն,- հերթական անգամ մեկը մյուսին մեղադրեցին ագրեսիա իրագործելու մեջ՝ Լեռնային Ղարաբաղի վիճելի տարածաշրջանում երկու երկրների (այսինքն Հայաստանի ու Ադրբեջանի – Գ. Մ.) անվտանգության ուժերի միջեւ կիրակի օրը տեղի ունեցած փոխհրաձգությունից հետո»: Ապա նաեւ կրկնում է, թե մարտի 5-ին այսինչ ճանապարհին գնդակոծվել է Հայաստանի ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության՝ Ստեփանակերտից գնացող հերթապահ մեքենան…
Լավ, եթե դուք այդքանդ համամիտ եք ու չեք ժխտում, որ Արցախն իրոք Հայաստան է, նրանից անարդարացիորեն պոկված մի մաս, ապա հենց այդպես էլ հայտարարեք՝ բոլորն իմանան:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ