Քաղաքագիտական բայերի բառարան
Հայերեն բայերն օժտված են զարմանալի կենսունակությամբ: Մեկ էլ տեսար, սովորական գործողություն ցույց տվող այդ խոսքի մասն արտահայտում է բարդ «աշխարհաքաղաքական» բայիմաստ: Հենց այդ զարմանալի առանձնահատկությունների հաշվառմամբ էլ կազմել ենք սույն ՔԱՂԱՔԱԳԻՏԱԿԱՆ ԲԱՅԵՐԻ ԲԱՌԱՐԱՆԸ.
ՆԿԱՐԵԼ- Նախնական իմաստով նշանակում է «առարկայի՝ անձի, տեսարանի եւ այլնի պատկերը վերարտադրելը որեւէ մակերեսի վրա»: Բայց մեր օրերում ՆԿԱՐԵԼ բայը նաեւ արտահայտում է «ընտրությունների ելքն ամփոփող թվերի գեղարվեստական ձեւափոխումով, հանրությանը առավել ցանկալի արդյունքներ ներկայացնելու» իմաստը:
ՄԱՇԵԼ- Կամ, այդ բայի պատճառական՝ ՄԱՇԵՑՆԵԼ ձեւը, նշանակում է «հագնելով, գործածելով հնացնել՝ անպետքացնել»: Բայց երբ բայն օգտագործվում է թուրքերեն ծագումով ՔՅՈՔ՝ (արմատ) բառի հետ, այդ ժամանակ ձեռք է բերում միանգամայն նոր՝ «մրցակցի քաղաքական վարկանիշը հնարավորինս զրոյականացնել» բայիմաստը:
ՓՌԵԼ- «Տարածել եւ սփռել» իմաստային նրբերանգներով օժտված սույն բայը, երբ համատեղվում է ասֆալտի հետ, քաղաքագիտության մեջ ձեռք է բերում «դաստիարակել» նշանակությունը:
ԽՓԵԼ- «Հարվածել, զարկել» նախնական իմաստն արտահայտող բազմիմաստ բայը մեր օրերում, հատկապես «որքան պետք է, էդքան էլ կխփենք» թեւավոր դարձած խոսքի մեջ, ստացել է «Քո ինչ գործն է» խորհուրդը:
ԹՌՆԵԼ- «Թեւերի օգնությամբ օդում սավառնել» նշանակությամբ բայը քաղաքագիտության մեջ կիրառելի է այն ժամանակ, երբ քաղաքական այրը ժամանակին կարողանում է անհետանալ՝ մարդկանց հիշողության մեջ թողնելով վերջինիս տված փքուն խոստումները:
ԿՐԵԼ- «Ծանրություն՝ բեռ վերցնել իր վրա, շալակել» իմաստային նրբերանգից բացի,
ԿՐԵԼ բայը մեկ անգամ օգտագործվել է նաեւ «ընտրություններում անառարկելի հաղթանակ տանելու ցանկություն արտահայտել» նշանակությամբ: Հուսանք, որ այդ իմաստով բայն այլեւս չի օգտագործվելու:
ՎԵՐԲԱԼ- Ոչինչ չարտահայտող այդ բառային միավորը ոչ բայ է, ոչ էլ առավել եւս՝ հայերեն բայ: Բայց, քանի որ ձեւով նման է հայերեն բայերին, եւ քաղաքական դաշտում «վերբալ մարմնավաճառ» բառակապակցության մեջ մի անգամ հենց այնպես օգտագործվել է մեր խորհրդարանում, փորձեցինք մի կերպ խցկել մեր բառարանի մեջ՝ գաղափարը հղացողի հեղինակային իրավունքն արձանագրելու նպատակով:
ԲՌՆԵԼ- Առանձին վերցրած «ԲՌՆԵԼ» բայը քաղաքագիտության մեջ իմաստ չունի, բայց երբ այն օգտագործվում է «բռնել, բաց թողնել» հարադրության մեջ, ձեռք է բերում «իմիտացիոն գործողությամբ զբաղվել» նշանակությունը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ