Հայկական զինանշանն ու պատկառազդու առյուծը
Քանի որ առյուծազարդ հայկական զինանշանի հարցն է այս օրերի մեր հրատապ թեման, ասեմ, որ առյուծն ու ընձառյուծը, ըստ իրանցի անվանի բանաստեղծ Նասեր Խոսրովի (եւ ոչ միայն), իբրեւ պատկառանք ներշնչող խորհրդանիշեր, օգտագործվել են արքայական դրոշների պատկերազարդման համար:
Շահական Իրանի զինանշանն էլ էր զարդարված ԱՌՅՈՒԾԻ ու ԱՐԵԳԱԿԻ պատկերներով, եւ այն կոչվում է ՇԻՐ-օ-ԽՈՐՇԻԴ՝ «առյուծ եւ արեգակ»: (Պարզ չէ միայն, թե Իրանի զինանշանի ԱՐԵԳԱԿՆ ի՞նչ կապ ուներ 1.648 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Իրանի հետ):
Հայկական չորս թագավորական տոհմերի՝ Արտաշեսյանների, Արշակունիների, Բագրատունիների եւ Ռուբինյանների զինանշանների վրա նկարազարդված առյուծի պատկերն էլ հավանաբար 1992 թվականի ապրիլի 19-ին Հայաստանի Գերագույն Խորհրդի կողմից ընդունված զինանշանին պատկառանք ներշնչելու համար է նախատեսվել:
Սակայն դա բավարար չէ փակելու հայկական ու իրանական զինանշաններով պայմանավորված հայ-իրանական ընդհանրությունների թեման:
Հայ-իրանական բազմաթիվ ու բազմատեսակ ընդհանրությունների մեջ ԱՌՅՈՒԾՆ իր դերն է ունեցել նաեւ այլ առիթներով:
Մոհամմադշահի ղեկավարած Կաջարական հարստության այն ժամանակահատվածում, երբ իրանցիների պատմական հիշողության մեջ դեռ շարունակում էր դրոշմված մնալ ՇԻՐ-օ-ԽՈՐՇԻԴ՝ «ԱՌՅՈՒԾ եւ ԱՐԵԳԱԿԻ» պատկերը, որոշում կայացվեց համալրել Իրանի պետական խորհրդանիշերի շարքն, ու տվյալ ժամանակաշրջանի պահանջներին համապատասխան՝ ստեղծել դիզայներական լուծումներով նոր զինանշան: Ընտրությունը կատարված էր հօգուտ արքայաց պատվին արժանի, թուրը ձեռքին ու արեգակը ուսին՝ խրոխտ կեցվածք ընդունած պատկառազդու ԱՌՅՈՒԾԻ:
Նույն պահին, երբ 1810 թվականին կաթողիկոսական օծումն ստացած Եփրեմ Ա Ձորագեղցին արժանանում էր ռուսաց թագավոր Ալեքսանդր 1-ի կողմից բարձր հրամանով տրված Ս. Աննայի առաջին աստիճանի շքանշանին, պարսից Մոհամմադշահը պատգամ է ուղարկում Հայոց Կաթողիկոսին՝ ելնելով աշխարհաքաղաքական բալանսը չխախտելու պայմանավորվածությունից, չկրել այն՝ քանի դեռ ինքը Կաթողիկոսին չի նվիրաբերել իր երկրի համարժք շքանշանը:
Այսպիսով, առաջին անգամ Իրանում Եփրեմ Կաթողիկոսի պատվին շրջանառության մեջ է դրվում ԱՌՅՈՒԾԸ պատկերող նոր շքանշան:
Պատմությանը հայտնի այս դրվագով էլ չի սահմանափակվում առյուծներով պայմանավորված հայ-իրանական ընդհանրությունների թեման:
Իրանում թեւածում է պատմական փաստերով չամրագրված մի ավանդապատում, համաձայն որի, Հայաստանն անկախությունից զրկած Շահաբբաս Առաջինը, ի նշան իր հաղթանակի, Հայկական խորհրդանիշը հանդիսացող ԱՌՅՈՒԾԻ մեջքին դրվագել է տվել իրանական խորհրդանիշի՝ ԱՐԵԳԱԿԻ պատկերը եւ ստացել ՇԻՐ-օ-ԽՈՐՇԻԴ՝ «առյուծ եւ արեգակ» զինանշանը:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ