Գունավոր կենդանիներ
Մեր կենցաղում կենդանիների զբաղեցրած տեղն այնքան զգալի է, որ անհնար է դրանց հետ մեր կյանքի առօրյա ռիթմը չհամաձայնեցնել:
Օրինակ, տարբեր ազգերի մոտ դժբախտության ավետիչ համարվող ՍԵՎ ԿԱՏՈՒՆ, երբ հատում է ճանապարհդ, անախորժությունների պատճառ է դառնում: Բայց սպիտակը անվրդով ու անկաշկանդ, առանց որեւէ մեկին տհաճություն պատճառելու, շարունակում է հատել մարդկանց ճանապարհներն ու զերծ մնալ անվանարկող պիտակավորումներից:
Նույն չարաբաստ հատկանիշն է վերագրված նաեւ ՍԵՎ ՇԱՆԸ՝ «դժոխային շուն» կեղծանունով եւ գերբնական հատկություններով օժտված առասպելական արարածին, ում հանձնարարված է, ըստ ավանդույթի, հսկել դեպի մահացածների աշխարհ տանող մուտքը կամ զբաղվել մոլորված ոգիների որսով:
Քանի որ ՍՊԻՏԱԿ ԱԳՌԱՎՆԵՐԸ բնության մեջ քիչ են հանդիպում, ուստի դրանք դարձել են մատնացույց անելու առարկա, ցուցադրելու այնպիսի վարք ունեցող անձանց, որոնք տարբերվում են մյուսներից: Ի դեպ, «սպիտակ ագռավ» բառակապակցության փոխարեն իրանցիներն օգտագործում են «սպիտակաճակատ կով» արտահայտությունը: Սպիտակ գույնի ճակատ ունեցող այդ կենդանին արտասովորության հակասական խորհրդանիշ է, որը հաճախ կապված է շրջապատի կողմից չհասկացվածության եւ օտարացման հետ:
Իսկ աղվեսների աշխարհում ՍԵՎ ԱՂՎԵՍԸ, շնորհիվ իր հագին եղած թանկարժեք մուշտակի, դարձել է հազվագյուտ ապրանքների ու հազվադեպ երեւույթների խորհրդանիշ, որի կիրառելիության աստիճանը մեզանում օր-օրի աճում է: Իսկ Իրանում հազվագյուտ ապրանքներից առանձնանում է «սեւ գույնի սիսեռը», որը շատ օգտակար հատկություն ունի ոչ ցանկալի մարդկանց անորոշ հասցեով ուղարկելու, հետեւաբար նաեւ՝ «ցրելու» համար:
Սեւ գույնի կենդանիների շարքում, աղվեսից բացի, պատվավոր տեղ ունի նաեւ ՍԵՎ ՁԻՆ: Հայ դասական մատենագրությունից մեզ հայտնի բանաստեղծության «Հեծաւ արի արքայն Արտաշէս ի սիաւն գեղեցիկ» տողում թեեւ ՁԻ բառն օգտագործված չէ, սակայն արքաների փառասիրությունից գիտենք, որ Հայոց թագավորը հազիվ թե ձիու փոխարեն սեւ ավանակ կամ սեւ ջորի նստեր: Այդ պատճառով էլ ենթադրում ենք, որ մեր պատմության դասական շրջանում ՍԵՎ ՁԻՆ ունեցել է նույն նշանակությունը, ինչ այսօր մեր բարձր ղեկավարության համար ունի 90 մլն դրամ արժողությամբ սեւ գույնի BMW 750Li xDrive LCI դասի արարողակարգային լյուքս ավտոմեքենան: Իսկ բախտի թախտին նստած օրիորդների աչքն այսօր սպիտակ կամ սեւ ձիու փոխարեն, ավելի շատ ցանկացած գույնի լյուքս ավտոմեքենաների ղեկին նստած արքայազնների ճամփին է:
Հայ ժողովրդի բանահյուսական կենցաղում եւ, մասնավորապես, հրաշապատում հեքիաթներում առկա են ԿԱՐՄԻՐ ԿՈՎԻ պաշտամունքի հետքեր, որից էլ մեր լեզվում հաստատուն տեղ է զբաղեցրել «կարմիր կովը կաշին չի փոխի» թեւավոր խոսքը, որը, ինչ-որ տեղ (հեռու կովերից) համազոր է «թուրքը մնում է թուրք» արտահայտությանը:
Բնականաբար, թյուրքական ցեղերի համար ոչ մի կենդանի այդքան հարգի չէ, որքան ոչխարը: Դրա պարզ ապացույցը 14-15-րդ դարերում Առաջավոր Ասիայում Կարա-կոյունլուների (թյուրք. qara «սեւ» եւ qoyun «ոչխար», բառացի՝ «սեւ ոչխարավորներ»), քոչվորական ցեղերի միավորման եւ Ակ-Կոյունլուների (թյուրք. aq «սպիտակ» եւ qoyun «ոչխար». սպիտակ ոչխարավորներ) ցեղապետության անվանումներն են:
ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ