Յոթ կաշի չփոխելու սկզբունքայնությունը
«Կարմիր կովը կաշին չի փոխում» ասելով՝ նկատի չունենք, թե բնության մյուս արարածները, այդ թվում՝ մարդը, կարող են կաշին փոխել: Մարդը կարող է փոխել կաթնատամը, ամուսնանալուց հետո նաեւ ազգանունը, բայց ոչ՝ կաշին:
Ճի՛տ է, մարդը չի կարող սեփական կաշին փոխել, բայց դահիճները կարող են նրան մորթազերծել ու մաշկահան անել: Հենց դրա համար էլ մեր հարեւան երկրում դահիճին մորթազերծող, այսինքն՝ cellat են անվանում:
Հակառակ տարածված պնդումների՝ օձն էլ կաշին չի փոխում: Պարզապես այդ սողունի կերպափոխման ենթակա կիսաթափանցիկ թաղանթը ժամանակ առ ժամանակ թափվում է, բայց կաշին մնում է անփոփոխ:
Քամելեոններն էլ սկզբունքորեն դեմ են կաշի փոխելու սովորույթին: Մողեսների այդ տեսակը՝ միջատ որսալու համար, մարմնի բջիջների մեջ պարունակվող պիգմենտների օգնությամբ փոխում է միայն իր գույնը, բայց ոչ՝ կաշին:
Ավանակին էլ կաշի փոխելը բնորոշ չէ: Հայկական ասացվածքով՝ էշին վերապահված «փալան փոխելուց» հետո էլ այդ կենդանու հետ ոչինչ չի փոխվում: Էշը մնում է նույն համառ էշն ու չի փոխում իր կաշին:
Շունն էլ կաշի փոխելու հատկություն չունի, սակայն դրա փողոցային տեսակը ձեռնոցների պես փոխում է իր տերերին եւ, միեւնույն է, շարունակում է մնալ նույն պնակալեզն ու շողոքորթաբար պահպանում է իր կաշին:
Նորաձեւ երեւալու համար մորթապաշտ նորելուկները հաճախ են փոխում իրենց շապիկները, իմիջը, քաղաքական գործընթացների մասին իրենց կարծրացած պատկերացումները, ճամբարը, մասնագիտությունը, կենցաղային հոգսերից ելնելով՝ անգամ տան պատուհանից դեպի Հայկական լեռնաշխարհ բացվող տեսարանը, իրենց իսկ հորինած խաղի կանոնները, բայց ոչ՝ կաշին:
Գ. ԱՌԱՔԵԼՅԱՆ





