Այդ մասին մայիսի 17-ի համարում գրել է Կ. Պոլսո «Ակօս» շաբաթաթերթը: Անստորագիր հոդվածում հեղինակը նշում է, որ Ժ. Լիպարիտյանը մասնագիտությամբ պատմաբան է եւ պաշտոնաթող դիվանագետ, 1991-1997 թթ. եղել է նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի գլխավոր խորհրդականը, ՀՀ արտգործնախարարի առաջին տեղակալն ու Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը: Նա Ստամբուլ է ժամանել իր հեղինակած «Հայաստան-Թուրքիա հարաբերությունները» գրքի թուրքերեն հրատարակության շնորհանդեսին մասնակցելու համար:
Գրքում Լիպարիտյանը, ըստ «Ակօսի», ներառել է 1978-2017 թթ. հրապարակված հոդվածները, ելույթներն ու հարցազրույցները, մանրամասն լուսաբանել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունները եւ բանակցային գործընթացները: Նա միաժամանակ անցյալի վերագնահատումից զատ, առաջարկի տեսքով ներկայի եւ ապագայի մասին իր պատկերացումներն ընթերցողին ներկայացնելիս՝ փորձում է երեւան հանել հայերի եւ թուրքերի միջեւ առկա խնդիրների խորքային արմատները, դրանց կարգավորումը դժվարացնող ըմբռնումները եւ կանխակալ մոտեցումները: Դրա հետ մեկտեղ հողինակը քննադատական մոտեցում է ցուցաբերում պատմության մեջ Հայաստանի եւ հայերի խաղացած դերին, ինչպես նաեւ պատմության նկատմամբ Թուրքիայի պաշտոնական թեզին:
Հ. ՉԱՔՐՅԱՆ