Հայ դատի ու հայոց ցեղապասպանության ճանաչման եւ դատապարտման մասով Թուրքիայի պահանջատիրությունը միշտ էլ այն է եղել, որ այդ հարցերով ոչ թե Հայաստանը պետք չէ զբաղվի: «Ազգի» հետ զրույցում նման տեսակետ թուրքագետ Ռուբեն Մելքոնյանն է հայտնում՝ նշելով, որ 2018-ի քաղաքական վերդասավորումներից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունն, ըստ էության, ձեռքերը լվացել է թե՛ Ցեղասպանության ճանաչման, թե հայ դատի առաջմղման գործընթացից՝ արդարանալով, թե դրանք սփյուռքի կառույցների տիրույթում են:
– 2015-ին համահայական հռչակագիր ենք ստորագրել, ինչը մի քանի կարեւոր հանգամանք էր սահմանում, դրանցից երկուսն եմ ընդգծում. առաջինը՝ որ Հայաստանը բոլոր տեսակի ցեղասպանությունները դատապարտում ու հանդես է գալիս որպես համամարդկային չարիքի դեմ պայքարի առաջամարտիկ պետություն: 2018-ից հետո սակայն այդ դրոշակը վայր նետեցինք ու հրաժարվեցինք դրանից: Երկրորդ շեշտադրումն այն էր, որ Հայոց ցեղասպանության խնդիրը ոչ թե ինչ-որ մի ուժի կամ կուսակցության, այլ համահայկական խնդիր ու օրակարգ է, բայց դա էլ լիովին դուրս եկավ հայաստանյան հասարաքաղաքական տիրույթից, ու հայերիս այդ գաղափարի շուրջը համախմբելու հույսը, ըստ էության, այս տարիներին չեզոքացավ: Ինչ վերաբերում է Ցեղապսնության ճանաչման ու դատապարտման գործընթացին, ապա դա 2018-ից հետո իներցիայի ուժով էր ընթանում ու բարձրաձայնվում այն պետությունների կողմից, որոնց դա ձեռնտու էր: Հայաստանը՝ որպես պահանջատեր երկիր, կա՛մ պասիվացավ, կա՛մ լիովին դուրս մղվեց այդ գործընթացից ու վերածվեց հռչակագրային հայտարարություններ անողի:
– Այսինքն՝ եթե անգամ ԱՄՆ նախագահ Բայդենի կողմից է հնչում Ցեղասպանություն բառը, այն սոսոկ մահակի դեր է կատարում:
– Հայոց ցեղապսանության խնդիրը միշտ էլ համաշխարհային քաղաքականության մաս է եղել, երբ լարվել են Իսրայելի ու Թուրքիայի հարաբերությունները Իսրայելի իշխանություները հիշել են Հայոց ցեղասպանությունը, նույնը նաեւ Թուրքիա-ԱՄՆ հարաբերությունների մասով կարող ենք ասել: Բացի միջազգային քաղաքականության մաս լինելուց ՝ Ցեղասպանությունը մեր պետականության մի մասն է, այն հիշելն ու դրա ճանաչման գործընթացը՝ պարտականությունը: Հայոց ցեղասպանության պահանջատերը պետք է լինենք ու համայն մարդկությանը կոչ անենք՝ այն դասել համամարդկային չարիքների շարքին, իսկ հայտնի «այլեւս երբեք» կարգախոսը դարձնենք համամարդկային ընկալման: Ցեղապսանության չճանաչումները բերում են նաեւ մերօրյա վայրագություններին. ռուս-ուկրաինական, 44-օրյա պատերազմի ժամանակ տեսնում ենք ցեղասպանական գործողություններ: Մարդը մեկ այլ՝ անպաշտպան մարդուն ուղղակի ծիսական-ռիտուալային սպանդի է ենթարկում, ինչը ցեղասպանական մտածողություն է: Այսինքն՝ սպանողը գիտի, որ Հայոց ցեղասպանությունն էլ չի դատապարտվել եւ իր սպանելու մոլուցքը չի դիտարկում որպես համամարդկային չարիքի դրսեւորում: Այն ուղիները, որ մեզ համար ուղենիշ կարող էին լինել Ցեղասպանության ճանաչման խնդիրն այլ ՝ համամարդկային հարթակ տեղափոխելու հարցում, կարծում եմ՝ լճացավ, ճահճացավ ու դուրս եկավ քաղաքական իրադարձությունների տիրույթից:
– Հնարավո՞ր է՝ վաղը, մյուս օրն Անկարան պահանջի առհասարակ հրաժարվել «ցեղասպանություն» եզրույթից:
– Չեմ կարող ոչինչ բացառել, որովհետեւ, օրինակ, Փաշինյան-Ալիեւ վերջին՝ բրյուսելյան հանդիպումից հետո ստորագրված հայտարարության մեջ Ղարաբաղ անունն առհասարակ չկար: Եվ չի բացառվում, որ ապագայում կարող է փաստաթուղթ ստորագրվի, որտեղ Ցեղասպանություն բառը չի հիշատակվի առհասարակ: Այս պահին պետք է հույս ունենալ, որ բացասական ապագա մեզ չի սպառնա: Բայց այն, որ Թուրքիայի համար Ցեղասպանության դատապարտման բացառումը շարունակում է գերխնդիր մնալ, աներկբա է:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ