Բի-Բի-Սի-ն՝ Ադրբեջանում երեխաների դաստիարակության մասին
Բրիտանական «Բի-բի-սի»-ի նորությունների ռուսական ծառայությունը հետեւողականորեն անդրադառնում է արցախյան հակամարտությանն ու ընդհանրապես հայ-ադրբեջանական հարաբերություններին: Դրա վկայությունը ծառայության կայքէջի վերջին ամիսների հրապարակումներն են, որոնց թիվը միայն դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսների ընթացքում հասնում է մեկ տասնյակի:
Այդ հրապարակումներից մեկից տեղեկանում ենք, օրինակ, որ անցած սեպտեմբեր ամսին Ադրբեջանի պաշտպանության նախարարի խորհրդական է նշանակվել թուրք գեներալ-գնդապետ, Թուրքիայի ցամաքային զորքերի օպերատիվ շտաբի նախկին պետ, հայկական եւ ռուսական որոշ լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ 2020 թ. արցախյան պատերազմում ադրբեջանական զորքի ղեկավարման մասնակից Բախտիյար Էրսայը: Նա այդ նախարարության կոլեգիայի նիստում պատմել է ադրբեջանական բանակը Թուրքիայի զինված ուժերի մոդելին համապատասխանեցնելուն ուղղված իր աշխատանքի մասին, ինչը կարեւոր քայլ է համարվում այդ երկու երկրների ռազմական ներուժի միավորման ճանապարհին:
Դեկտեմբերի 14-ի «Ադրբեջանցի «ակտիվիստներն» արգելափակել են Ղարաբաղից Հայաստան ճանապարհը: Միաժամանակ Ղարաբաղում անհետացել է գազը» հրապարակման սկզբում ասվում է. «Հավաքվածները պնդում են, թե խաղաղապահների ներկայությունը խանգարում է հանքավայրերի մշակմանը, սակայն ըստ արտաքին նշանների այդ գործողությունն ավելի շուտ քաղաքական բնույթ ունի, քան թե բնապահպանական»: Անդրադարձներ կան արցախահայության պարենային շրջափակմանը, նրանց անլույս, անգազ, անդեղորայք կյանքին, անգամ Ռուբեն Վարդանյանի հետ կապված վերջին իրադարձություններին եւ այլն:
Կայքի ընդարձակ հոդվածներից մեկը պատմում է Ադրբեջանում երեխաների «հայրենասիրական» դաստիարակության դրսեւորումների մասին: Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, նկատում է հեղինակը, այստեղ զոհի ռազմաշունչ ծիսակարգը փոխարինվել է հաղթանակի ռազմաշունչ ծիսակարգով: «Հայրենիքին՝ ծառայություն, ժողովրդին՝ հավատարմություն, թշնամուն՝ ատելությո՛ւն, ատելությո՛ւն, ատելությո՛ւն»,- ահա, հոդվածագրի դիտարկմամբ, մեկը այն կարգախոսներից, որոնք երեխաներին սովորեցնում են տեղի որոշ դպրոցներում: Դժվար թե Ադրբեջանում որեւէ մեկը կասկած ունի այն հարցում՝ ում մասին է խոսքն այդ գոչյուններում: «Այս երեխաները,- նման բովանդակությամբ դպրոցական մի տողանից տեղական հեռուստառեպորտաժում ասում է մեկնաբան լրագրողուհին,- վաղվա զինվորները, բժիշկները, ուսուցիչներն են՝ մեր երեխաները, որոնք պետք է պաշտպանեն մեր երկիրն առաջնագծում»: Երեխաներին պարտադրվող հայրենասիրական «միջոցառումները» ցույց են տալիս, նկատում է լրագրողը, թե չնայած պատերազմի պաշտոնապես ավարտված լինելուն, հարեւան երկու ժողովուրդները որքան հեռու են հաշտությունից:
«Գլխավոր բանը, որ ես մտածում էի պատերազմից հետո, այն էր, որ ես պետք է երեխաների առջեւ իմ դեմքը պահպանեմ»,- լրագրողին ասել է Ադրբեջանում դպրոցի ուսուցիչ Ֆիկրեթը (անունը իր խնդրանքով փոխված է): Երկար տարիներ նա երեխաներին պատմություն է սովորեցրել՝ փորձելով շրջանցել սուր անկյունները. չի մեջբերել դպրոցական դասագրքերի առանձնապես ագրեսիվ հատվածները եւ աշակերտներին մղել է տեղեկությունների այլընտրանքային աղբյուրներ գտնելու: Ֆիկրեթի տնային առանձնասենյակը լի է պատմագիտական աշխատություններով, հին սովետական գրապահարանը խցված է երեք շարք գրքերով: Նա սիրում է իր մասնագիտությունն ու երեխաներին, իր համար կարեւոր է նրանց չսովորեցնել վատը, բայց եւ չկորցնել աշխատանքը, սակայն արցախյան երկրորդ պատերազմից հետո այդ հավասարակշռությունը գտնելը հետզհետե ավելի դժվարանում է: «Ոչ բոլոր իրերը կարելի է իրենց անուններով կոչել, եւ դա ծանր բան է»,- ասում է նա:
Առաջին պատերազմում կորցրած տարածքներից 2020 թ. ամեն քաղաքի՝ Ֆիզուլիի, Զանգելանի, Ջաբրայիլի վերադարձը բուռն տոնակատարություններ է հարուցել Բաքվում: Իսկ այն բանից հետո, երբ առնվել էր Շուշին՝ Ղարաբաղի պատմական մայրաքաղաքը (քաղաքի անունը մենք հարազատ հնչմամբ ենք գրում – Գ. Մ.), երկիրը էյֆորիայով էր բռնվել. փողոցները ծածկվել էին ազգային դրոշներով, իսկ խանութների ցուցափեղկերը, տների պատերն ու պետական կառույցների միջանցքները՝ պատերազմում զոհվածների լուսանկարներով: Որոշ դպրոցներում ու մանկապարտեզներում այդ էյֆորիան սկսել էր ձեռք բերել այլատյացության քարոզի հատկանիշներ:
Ըստ հրապարակման, Ադրբեջանում «հայամետ» բառը փաստորեն հայհոյանք է, իսկ հայկական արմատների առկայությունը՝ տվյալ անձի դեմ գործող վարկաբեկիչ տեղեկություն (կոմպրոմատ): Մի վիրուսային տեսահոլովակում տեղական հեռուստաալիքի հաղորդավարը «հայամետ» է անվանում նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին. այս անունը «Բուրատինո» երգի ծաղրական բառափոխությամբ է աղաղակում մանկական երգչախումբը:
«Գլխավորը, որ պատերազմից հետո փոխվել է դպրոցում, «միջոցառումներն են»,- ասում է դպրոցի ուսուցիչ Ֆիկրեթը:- Առաջ մենք բոլորս միասին դժբախտ զոհեր էինք, իսկ հիմա էլի բոլորս միասին հերոսներ ենք»: Եթե նախկինում աշակերտները նկարում էին (իհարկե՝ ուսուցիչների ուղղորդմամբ) Ղարաբաղում հայերի ձեռքից զոհված երեխաներ, ապա այժմ նկարում են արի զինվորներ ու «Բայրաքթար»-ներ՝ պատերազմում կարեւոր դեր ունեցած թուրքական անօդաչուներ, բացատրում է հոդվածագիրը:
Հայրենասիրական դասեր ու միջոցառումներ դպրոցներում անցկացվում են նաեւ հիշարժան ռազմական իրադարձությունների տարելիցների հետ կապված: Երեխաները, այդ թվում նաեւ մանկապարտեզի տարիքի, մերթ հանդես են գալիս զինվորական հագուստով, վիրակապված ոտ ու ձեռքով եւ հենակներով, մերթ զոհվածների լուսանկարներով, մերթ մասնակցում են այդ թեմայով շարադրությունների մրցույթի, հանդիպումների՝ իշխանության ներկայացուցիչների, պատերազմի վետերանների, զոհվածների ծնողների հետ եւ այլն: Մի զոհվածի մայր, օրինակ, աշակերտներին ասել է՝ հպարտ է, որ իր որդին զոհվել է եւ թող իրենք էլ ամոթապարտ չլինեն: Սումգայիթցի մի դաստիարակչուհի պատմում է, օրինակ, որ իրենց մանկապարտեզում էլ ընդունված է օրը սկսել ատելության բացականչություններով: Երեխաները, որոնք երկուսից հինգ տարեկան են, անգիր գիտեն այդ կարգախոսները եւ ամեն ինչ հասկանում են: Դաստիարակչուհին նման դաստիարակության մեջ ոչ մի վատ բան չի տեսնում: Իհարկե, բոլոր մանկավարժներն ու ծնողները չէ, որ այսպես են մտածում:
Մինչդեռ նման քարոզչությունը թափանցել է նաեւ դպրոցական դասագրքեր: Օրինակ, վեցերորդ դասարանի գրականության դասագրքում տպագրված «Արյունոտ մանուշակ» պատմվածքում երեխան երազին տեսնում է, թե ինչպես է մորաքույր Սիրանուշը (տարածված հայկական անուն, բացատրում է Բի-բի-սի-ն) իրեն տխուր դեմքով… խեղդում: Թե քեռի Սուրենի (նույնպես տարածված հայկական անուն) ձեռքի սուր թրից ինչ էր կաթում եւ… չշարունակենք: Հինգերորդ դասարանի գրականության մի դասագրքում էլ «Գողը» վերնագրված կարճ պատմվածքում ասվում է, թե իբր հայերը տարիներ շարունակ ադրբեջանցիներից գողացել են ամեն ինչ՝ երաժշտություն, կերակրատեսակներ, գորգեր եւ, վերջապես, Ղարաբաղը…
Սերնդի այսպիսի դաստիարակության վերաբերյալ Բի-բի-սի-ի հարցին Ադրբեջանի կրթության նախարարությունում պատասխանել են, թե դա համարում են ոչ այլատյացություն, այլ «գեղարվեստական օրինակներ, որոնք արտացոլում են պայքարը Ադրբեջանի միջազգայնորեն ճանաչված տարածքային ամբողջականության ապահովման ոլորտում»:
Իսկ սումգայիթյան միջնակարգ դպրոցներից մեկի դաստիարակչական աշխատանքների գծով փոխտնօրենը, Տագիեւ ազգանունով, լրատվամիջոցին ասել է, թե «թշնամին մեկն է, եւ եթե չկա ատելություն թշնամու նկատմամբ, երեխան չի կարող մեծանալ որպես հայրենասեր»: «Մենք պետք է հաշվի առնենք, որ հայերը մեզ հաղթել են պատմության ամբողջ ընթացքում… Հայերը մեր թշնամիներն են, ու երեխաները դա պետք է գիտենան»:
ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ