Թեքեյան Մշակութային միության Նյու Յորք-Նյու Ջերսիի «Մհեր Մկրտչյան» թատերախումբը բոլորել է իր գոյության 25-ամյակը: Հիմնվել էր 1997-ին: Առաջին ներկայացումը կայացրել էր 1998-ի ապրիլի 17-ին, ՀԲԸՄ-ի Սեդլ Բրուքում (Նյու Ջերսի) գտնվող «Նազարյան» դահլիճում, որտեղ Թամար Հովհաննիսյանը բեմադրել էր «…եւ դարձյալ Պարոնյանը» պիեսը: Այդ ժամանակ թատերախումբը կազմված է եղել 9 հիմնադիր դերասաններից եւ 5 վարչական անդամներից: Մինչ օրս 24 պիես է բեմադրվել՝ ներառյալ Հակոբ Պարոնյանի, Վիլյամ Սարոյանի, Էդուարդո դե Ֆիլիպոյի, Զարեհ Մելքոնյանի, Կառլո Գոլդոնիի, Ռոբերտ Թոմասի, Վիլյամ Շեքսպիրի, Մորիս Հեննիկերի, Ժիրայր Անանյանի, Րաֆֆի Շարթի, Երվանդ Օտյանի, Պերճ Զեյթունցյանի եւ Ագաթա Քրիստիի ստեղծագործությունները:
Բացի Թամար Հովհաննիսյանից, որպես բեմադրիչներ հանդես են եկել Վարդան Գառնիկի Յովհաննիսյանը, Պերճ Ֆազլյանը, Հարութ Չաթմաճյանը, Հովհաննես Բաբախանյանը, Գագիկ Կարապետյանը, Գրիգոր Սաթամյանը եւ Ժիրայր Բաբազյանը (Փափազյան):
Ընդհանուր առմամբ թատերախումբը 69 ներկայացում է տվել Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Բոստոնում, Լոս Անջելեսոսւմ, Մոնրեալում, Ֆիլադելֆիայում եւ Չիկագոյում: Հյուրախաղերով հանդես է եկել նաեւ Երեւանում եւ Գյուրիում: Տարիների ընթացքում թատերախմբում ընդգրկված են եղել 90-ից ավելի դերասաններ եւ 50-ից ավելի կուլիսային ու տեխնիկական աշխատակիցներ: Թատերախումբը սոսկ թատերական կազմավորում չի եղել, այլ դարձել է հայոց լեզուն, պատմությունը եւ մշակույթը պահպանող մի յուրահատուկ դարբնոց:
Քսանհինգամյակի հոբելյանական միջոցառումները, թատերախմբի հիմնադիր անդամներից ու վարչական պատասխանատու Հակոբ Վարդիվառյանի գլխավորությամբ, մեկնարկել են մայիսի 13-ին: Այդ օրը, ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի տեղեկատվության, Թենաֆլայում (Նյու Ջերսի) գտնվող «Քլինթոն ինն» հյուրանոցի միջոցառումների դահլիճում տեղի է ունեցել հանդիսավոր գալա-խնջույք, որի ընթացքում թատերական հանձնախմբի ատենապետ, բեմադրիչ եւ դերասան Հարութ Չաթմաճյանի բացման խոսքից հետո ներկաներին մեկուկես ժամանոց ծիծաղի անմոռանալի պահեր է պարգեւել ճանաչված կատակերգու, դաշնակահար Գեւ Օրքյանը իր «Քովիդ-մովիդ» խորագրով զվարճալի շոու-ծրագրով: Նրանից հետո Գեւորգ Արթենյանի նվագախումբը մինչեւ ուշ գիշեր պարային տրամադրությամբ է համակել ներկաներին:
Հոբելյանական տարվա առթիվ պատրաստվել է հատուկ ալբոմ-հուշամատյան նվիրված թատերախմբի անցած ուղուն եւ հայ մշակույթին նրա ներկայի եւ անցյալի դերասանների անսակարգ մասնակցությանը: Ալբոմում առանձնակի մեծարանքի են արժանացել Դալար Շեշեթյան-Սարաֆյանը, Հարութ Պարսումյանը եւ Դալար Չոքյանը, որոնք անուրանալի ներդրում են ունեցել թատերախմբի գործունեության մեջ:
Հոբելյանական միջոցառումները շարունակվելու են մինչեւ տարեվերջ: Նախատեսվում է նոյեմբերի 4-ին Նյու Յորքում ներկայացնել Վիլյամ Շեքսպիրի «Ոչնչից մեծ աղմուկ» ստեղծագործությունը Ժիրայր Բաբազյանի բեմադրությամբ:
Պատրաստեց՝ ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ