«Թաթոյանին՝ որպես վարչապետի թեկնածու ներկայացնելու առաջարկ կա օդում, գնդակն այժմ նրա դաշտում է». Վանեցյան

121

Գրեթե մեկ ամիս է, ինչ «Հայրենիք» կուսակցության առաջնորդ, Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը հայատարեց՝ Ազատության հրապարկում նստացույց է սկսում՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը: Նստացույցին զուգահեռ՝ խորհրդարանական ընդդիմության անդամները Հայաստանի տարբեր մարզերից քայլերթ սկսեցին՝ նորից առաջ տանելով Փաշինյանի հրաժարականի պահանջը: Վանեցյանն ու ՀՀ տարբեր մարզերից դեպի Երեւան եկած խմբերը միմյանց Ֆրանսիայի հրապարկում հանդիպեցին, ճիշտեւճշիտ այն նույն վայրում, որտեղ 2018-ին Նիկոլ Փաշինյանն ու աջակիցները, վրաններ դնելով ու «մերժիր Սերժին» վանկարկելով, «հեղափոխություն» էին անում: Ընդդիմադիրների՝ մոտ մեկ ամիս ձգվող պայքարը դեռեւս սահմանափակվում է՝ Երեւանի տարբեր փողոցներում քայլերթ իրականացնելով ու հանրահավաքներ կազմակերպելով: Հրապարակ իջնող քաղաքացիները քայլերի հստակ հաջորդականություն ու կոնկրետ գործողություններ են ակնկալում ընդդիմության ներկայացուցիչներից: Արթուր Վանեցյանի հետ փորձեցինք պարզել՝ ինչո՞ւ են հապաղում կոնկերտ գործողությունների անցնելու հարցում:

— Գործողություն ասելով ի՞նչ ենք հասկանում, նախ դա պետք է բացատրենք մեր հանրությանը: Այն գործողությունները, որ շատերը նկատի ունեն, դրանք գործողություններ են, որ բերելու են այս շարժման արագ մարմանը: Եթե մենք գնանք ու գրավենք կառավարության կամ Ազգային ժողովի շենքը, ապա դա մեզ ի՞նչ է տալու: Դա իշխանություններին հնարավորություն է տալու ձերբակալել շարժման առաջնորդներին, մասնակիցներին, ու շարժումը դեպի մարում տանել: Մենք իրավունք չունենք գնալու դրան:

— Բայց գուցե հակառա՞կ էֆեկտը լինի ձերբակալություններից հետո:

— Գիտեք, երբ հասկանանք, որ հասել ենք կիտիկական այդ պահին ու պետք է դիմել նման քայլերի, հավատացեք՝ կդիմենք: Ո՛չ վախենում ենք, ո՛չ հապաղում ենք, ո՛չ թե քաշվում ենք, այլ փորձում ենք անել ամեն ինչ, որ գործընթացը տեղավորվի օրենքի շրջանակում: Ընդդիմությունն ունի իր ծրագիրն, ու դուք տեսնում  եք, որ գնալով շատանում է շարժման մասնակիցների քանակը: Իսկապես իրավիճակ է փոխվել, ու մարդիկ 100 տոկոսանց կոնսեսուս ունեն, որ այս իշխանություններն օր առաջ պետք է հեռանան: Հավատացեք՝ ծրագիր ունենք ու մինչեւ վերջ գնալու ենք:

— Ծրագրի մասին են ուզում լսել հրապարակ եկող մարդիկ, ասում են՝ ո՞վ է լինելու վարչապետի թեկնածուն, ստվերային կառավարությունն ի՞նչ անձանցից է կազմված լինելու:

— ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն իր ելույթում ասել է՝ ո՞վ չի կարող լինել վարչապետ: Վարչապետ չի կարող լինել նա, որ նախկինում պաշտոնյա է եղել ու պաշտոնի հաշվին հարստացել է, ով լավ համբավ չունի հասարակության մեջ եւ այլն: «Ո՞վ կլինի վարչապետ» հարցը, հավատացեք, ծուղակ է, որ մշակվում ու մարդկանց մեջ է մտցվում իշխանությունների կողմից: Ասել ենք ՝ այս շարժումը կուսակցական պատկանելիություն չունի, համաժողովրդական, համազգային շարժում է: Այո, այսօր քննադատություն կա (որոշ առումով՝ ընդունելի), երբ ասում են՝ ասեք` ո՞վ է վարչապետի թեկնածուն, ովքե՞ր են լինելու ստվերային կառավարության դաշտում, բայց հավատացեք՝ ժամանակի հարց է, ու առաջիկա օրերին ամեն ինչի մասին կխոսենք: Կարող եմ ասել մի բան՝ ընդդիմությունը կադրային լրջագույն բազա ունի, ու այդ մարդիկ պատրաստ են վաղը, մյուս օրը կառավարել այս կամ այն ոլորտը:

— Հրապարակում ներկա մարդկանց մասի՞ն է խոսքը:

— Ոչ միայն հրապարակում ներկա, այլեւ հրապարակ չեկող մարդկանց մասին է խոսքը, որովհետեւ կան ապաքաղաքական մարդիկ, որ չեն մասնակցում այս գործընթացներին, բայց իրենք իրենց գործում պրոֆեսիոնալներ են: Ու ես գիտեմ, մենք նաեւ նման քննարկում ենք ունեցել, որ նրանք պատրաստ են իրենց գիտելիքները ծառայեցնել ի նպաստ Հայաստանի հանրապետության:

— Նախկին օմբուդսմեն Արման Թաթոյանի անունն է շրջանառվում՝ որպես վարչապետի թեկնածու:

— Գնդակը Թաթոյանի դաշտում է, նրա հետ մտերիմ, լավ հարաբերություններ ունեմ, նրան լավ, հայրենասեր մարդ եմ համարում: Այդ առաջարկը (նրան՝ որպես վարչապետի թեկնածու ներկայացնելու) թեեւ մեր կողմից չի արվել, բայց այն կա օդում: Ո՞վ կլինի այն մարդը, որ կառաջնորդի շարժումն ու հետագայում կզբաղեցնի ժամանակավոր կառավարության վարչապետի պաշտոնը, որոշվելու է այս հրապարկում:

— Թաթոյանի թեկնածությունն, այսինքն, քննարկում եք:

— Ոչ, չենք քննարկում, պարզապես չենք էլ ասել, որ այս հրապարակը որեւէ մեկի համար փակ է: Թաթոյանի անունը տարբեր շրջանակներում է քննարկվում: Հիմա, եթե նա ցանկություն ունի ակտիվ քաղաքական գործունեություն ծավալել, պետք է գա այստեղ՝ հրապարակ, ու սկսել իր գործունեությունը: Չի ուզում այստեղ սկսել, կարող է այլ տեղ սկսել:

— Ձեր այս խոսքերը նա որպես առաջարկություն կարող է ընկալել:

— Պարոն Թաթոյանն ինքն ասել է, որ այս պահին զբաղված է լինելու հասարակական գործունեությամբ, հավելել է, որ եթե քաղաքականությամբ զբաղվելու որոշում ունենա, ինքն անձամբ կհայտարարի: Ես ասում եմ՝ մենք որեւէ մեկին չենք արգելում գա հրապարակ: Հրապարակը բոլորինն է, հայ ժողովրդինն է, ու սա համազգային շարժում է:

— Համենայնդեպս, դուք անձամբ դեմ չեք լինի նրան՝ որպես շարժման առաջնորդ տեսել:

— Ես դեմ չեմ լինի ո՛չ իրեն, ո՛չ մյուսին տեսնել, ինձ համար կարեւորն այն է, որ դա լինի հրապարակի որոշումը:

— Հրապարակում մարդիկ կան, որոնց քաղաքացիները շարժման մեջ չեն ուզում տեսնել:

— Եթե սա լիներ «Հայրենիք» կուսակցության հանրահավաքը, ապա մենք կկարողանայինք ասել՝ սա մեր հավաքն է, գնացեք այստեղից, բայց սա համազգային շարժում է: Այո, կան մարդիկ, որ խոսում են ընդդիմադիրների դիրքերից, նույնականացվում են մեզ հետ, բայց մենք նրանց մտքերի հետ համաձայն չենք: Դուք, խնդրում եմ, նայեք՝ ով է հարթակում: Մենք որոշ չափով պատասխանատու ենք հարթակից ելույթ ունեցողների համար, դա էլ, շեշտում եմ՝ որոշ չափով: Հիմա եթե ինչ-որ մեկը գա վրան խփի ու սկսի պայքարել, ես չեմ կարող ասել՝ եղբայր գնա այստեղից: Սա մեր բոլորի հայրենիքն է, բոլորիս մայրաքաղաքի կենտրոնական հրապարակներից մեկը, որտեղ յուրանքաչյուր քաղաքացի գալու ու պայքարելու իրավունք ունի:

Զրույցը՝ ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆԻ