Էրդողանի խոսնակ Քալընը ասել է, որ Հայաստանի հետ նորմալացման գործընթացն ընթանում է իր հունով

25

Թերևս նա դրանով «հակադրվել» է արտգործնախարար Չավուշօղլուին

Դեկտեմբերի 1-ին նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընը թուրքական հեռուստատեսության էկրանից անդրադարձել է Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացին: Նա ի պատասխան գործընթացի խցանմանն առնչող հարցին, ինչպես «Ակօս» շաբաթաթերթն է նշել, ասել է. «Մեր ներկայացուցիչները կանոնավոր ձևով մշտապես քննարկում են այս հարցերը: Կարող ենք ասել, որ գործընթացն ընթանում է նորմալ հունով: Վիզայի անձնագրերով տրամադրումը մոտ ապագայի հնարավոր քայլերից է լինելու: Մենք ձեռնամուխ ենք եղել կարգավորման գործընթացին, ինչը չափազանց կարևոր է, որովհետև 30 տարի չէր հաջողվում: Մեր երկրի նախագահը հանղիպել է Հայաստանի վարչապետի հետ: Այս մակարդակի հանղիպում իրականացվել է առաջին անգամ»:

Հակառակ այս պնդումներին երկու երկրների հատուկ ներկայացուցիչներ Ռուբեն Ռուբինյանն ու Սերդար Քըլըչը երկար ժամանակ չեն հանդիպում, հայտնի չէ, թե երբ են հանդիպելու: Նրանց հերթական հանդիպումը նշանակված էր սեպտեմբերին, թեև դա հետաձգվեց սեպտեմբեևի 13-14-ին Ադրբեջանի հայկական տարածք ներխուժումով, սակայն թուրքական կողմը, ինչպես միշտ, նախընտրում է ներխուժման փաստը ողջամտորեն շրջանցել և շատ արժեքավոր խորհուրդներ տալ Հայաստանին:

Դրանում համոզվելու համար նշենք, որ Քալընից առաջ,  հոկտեմբերի 17-ին Թյուրքալեզու պետությունների ԱԳ նախարարների խորհրդի արտահերթ նիստից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն ադրբեջանական հեռուստատեսության հարցին պատասխանելիս ասել էր. «Ադրբեջանը պատերազմից հետո Հայաստանին առաջարկել է խաղաղության համապարփակ պայմանագիր ստորագրել, ինչին Հայաստանը, թեկուզ ուշացումով, սակայն դրական է պատասխանել: Հայաստանին Ադրբեջանի ներկայացրած «հիմնավոր» պահանջներից մեկն այն է, որ «Զանգեզուրի միջանցքը» Լաչինի միջանցքին համարժեք կարգավիճակ ունենա։ Ադրբեջանի և Հայաստանի միջև հաշտության համապարփակ պայմանագրի ստորագրումը խիստ կարևոր է Հարավային Կովկասում մնայուն կայունություն և խաղաղություն հաստատելու համար: Ադրբեջան-Հայաստան հարաբերություններում դրական յուրաքանչյուր քայլ, նպաստելու է նաև մեր հարաբերությոuնների բարելավմանը: Քանի որ Ադրբեջանը ետ է ստացել իր հողերը, ուստի Հայաստանն այլևս պետք է հրաժարվի նոր սադրանքների դիմելու գայթակղությունից և կենտրոնանա ճանապարհային նոր քարտեզի վրա, որի կարիքը նա շատ է զգում է, բոլորս ենք զգում»:

Մտածել, որ խոսնակ Քալընը, Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի սովորական հունով ընթանալու մասին հայտարարությամբ հակադրվում է Չավուշօղլուին, իրատեսական չէ: Նա դրա կարիքն էլ չունի, որովհետև, ինչպես ընդդիմադիր շրջանակներն են նշում, Թուրքական պետության մեջ արտաքին գերատեսչության իրական ղեկավարը ինքն է, իսկ Չավուշօղլուն՝ ֆիկտիվ: Բացի դրանից Քալընը սոսկ խոսնակ չէ, այլ Էրդողանի ազգային անվտանգության գծով գլխավոր խորհրդականը նաև, ունի սերտ հարաբերություններ Լոնդոնի գլոբալ շրջանակների հետ:

Այդ դեպքում ինչո՞վ բացատրել Քալընի և Չավուշօղլուի հայտարարություններում առկա հակասությունը: Ըստ երևույթին այն, ինչ որպես արտաքին գերատեսչության իրական ղեկավար ցանկալի չէ ասել Քալընին, որքան էլ նա ունենա դրա իրավունքը, հանձնարարվում է Չավուշօղլուին, որ Թուրքիան անմասն չմնա Հարավային Կովկասում ընթացող գործընթացներից, հերթական անգամ սիրաշահի Ադրբեջանին, որպեսզի, առանց Հայաստանի հետ սկզբնավորված նորմալացման գործընթացին վնասելու,  միաժամանակ կարողանա հաճոյանալ Վաշինգտոնին, մանավադ որ ԱՄՆ-ը «Մեդիամաքս»-ի նոյեմբերի 30-ի վկայությամբ, շարունակում է Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու հնարավորություն փնտրել։ Դրա վկայությունը ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան Մայքլ Քարփենթերի եվրոպական այս կառույցի Լեհաստանում հրավիրված արտգործնախարարների համաժողովին արած հայտարարությունն է. «Միացյալ Նահանգները շատ խորն է ներգրավված այս գործընթացում, չափազանց շահագրգռված է խաղաղության համաձայնագրի կնքմամբ, եւ մենք կշարունակենք ուղիներ փնտրել Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների ու առաջնորդների հանդիպում կազմակերպելու համար»:

Այլ կերպ՝ ինչպես Հարավային Կովկասում ընթացող քաղաքական զարգացումների, այնպես էլ Հայաստան-Թուրքիա նորմալացման գործընթացի նախաձեռնությունը Ռուսաստանից աստիճանաբար անցնում է ԱՄՆ-ին, ինչը չի կարող չանհանգստացնել Մոսկվային: Թերևս այդ առումով պատահական չէր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի «Ադրբեջան-Հայաստան» հակամարտությանն առնչվող հայտարարությունը, այն էլ ԵԱՀԿ վերոհիշյալ համաժողովի առթիվ, ինչպես “Time Turk”-ն է նշել, հրավիրված մամուլի ասուլիսում:

Ի՞նչ առնչություն ունի այդ համաժողովն «Ադրբեջան-Հայաստան» հակամարտության հետ, թերևս ոչ մի: Պարզապես Լավրովն էլ Ադրբեջանին սիրաշահելիս փորձել է հաճոյանալ Թուրքիային: Նա ասուլիսում ԱՄՆ-ին մեղադրելով «Եվրոպան ստրկացնելու» մեջ, Արևմուտքին էլ մեղադրել է «Ադրբեջանի և Հայաստանի միջև Ռուսաստանի միջնորդությամբ ձեռք բերված պայմանավորվածությունները «սեփականաշնորհելու» մեջ», ապա ասել, որ վերջին շրջանում հայկական իշխանություններին հուզում է ոչ թե «կարգավիճակի», այլ Ղարաբաղի հայ բնակչության իրավունքների խնդիրը, ավելացնելով. «Ադրբեջանական կողմը պատրաստ է քննարկեյ այդ հարցը և տրամադրել հայ բնակիչներին այդ նույն իրավունքները, ինչ Ադրբեջանի բնակչությունն է օգտվում»:

Ղարաբաղի հայերը կօգտվե՞ն նույն իրավունքներից, թե՞ ոչ չգիտենք, բայց որ Ադրբեջանը, որպես հայ ժողովրդի ահաբեկման արդյունավետ միջոց Մոսկվայի ձեռքին, ըստ վերջինի ցանկության, շարունակում է լայնորեն օգտվել Հայաստան ներխուժելու և հայկական տարածքները գրավելու անսահմանափակ իրավունքից, վաղուց արդեն ակնհայտ է:  Ինչպես երևում է, երբ խոսքը հայերին է վերաբերում, Լավրովի լկտիությունը չափ սահման չի ճանաչում:

Հակոբ Չաքրյան