Էրդողանը Շվեդիային ու Ֆինլանդիային թողեց ՆԱՏՕ եւ «ինչ ուզում էր՝ ստացավ» 

34

Ռուսական լրատվամիջոցներն ընդարձակ անդրադարձներ են կատարել ՆԱՏՕ-ին  սկանդինավյան երկու երկրների միանալու հարցում Թուրքիայի դրսևորած, մեր կարծիքով՝ լավ հաշվարկած վարքագծին: Մասնավորապես lenta.ru-ն հուլիսմեկյան իր մի հրապարակման մեջ նշում է, թե այդ հարցում վերջինիս  անզիջողությունը  կարող էր մռայլել ընդհանուր տպավորությունը Հյուսիսատլանտյան դաշինքի մադրիդյան գագաթաժողովից, որը կոչված էր ցույց տալու 30 դաշնակիցների միասնությունը Եվրոպայում աշխարհաքաղաքական սուր ճգնաժամի իրավիճակում:

   Իր կարեւորության հարցում Թուրքիայի վստահ լինելն ու դրանից բխող նրա ոչ ստանդարտ արարքները, նկատում է հոդվածագիրը, պայմանավորված են այն բանի գիտակցմամբ, որ այս պահին աշխարհի ոչ մի կողմը՝ ո՛չ Արեւմուտքը, ո՛չ Արեւելքը չի համարձակվի փչացնել իր հետ հարաբերությունները: Հենց այդ պատճառով, օրինակ, այդ երկիրն ազատորեն շարունակում է զարգացնել գործնական ու քաղաքական հարաբերությունները Ռուսաստանի հետ, չմիանալով պատժամիջոցներին այն դեպքում, երբ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները մտցրել են ոչ միայն տնտեսական սահմանափակումներ, այլ նաեւ փակել են իրենց օդային տարածքները ռուսական ինքնաթիռների համար:

Թուրքական իշխանությունները, ըստ հրապարակման, որոշել էին ներկա ճգնաժամն օգտագործելով՝ իրենց անհանգստությունները հասցնել նատօյական իրենց դաշնակիցներին: Վերջիններս, ինչպես կարծում են Անկարայում, իրենց հետ անհրաժեշտ համերաշխություն չեն դրսեւորում երկրի շահերին սպառնալիք հանդիսացող քրդական անջատողական խմբավորումների հարցում: Խոսքն, ամենից առաջ, Թուրքիայում ահաբեկչական կազմակերպություն ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK-ի) մասին է:

Այսպես, 2019 թվականին Թուրքիան Սիրիայի հյուսիսում սկսեց  «Խաղաղությա՜ն աղբյուր» հորջորջյալ ռազմագործողությունն ընդդեմ PKK-ի հետ կապված քրդական  «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» (YPG): Ամբողջ այդ ընթացքում զինվորականները փորձում էին Թուրքիայի հարավային սահմանների երկայնքով 30 կմ խորությամբ անվտանգության միջանցք ստեղծել: Սակայն արեւմտյան երկրների լուրջ արձագանքն Անկարային ստիպեց հրաժարվել այդ հավակնություններից: Շվեդիան ու Ֆինլանդիան նույնպես քննադատեցին Թուրքիային եւ նրան զենքի վաճառքի արգելք սահմանեցին: Այդ գործողությունները Թուրքիայի իշխանությունները գնահատել էին իբրեւ բացահայտ աջակցություն քրդերին, եւ հենց այդ կետն էր դարձել հիմնականներից մեկը սկանդինավյան երկրների ու Թուրքիայի միջեւ բանակցություններում:

Բայց դա տարաձայնությունների միայն տեսանելի մասն էր: Գագաթաժողովում քննարկված շատ հարցեր մնացին կուլիսներում, չնայած նաեւ սպրդեցին մամուլի էջեր: Ըստ հոդվածի հեղինակի, օրինակ այն փաստը, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը խուսափում է թուրք պաշտոնակցի հետ հանդիպումներից, բացատրվում է, նաեւ, քրդական  «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» հետ ամերիկացիների համագործակցության իրողությամբ: Դեռ 2019 թվականին Անկարան դադարեցրեց ռազմական գործողությունները ԱՄՆ-ի հետ այն համաձայնագրի կնքումից հետո, ըստ որի քրդերը 30 կմ հեռանում են թուրքական սահմաններից: Բայց համաձայնագիրը, ինչպես պնդում են թուրքական իշխանությունները, ամերիկյան կողմն այդպես էլ չի կատարել, ինչի պատճառով Թուրքիան սպառնացել է վերսկսել ռազմագործողությունը Սիրիայի հյուսիսում՝ 1919-ի պայմանները կատարելու համար:

Քրդական կազմակերպությունների ջախջախման կոշտ գիծ վարելով՝ Էրդողանը մեղադրում էր նաեւ Շվեդիային ու Ֆինլանդիային այն բանում, որ նրանք ապաստսան են տալիս Քրդստանի աշխատավորական կուսակցության, «Ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատների» եւ Սիրիայի (քրդերի — Գ. Մ.) «Ժողովրդավարական միություն կուսակցության» (PYD) զինյալներին: Ստոկհոլմում ու Հելսինկիում, թուրքական իշխանության տվյալներով, բնակվում են 2016 թ. պետական հեղաշրջման կազմակերպման փորձ անելու հարցում մեղադրվող քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի մեծ թվով կողմնակիցներ: Ինչ վերաբերում է PKK-ին աջակցելու մեղադրանքներին, Շվեդիան ու Ֆինլանդիան դրանք չէին ժխտում, սակայն PYD-ը եւ YPG-ն ահաբեկչական ճանաչել հրաժարվում էին:

Այսպես թե այնպես, Էրդողանը, հակառակ ռազմական փորձագետների ու վերլուծաբանների կանխատեսումներին, շատ չձգձգեց վերջիններիս հետ վեճը: Հաճախ ՆԱՏՕ-ի ներկայացուցիչների մասնակցությամբ տեղի ունեցած բանակցությունների արդյունքներով երեք երկրների միջեւ կնքված համաձայնագրում նշվել են այն գործողությունները, որոնք Շվեդիան ու Ֆինլանդիան իրականացնելու են՝ բավարարելու համար քրդական խմբավորումների  եւ Գյուլենի կողմնակիցների վերաբերյալ թուրքական պահանջները, խոստանալով չաջակցել այդ կազմակերպություններին: Սկանդինավյան երկրները նաեւ համաձայնել են խափանել PKK-ի որեւէ գործունեությունը, սառեցնել նրա ակտիվները, թույլ չտալ այդ կազմակերպության շարքերում նոր անդամների հավաքագրումը եւ արգելափակել նրա ֆինանսավորումը: Շվեդիան եւ Ֆինլանդիան պարտավորվել են նաեւ հանել Թուրքիային զենքի վաճառքի արգելքը, աջակցել Եվրոմիության անդամ չհանդիսացող այդ երկրի ընդգրկմանը ԵՄ անվտանգության եւ պաշտպանության ընդհանուր քաղաքականության համագործակցային նախաձեռնություններում ու ծրագրերում: Մեր կողմից ավելացնենք՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգի խոսքով, ինչպես տեղեկացրել են մեր հայկական լրատվամիջոցները, սկանդինավյան երկրների ղեկավարները նույնիսկ պայմանավորվել են փոխել օրենսդրությունը՝ Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնացող վտանգները վերացնելու համար… Այս եւ մյուս համաձայնությունները նաեւ Բայդենի հետ Էրդողանի երկար սպասված հանդիպման հնարավորություն էին ստեղծում:

Թե այդ համաձայնություններն ու պայմանավորվածություններն ինչ չափով կիրագործվեն, այլ հարց է, բայց, ինչպես lenta.ru-ի հետ զրույցում հայտարարել է Ստամբուլի Մալթեփե համալսարանի պրոֆեսոր Հասան Ունալը, «Թուրքիան ստացավ այն ամենը, ինչ ուզում էր»: Եվ իրոք, նկատում է ռուս վերլուծաբանը, ձեռք բերված պայմանավորվածությունները կարելի է համարել թուրքական դիվանագիտության հաջողությունը: Դրանց մեկ այլ կարեւոր արագ արդյունքը,  բրիտանական «Գարդիան» պարբերականի հաղորդմամբ, Բայդենի վարչակարգի հայտարարությունն էր, թե կաջակցի F-16 կործանիչների հնարավոր վաճառքին Թուրքիային:

Բայդենն Էրդողանի հետ հանդիպեց ՆԱՏՕ-ի մադրիդյան գագաթաժողովի ընթացքում, վերջին պահին համաձայնագիրը ստորագրելու (ի դեպ՝ Թուրքիայի վրա ԱՄՆ-ի լուրջ ազդեցությամբ) հաջորդ օրը: Այդ հանդիպմանն էլ որոշում է կայացվել ամերիկյան օգնություն տրամադրել թուրքական ռազմաօդային ուժերի արդիականացմանը՝ որպես ավանդ ՆԱՏՕ-ի ու հետեւաբար նաեւ ԱՄՆ-ի անվտանգության գործում: Լրագրողները հարցրել են ամերիկյան նախագահին՝ ինչ հավաստիացումներ է նա արել թուրք պաշտոնակցին՝ ինքնաթիռների տրամադրման հարցում: «Ես ասել եմ այն, ինչ հայտնել էի դեռ դեկտեմբերին: Մենք հարկ է որ նրանց վաճառենք F-16-ներ, ինչպես նաեւ արդիականացնենք այդ ինքնաթիռները: Մեր շահերից չի բխում դա չանելը»,- պատասխանել է Բայդենը՝ ընդսմին հիշեցնելով, թե նման գործարքները պետք է հաստատի ԱՄՆ Կոնգրեսը: Հենց այս կառույցից էին երկար ժամանակ ազդանշաններ ուղարկվում առ այն, որ Թուրքիային այդ տիպի 40 նոր ինքնաթիռների ու 80 կործանիչների արդիականացման համալրող մասերի վաճառքի որոշմանը հավանություն չի տրվի: Սակայն, ինչպես գրում է ռուսական աղբյուրը, Ռուսաստանի սկսած հատուկ գործողությունից հետո ԱՄՆ-ը մասնակիորեն փոխել է իր վերաբերմունքը Թուրքիայի նկատմամբ եւ դարձել առավել բարեհաճ: Սպիտակ տունը նույնիսկ նամակ է ուղարկել Կոնգրեսին՝ ամերիկյան օրենսդիրներին հավաստիացնելով, թե կործանիչների այդ վաճառքը համապատասխանում է երկրի շահերին եւ կարեւոր դեր կունենա ՆԱՏՕ-ի ամրապնդման գործում:

Կարեւորագույն հարցերից մեկը, որին Թուրքիայում ուշադրություն են դարձնում Շվեդիայի եւ Ֆինլանդիայի ՆԱՏՕ մտնելու իրենց արգելքի վերացման համատեքստում, այն է, թե դրան ինչպես կարձագանքի Ռուսաստանը: Թուրքական փորձագիտական հանրությունում, lenta.ru-ի հեղինակի վկայությամբ, այս հարցում երկու տարբեր կարծիք կա. մեկը՝ որ Ռուսաստանը ոչ մի կերպ չի արձագանքի իր դաշնակցի քայլին, մյուսը՝ որ այդ որոշումն այսպես թե այնպես Թուրքիայի հանդեպ իր արձագանքը կգտնի Սիրիայի հյուսիսում:

Նրանք, ովքեր կարծում են, որ սկանդինավյան երկու երկրների ՆԱՏՕ-մտնելուն Թուրքիայի համաձայնությունը չի վնասի Ռուսաստանի հետ հարաբերություններին, նկատի ունեն ե՛ւ Ուկրաինայում Ռուսաստանի հատուկ գործողության ընթացքում վերջինիս նկատմամբ սահմանված պատժամիջոցներին Թուրքիայի չմիանալը, ե՛ւ երկու երկրների գործարար համագործակցության շահերը: Խոսքը մասնավորապես վերաբերում է նրան, որ Անկարան չի փակել իր օդային տարածքը քաղաքացիական օդագնացության համար, իր առողջավայրերում սպասում է ռուս զբոշարջիկներին: Երկկողմ հարաբերություններում պակաս դեր չունեն սերտ տնտեսական կապերը՝ ե՛ւ մեծ նախագծերը, ինչպես արդեն ոչ առաջին տարին գործող «Թուրքական հոսք» գազատարը, ե՛ւ «Աքկույու» ատոմային էլեկտրակայանը, որը պետք է գործարկվի եկող տարի, ե՛ւ Թուրքիա այցելող զբոսաշրջիկների մեծ թիվը, ե՛ւ թուրքական շինարարական բիզնեսը Ռուսաստանում:   

Ռուսական նույն լրատվամիջոցն օրերս մեկ այլ հրապարակում է արել, ըստ որի Թուրքիայում գնաճը մոտենում է 80 տոկոսի ցուցանիշին, ինչը վերագրել է մասնագետների հանձնարարականներն անտեսող Էրդողանի «անգրագետ տնտեսական քաղաքականությանը»: Հիշենք նաեւ, որ տարիներ առաջ մեր որոշ վերլուծաբաններ էլ ասում էին՝ ի՞նչ եք ուզում, թողեք՝ Էրդողանը լավ էլ փլուզում է իր երկիրը: Մինչդեռ առայժմ ամեն ինչ կարծես թե հակառակն է: ԶԼՄ-ների հաղորդումներով՝ այս երկրում փորձարկել են լազերային կառավարումով նոր տեսակի հարվածային «Բայրաքթարները», սկսել են նաեւ անօդաչուների մարտական մասերի արտադրություն: «Բայրաքթարներ» են մատակարարվում նաեւ Ուկրաինա, ասելով, թե դրանք «մասնավոր գնումներ են»…

Այս վերջինի կապակցությամբ, նկատի ունենալով Կիեւի ու Մոսկվայի հարաբերություններում Թուրքիայի խաղած դերը, Ուկրաինայում նաեւ հեգնում են: «Ուկրաինացիներին՝«Բայրաքթարներ», ռուսներին՝ նոր զբոսաշրջային երթուղիներ». սա այստեղ «Դոմ» հեռուստաալիքի մայիսյան մի հաղորդման վերնագիրն է: 

Պատրաստեց ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆԸ