Երեւանյան քաղաքական զարգացումների արձագանքները իրանահայ համայնքում

46

Մայրաքաղաք Երեւանում շաբաթներ շարունակ ընդդիմության կազմակերպած բողոքի նախաձեռնություններին, բնական է, որ անտարբեր կեցվածք չէին կարող ունենալ հայկական սփյուռքի տարբեր համայնքներ, համայնքային կառույցներ եւ հասարակական գործիչներ: Ըստ էության, ստացվում է, որ նրանք ունենալով քաղաքական տարբեր դիրքորոշումներ ու կեցվածքներ՝ եւս արտահայտում են իրենց տեսակետները, միայն թե համայնքային նշանակության միջոցառումների՝ հավաքների ընթացքում, երբ ծավալվում են նաեւ քաղաքական քննարկումներ, թեժ բանավեճեր:

Փորձենք համառոտ ուրվագծել քաղաքական տեսակետների այդ պատկերը: Վերոնշյալ քննարկումները առավել կազմակերպված բնույթ են կրում հարեւան Իրանի հայ համայնքում, որը լինելով Հայրենիքի հետ ուղղակի կապերի մեջ, թերեւս ավելի տեղեկացված է տեղական քաղաքական օրակարգին, որը վերաբերում է Արցախի հակամարտության բանակցային գործընթացի, Արցախի կարգավիճակի եւ համահայկական նշանակության այլ հարցերին: Հարկ է նշել, որ հայ համայնքը եւս, ինչպես հայրենիքում, տարբեր կարծիքներ ունի քաղաքական իրադարձությունների վերաբերյալ, եւ փաստորեն չկա միասնական դիրքորոշում, որը կարելի է համարել ամբողջ համայնքի համոզմունքը: Թերեւս միանշանակ է համայնքային հոգեւոր ու աշխարհիկ կառույցների դիրքորոշումը: Սակայն հարկ է նշել, որ այս գործընթացի վրա էականորեն ազդում է նաեւ Հայրենիք-Սփյուռք կապերն ապահովող ՀՀ Սփյուռքի գործերի հանձնակատար Զարեհ Սինանյանի պարբերաբար արտահայտած մտքերը, որոնք համայնքում արժանանում են տարբեր մեկնաբանությունների: Այս առումով «Ալիք» օրաթերթը նախ մեջբերում է օրերս Բոստոնում լույս տեսած «Հայրենիք»-ի խմբագրականը. «Ճիշդ չի նկատուիր անձ մը կամ անհատ մը քննադատելը, երբ ան կը ներկայացնէ երկիր մը, պետութիւն մը եւ պետական պաշտօն մը: Սակայն, երբ խնդրոյ առարկայ անձը «Ես»-ն ու սեղմ շրջանակը կը դասէ ազգային շահերէն վեր եւ, աւելին, կը կոխկռտէ «կարմիր գիծ»-ը, հարցը կը դառնայ լուրջ եւ ահազանգային»:

«Ալիք» օրաթերթի խմբագրականում վերոնշյալ թեմայի շուրջ երկու ծավալուն հոդված է հրապարակել Դերենիկ Մելիքյանը «Խօսք. Սփիւռքը պառակտող յանձնակատարը…» խորագրով: Առաջ է քաշվում այն, որ մայիսի 12-ին հայաստանյան իշխանամետ «1in.am» լրատվական կայքը հարցազրույց է անցկացրել Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ եւ վերջինս անդրադառնալով Սիրիա ու Լիբանան կատարած իր այցելություններին՝ վարկաբեկիչ գնահատականներ է տվել ՀՅԴ կուսակցության որդեգրած դիրքորոշումների վերաբերյալ՝ հասնելով մինչեւ հայոց պետականության դեմ «դավաճանության» մեղադրանքների: Այդքանից հետո տարօրինակն այն է, որ Սինանյանը դժգոհում է Սիրիայի եւ ԱՄՆ-ի ՀՅԴ երիտասարդական կառույցների «դիմավորումից»:

Ահա թե ինչու վերոնշյալ հարցազրույցին հետեւեց ՀՅԴ Իրանի Հարավային շրջանի կազմակերպության տարածած հայտարարությունը, որտեղ վերջինս խստորեն դատապարտում է Հայաստանի իշխանությունների եւ նրա ներկայացուցիչների այս գործունեությունն ու քաղաքականությունը:

Նշելի է, որ վերջերս էլ Նոր Ջուղայում տեղի է ունեցել բանախոսական ձեռնարկ, որի ընթացքում հանդես է եկել համայնքային գործիչ Թաթուլ Օհանյանը: Նա քննադատել է «Խաղաղության դարաշրջան» անվան ներքո թշնամու կողմից հայությանը պարտադրվող հայրենակործան պահանջները: Ընդ որում բանախոսության ավարտին տեղի է ունեցել ստորագրահավաք, ներկաները դատապարտել են Հայաստանում խաղաղ ցուցարարներին բռնության ենթարկելը եւ նրանց նկատմամբ անհամաչափ ուժի գործադրումը: Նշված փաստաթուղթը փոխանցվել է Իրանում ՀՀ դեսպան Արսեն Ավագյանին: Նշենք, որ այդ ծրագրին ներկա են գտնվել Սպահանի հայոց թեմի առաջնորդ Տ. Սիփան եպս. Քէչէճեանը, Հայ դատի հանձնախմբի, ազգային մարմինների եւ Նոր Ջուղայի ու Շահինշահրի հայոց դպրոցների ու միությունների ներկայացուցիչները եւ տեղի հայությունը:

Չուշացավ նաեւ «Արաքս նյուզ» համայնքային մեկ այլ լրատվամիջոցի արձագանքը, որը հնչեցրեց «քաղաքական ահազա՜նգ»՝ զգուշացնելով սփյուռքահայությանն ու մասնավորապես իրանահայ համայնքին, որ չներքաշվեն հայաստանյան ներքաղաքական հարցերի մեջ, որպեսզի չվտանգվեն ՀՀ պետական շահերը: 

Ինչ խոսք, պետք է փաստել, որ տեղին չէ հայկական սփյուռքում հանձնակատարի՝ հայության որոշ հատվածին նման պիտակավորմամբ հանդես գալը: Ավելին, ի պաշտոնե լինելով Հայրենիք-Սփյուռք կապերի ապահովողը, բարձրաստիճան պաշտոնյան պետք է հանդես գար քաղաքական զսպվածությամբ, քանի որ հենց ինքը լինելով նախկինում սփյուռքաբնակ, այսինքն՝ իմանալով դրսում ապրող հայության օբյեկտիվ ու սուբյեկտիվ բոլոր խնդիրները, չպետք է նրանց միջեւ բաժանարար գծեր առաջացներ:  

Ինչեւիցե, ուշագրավ է, որ ըստ լրատվամիջոցների հրապարակումների՝ Սինանյանը պետք է հաջորդն այցելի Իրանի հայ համայնք: Ակնհայտ է, որ նման տրամադրություններ ունեցող առանց այն էլ զգալիորեն թվապես նոսրացած համայնքում բնավ ցանկալի չէ նոր հակասությունների բորբոքումն ու խորացումը, եթե հաշվի առնենք, որ այս երկրում եւս ինչ-որ չափով աշխուժացում են դրսեւորում պանթուրքիստական շարժումները, եւ համայնքի ներուժը  պետք է կենտրոնացվի հենց այդ ուղղությամբ հնարավորինս հակազդելուն ու Հայաստանի շահերը պաշտպանելուն: Ուստի, առաջնահերթ անհրաժեշտ է չխարխլել համայնքի կենսագործունեությունը, նպաստել Հայրենիքի հետ կապերի խորացմանը եւ ներքաղաքական հարցերը այդ ծավալներով ու սրվածությամբ չներառել համայնքային օրակարգ: 

ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆ

Իրանագետ