Ավագ սերնդի ներկայացուցիչ եմ, այն սերնդի, որը փաստորեն կամրջեց խորհրդային եւ ներկա համակարգերը: Այն սերնդի, որը բավականին ապրել է երկու համակարգերում էլ եւ իր մաշկի վրա զգացել դրանց լավն ու վատը: Հիմա ցավով պիտի արձանագրեմ, որ փաստորեն Խորհրդային Հայաստանի երիտասարդ սերունդը, չնայած խորհրդային գաղափարախոսության հիմնասյուները կազմող մեծաթիվ ու տարատեսակ տաբուներին, շատ ավելի ազգային արժանապատվության կրող էր, Արցախի ազատագրման նվիրյալ, քան անկախ Հայաստանի «անկախական» սերունդն իր դեմոկրատիայով ու ազատականությամբ: Հարց է առաջանում` ինչո՞ւ…
Օրերս Ազատության հրապարակում վերհուշ-նստացույց էր՝ նվիրված 1988թ. ուսանողական նստացույցին: 1988թ. ուսանողական շարժումներն իսկապես հուզիչ էին, նորություն, ազդեցիկ ու վարակիչ: Նստացույցն սկսեցին ԵՊՀ-ի, իսկ հետագայում միացան Հայաստանի բոլոր ԲՈՒՀ-երի ուսանողները: Հուզիչ էր հատկապես Կոնսերվատո-րիայի ուսանողների նստացույցը: Իրենց շենքի դիմաց հավաքված՝ նրանք երգում էին ազգային երգեր: Ժամերով կանգնած, հուզված լսում էինք. «Ես Արամն եմ, քաջ Արամը, ինձ տանում են կախաղան…»: Ամենակարեւորն այն էր, որ ԲՈՒՀ-երի ղեկավարությունը ոչ միայն չէր պատժում ուսանողներին, այլեւ շատ դասախոսներ նույնպես մասնակցում էին ցույցերին: Այն ԲՈՒՀ-երի, որոնցում պարտադիր առարկաներ էին Գիտական կոմունիզմը, ԽՄԿԿ պատմությունը, Դիալեկտիկական եւ Պատմական մատերիալիզմը, Քաղտնտեսությունը եւ այլ նմանատիպ առարկաներ: Իսկ այսօր թե՛ Համալսարանի, թե՛ այլ ԲՈՒՀ-երի ուսանողներն ու դասախոսները մեր քաղաքական կյանքից բացակայում են: Այնինչ, բոլոր ժամանակներում եւ հասարակարգերում ուսանողությունն է եղել ու լինելու է հասարակության լոկոմոտիվը: Իսկապես, այստեղ ի՞նչ եղավ, ինչո՞ւ եղավ…
Եթե անտեսենք մասշտաբները, ապա Ուկրաինայում այսօր տեղի է ունենում կարծես ճիշտ նույնը, ինչը տեղի էր ունենում Արցախում 44-օրյա պատերազմի օրերին: Միայն խաղաքարտերն ավելի են բացված: Օրերս Ուկրաինա էին ժամանել Իտալիայի, Գերմանիայի վարչապետերն ու ֆրանսիայի նախագահը (նաեւ Ռումինիայի նախագահը, բայց ավելի շատ որպես անգլոսքասոնական ռեզիդենտ): Հաջորդ օրն էլ չպլանավորված ու անակնկալ այցով Կիեւ եկավ Բրիտանիայի վարչապետ Ջոնսոնը: Եթե Բրիտանիայի վարչապետի այցը ոգեւորիչ էր Զելենսկիի եւ թիմի համար, նույնը չէր կարելի ասել եվրոպական ղեվարների այցի մասին: Ուկրաինայից եկող տեղեկատվական արտահոսքերը փաստում են, որ Իտալիայի վարչապետ Դրագիի՝ ժամանակին արված կարգավորման առաջարկն այլեւս ակտուալ չէ, քանի որ այս ընթացքում ռուսական ազդեցության տակ են անցել նոր տարածքներ: Իսկ եթե սրան ավելացնենք Լավրովի վերջին հարցազրույցներից մեկում արված արձանագրումը, թե Ուկրաինայի հետ պայմանավորվածությունը հնարավոր է միայն՝ հաշվի առնելով երկրի վրա իրերի իրական վիճակը, ստացվում է, որ Դրագիի առաջարկն այլեւս չի բավարարում առաջին հերթին ռուսական կողմին: Հետեւաբար, ենթադրելի է, որ Շոլցն ու Մակրոնը Ուկրաինա էին ժամանել ավելի «ցավոտ» առաջարկներով՝ փոխարենը խոստանալով անդամագրել Ոկրաինան ԵՄ-ին: Պուտինն էլի անմիջապես ակնարկեց, որ դեմ չի լինի նման պարագայում ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցոությանը (իհարկե, Պուտինի համար գերադասելի է ԵՄ-ին Ուկրաինայի անդամությունը խաղաղության դիմաց, քան մնալ անգլոսաքսոնական գործիքի կարգավիճակում):
Ակնհայտ երեւաց նաեւ, որ Մեծ Բրիտանիան ու Միացյալ Նահանգները դեմ են հակամարտության որեւէ ձեւով դադարեցմանը եւ խոստանալով օգնել նրան մինչեւ իբր Ռուսաստանի լիակատար ջախջախում` Ուկրաինային մղում են նորանոր կորուստների: Նպատակը հստակ է. երկարաձգել հակամարտությունը, խորացնել պառակտումը, որպեսզի հետագա համակեցությունը դառնա հնարավորինս դժվար եւ, որ ամենակարեւորն է, ակնկալել, որ Ռուսաստանն ի վերջո կհյուծվի ու կհրաժարվի աշխարհաքաղաքական հավակնություններից: Դա է վկայում նաեւ այն իրողությունը, որ Լավրովը դեռեւս ստամբուլյան բանակցություններից անմիջապես հետո հայտարարեց, որ անգլոսաքսերը խոչընդոտ են հանդիսանում բանակցությունների արդյունավետ կայացման ճանապարհին:
Զարգացումների այս տրամաբանությունը ավելի քան նմանություն ունի 44-օրյա պատերազմի զարգացումների հետ, երբ հայկական կողմից Պուտինի՝ պատերազմը դադարեցնելու հոկտեմբերի 19-ի առաջարկը մերժվեց, ինչպես Նիկոլ Փաշինյանն էր հետագայում ասում, ավելի բարենպաստ դիրքերից բանակցությունները վարելու ակնկալիքով: Իսկ գուցե անտեսանելի ձեռքը նրա՞ն էլ էր դրդում արկածախնդիր գործողությունների (ինչը չի մեղմում նրա մեղքի բաժինը), կամ ո՞վ էր վարչապետին նման ակնկալիքների երաշխիք տվողը: Եղածն արդեն եղել է: Կորուստները մեծ են ու անդառնալի: Հետեւաբար ի՞նչ է պետք անել:
Առաջին հերթին պետք է ձեւավորվի այնպիսի իշխանություն, որը կվայելի հասարակության լիարժեք վստահությունը, որը կարող է լուծել Հայաստանի առջեւ դրված խնդիրները եւ ստեղծել իրական խաղաղության հիմքեր: Իսկ դրա համար հարկավոր է բոլոր հնարավոր վեկտորներով ակտիվ բանակցություններ վարել: Դրանցում մեր ազգային շահերն ու նախապայմանները դնելուն եւ ժամանակ շահելուն զուգահեռ երկրում ձեւավորել ազգային համերաշխության, միասնության ու վստահության մթնոլորտ: Անչափ կարեւոր է վերակառուցել բանակն ու նորից դարձնել մարտունակ, զարգացնել տնտեսու-թյունը, զարգացնել եւ կառուցել նոր որակի հարաբերություններ բնական դաշնակիցների հետ: Միայն այդ դեպքում հետագա բանակցություններում մեր դիրքերը կուժեղանան եւ կստեղծվեն նորմալ ու հավասարազոր պայմաններ մեր ազգային շահերն առաջ տանելու համար: Նորակազմ այդ իշխանությունը պետք է հռչակի, որ Արցախի ազատագրման վերջնանպատակը վերամիավորումն է Հայրենիքի հետ, եւ առաջնային պատասխանատվություն է ստանձնում նշյալն իրականացնելու համար: Միեւնույն ժամանակ ազդարարվի Արցախի մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 27-ը եղած սահմանների վերականգնումը`մոտ 12500 քառ. կմ տարածքով եւ որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կամ որեւէ այլ երրորդ երկրի կազմում: Պարտադիր պիտի հռչակվի, որ Հայաստանը հանդիսանալու է հայկական բոլոր երկրամասերի եւ ամբողջ Հայության համապարփակ անվտանգության, կայուն զարգացման ու արդյունավետ կենսագործունեության երաշխավորը: Նաեւ հայտարարվի, որ ապօրինի է հռչակվելու Հայկական տարածքների բռնազավթումն ու բռնակցումը ամրագրող 1921 թվականի Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերը, ինչպես եւ 2020 ու 2021 թվականների եռակողմ կապիտուլյացիոն հայտարարությունները, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը լինելու է Ցեղասպանության եւ Հայրենազրկման հետեւանքների ճանաչման ու համարժեք հատուցում ստանալու սկզբունքների վրա: Որ թուրք-ադրբեջանական տանդեմի հետ որեւէ տեսակի միջպետական գործակցություն, այդ թվում՝ ճանապարհային հաղորդակցությունների ապաշրջափակում, հնարավոր է դառնալու միմիայն Հայկական հարցը ձեւավորող հիմնախնդիրների շուրջ համակողմանի լուծումների եւ նշանակալի արդյունքների հասնելու պարագայում: Որ անչափ կարեւոր է միաբանվել նպատակներով եւ արժեքներով Նոր Պետության ձեւավորման շուրջ: Հակառակ դեպքում ներհայաստանյան քաղաքական կյանքը, որ այսօր գրեթե հասել է էքզիստենցիալիստ փիլիսոփա Յասպերսի բնորոշած «սահմանային իրավիճակին»՝ կարող է անդառնալի հետեւանքներ ունենալ:
Հայտնի է, որ Միջազգային իրավունքում կոլլաբորացիոնիզմը սեփական պետության դեմ գործած քրեական հանցագործություն է, որը որակվում է որպես պետական դավաճանություն: Այդպիսի պատմական օրինակներ շատ կան: Այսպես. 1945 թվականին Ֆրանսիայում օկուպանտների հետ համագործակցելու եւ դրանից օգուտներ քաղելու համար պետական դավաճանության մեղադրանքով մոտ 10 հազար կոլլաբորացիոնիստներ, որոնց մի մասը նույնիսկ առանց դատարանի վճռի, գնդահարվեցին: Վստահ եմ, որ դա ճիշտ եւ իրավացի վճիռ էր եւ դաս բոլոր հետագա սերունդների համար: Այս առումով վատ չէր լինի, եթե մեր իշխանություններն էլ դիրքորոշում հայտնեին, որ ոչ մեկի կամակատարը չեն: Կարեւոր է նաեւ, որ մեր հասարակությունն էլ որոշի ի՛նքը պոլիցայների, թե՞ հաղթական մարշալների թոռ ու ծոռ է: Քանի որ հայ հասարակության համար իսկապես հասել է Ռուբիկոնը անցնելու պահը: Օտարն է (ՌԴ Պետդnւմայի ԱՊՀ հարցերnվ կnմիտեի նախագահի առաջին տեղակալ Կ. Զատուլինը օրինակ) ասում, որ Լեռնային Ղարաբաղը պետք է ձեռք բերի անկախnւթյան իրավnւնք, որ հայերը զենք են վերցրել պաշտպանելnւ իրենց պատիվը եւ արժանապատվnւթյnւնը, ազատ ապրելnւ իրենց իրավունքը, եւ Լեռնային Ղարաբաղի ինքնnրnշման հարցը օրակարգից չի հանվել նnւյնիսկ 2020 թվականի Հայաստանի եւ Ղարաբաղի համար ադ անհաջnղ պատերազմի հետեւանքnւմ. «Ես միշտ կnղմնակից եմ եղել, nր ինքնnրnշվել ցանկացnղ ժnղnվnւրդը պետք է nւնենա նման իրավnւնք, nւժnվ պահել դա նշանակnւմ է առաջ գնալ պՔտերՔզմի, ռեպրեuիՔների եւ մնացած ամեն ինչի ճանապարհnվ»: Չնայած որ Ադրբեջանի իշխանnւթյnւնները ցինիկաբար հայտարարում են, որ Ղարաբաղի խնդիրը լnւծված է, խնդիր չկա, եւ Ղարաբաղը չի կարnղ անկախ լինել եւ նnւյնիսկ ինքնավարnւթյnւն nւնենալ Ադրբեջանի կազմnւմ, «Անձամբ ես կարծnւմ եմ, շեշտում է Զատուլինը, nր Լեռնային Ղարաբաղը պետք է ձեռք բերի անկախnւթյան իրավnւնք»:
Այս խորապատկերի վրա կրկին օրակարգային է դարձել 1999-ի հոկտեմբերի 27-ի ողբերգությունը: Անկեղծ ասած, մինչեւ 2000-ի կեսերը ես էլ շատերի նման հավատում էի, որ ԱԺ-ում այդ սպանդին նախկին նախագահներն ինչ որ կերպ կապ ունեին: Սակայն հետագայում հասկացա, որ այդ քարոզչությունը տարվում էր դրսի այն ուժերի կողմից, ովքեր իրականում կանգնած էին այդ սպանդի հետեւում: Արդյունքում ստացվեց այնպես, որ այն նույն ժողովուրդը, որը աննկարագրելի զրկանքներ էր կրել ու զոհել իրեն հանուն Արցախի ու արցախցու, սկսեց չսիրել, իսկ հետո նաեւ ատել նրան: Ավելին, սկսվեց համազգային պառակտումը ոչ միայն արցախցի-հայաստանցի, նաեւ երեւանցի-արարատցիների միջեւ, որովհետեւ Վազգենի կառավարության կարեւորագույն պաշտոնները տրված էին ծնունդով արարատցիներին: 18 տարի շարունակ մեր թշնամիները հոկտեմբերի 27-ը ուղղորդելով դեպի այդ անձինք կարողացան ջախջախիչ պառակտման տանել հասարակությանը: Թշնամու նվիրած այդ խայծն էլ մարդիկ հարմար գտան օգտագործել իշխանափոխության համար: Լավ էր գոնե, որ մեր երկրում կային իմաստուն մարդիկ, հատկապես Անդրանիկ Մարգարյանը, որոնց սթափ դատողությունը եւ ճիշտ կողմնորոշումը կանխեց քաղաքացիական, եղբայրասպան պատերազմը …
2018-ին հույս էի փայփայում, որ հասարակության մեջ գեներացված թշնամությունը կվերանա, ազգը կհամախմբվի, սակայն հակառակը եղավ, թշնամությունը խորացավ եւ վերածվեց վրեժի: Հենց դա էլ ուզում էր թշնամին… 44-օրյա պատերազմի ընթացքն էլ ցույց տվեց, որ պատահական ոչինչ չկար եւ կատարվողը 99-ի հոկտեմբերի 27-ի եւ դրան հաջորդող տարիների շարունակությունն էր … Իսկ մեր թշնամի թուրքը 19 տարի սպասել էր այդ արդյունքին: Նաեւ լարված աշխատել ու այդ ընթացքում դպրոցներում հայերեն էր սովորեցրել, ուսումնասիրել հայ ազգի արատավոր կողմերը, մասնավորապես՝ փողի ու պաշտոնի մոլուցքը, ու սկսել էր ամեն հնարավոր միջոցներով ֆինանսավորել այդ մոլուցքով տառապողներին: Շատերը նույնիսկ չհասկանալով եւ առաջնորդվելով հարեւանից, եղբորից ու բոլորից լավ ապրելու, կյանքը վայելելու մոլուցքով` լծվում էին այդ գործին:
Պատմությունից հայտնի է, որ 1000 տարի առաջ Աշոտ Երկաթի անբարո ու ամբարտավան վարքի պատճառով երկրի իշխանները ապստամբել էին: Նա վաստակել էր բոլորի թշնամանքը, զույգ աչքերից կուրացրել էր աներոջը՝ Սահակ Սեւադա իշխանին ու նրա որդուն եւ իր երկրում մշտապես գտնվում էր փախուստի մեջ: Նա նույնիսկ սեփական իշխանների ու ժողովրդի դեմ փորձեց արաբներից զորք բերել: Սակայն հենց այդ ռուբիկոնային պահին եղբայրասպան պատերազմը կանգնեցնելու, թագավորություն-պետությունը չկործանելու համար, Գարդմանքի հզոր իշխանը ներեց իրեն ու երիտասարդ զավակին կուրացնող մարդուն, համախմբեց թշնամացած նախարարներին թագի, պետության շուրջ եւ փրկեց պետականությունն ու հայի արժանապատվությունը: Հիշեցնեմ, որ Սահակ Սեւադան եւս արցախցի էր, Գարդմանքի տերը: Դա գիտի նաեւ թուրքը, որը լավ է պատկերացնում նաեւ արցախցու՝ ազգը համախմբող տեսակը, դրա համար է ուժեղացված ռեժիմով հակաարցախյան ու արցախցու դեմ քարոզչություն ծավալել: Նա գիտի, որ արցախցին կարող է նաեւ խռովել, բայց հանուն հայրենիքի` նույնիսկ իրեն կուրացնողին կների:
Արդ, ժամ առաջ հարկավոր է ուղիներ գտնել, լուծել ամուր ու կենսունակ պետություն ունենալու հիմնախնդիրը, օրնիբուն աշխատել, տքնել ազգովին, եւ հաղթանակներն անխուսափելի կլինեն: Ես հավատում եմ լուսառատ այդ օրվան…
ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ
Պատմաբան, պրոֆեսոր