Գերմանալեզու լրահոսն անդրադարձավ Տեղ գյուղում ադրբեջանական կողմի հարձակմանը՝ նորից հին ձեռագրով՝ չեզոք զգուշավորությամբ: Գերմանական «Վելթը» այսպես է վերնագրել «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ վերսկսված մարտերի հետեւանքով յոթ զոհ»: «Փոխհրաձգության պատճառով բազմաթիվ զոհեր», սա էլ գերմանական ARD հեռուստաընկերության «Օրվա համայնապատկեր» լրատվականի վերնագիրն է: «Հայաստանն ու Ադրբեջանը հայտնում են մարտերի հետեւանքով զոհերի մասին», գրում է «Ֆրանկֆուրտեր ալգեմայնե ցայթունգը»: «Զոհեր հայ եւ ադրբեջանցի զինվորների միջեւ բախման հետեւանքով» վերնագրում է rnd:
Թե՛ ապրիլի 11-ին, թե՛ 12-ին տարբեր մեծ ու փոքր լրատվականներ հաղորդեցին հայկական կողմից 4 զոհի, մի շարք վիրավորների մասին, եւ այդ բոլոր հաղորդագրություններն ամփոփ հետեւյալ բովանդակությամբ էին՝ «Լաչինի միջանցքին մերձակա տեղանքում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հրաձգության հետեւանքով բազմաթիվ զինվորներ են զոհվել: Կողմերը մեղադրում են միմյանց. Ադրբեջանն ասում է Հայաստանն է առաջինը կրակել, Հայաստանն ասում է Ադրբեջանն է խախտել հրադադարը»:
Շաբաթներ առաջ գերմանական ԶԼՄ- ների տարբեր ներկայացուցիչներ Հայաստանի՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ դարձած շրջաններում հանդիպել էին տեղացիներին, գերմանացի ընթերցողին փոխանցել նրանց երկյուղը, թե մտավախություն ունեն, որ գարնանը Ադրբեջանը կարող է հարձակում սկսել: Այդ հոդվածների մի մասին ծանոթ է նաեւ «Ազգ»ի ընթերցողը՝ նախորդ շաբաթներին համառոտ փոխանցել ենք դրանցում առկա նյութը: Թվում է հստակ պիտի լիներ, որ հայկական կողմը որեւէ պատճառ չունի առաջինը խախտելու հրադադարը, եւ որքան էլ «չեզոք», գերմանական պարբերականները պիտի շահագրգիռ լինեին էսկալացիան զսպել՝ ստույգ եւ ճշգրիտ տեղեկություն հաղորդելով: Առկա էր նաեւ այն հույսը, որ Հայաստանում ներկա ԵՄ դիտորդական առաքելությունը կզսպի Ադրբեջանի ախորժակը, եւ ունակ կլինի հստակ արձանագրել, որ ադրբեջանական կողմն է խախտել հրադադարը, նախահարձակ եղել:
«Ցայթի» մեկնաբան Մայքե Դյուլֆֆերը (Meike Dülffer) Երեւան, Ջերմուկ, Շուռնուխ այցից հետո ապրիլի 4-ին հրապարակած ծավալուն հոդվածը վերնագրել էր «Միգուցե վաղը նորից պատերազմ լինի»: Հոդվածագիրը նշում է, որ «երկիրն իր աշխարհագրությունը չի կարող փոխել, հարեւաններին՝ նմանապես, ուստի նոր դաշնակիցներ է որոնում: Հայկական կատակ կա՝ եթե Հայաստանն արդուկեին, Ռուսաստանի չափ մեծ կլիներ: Չարդուկված՝ հազիվ 30 000 քկմ տարածք է լեռնաշատ՝ Իրանի, Թուրքիայի, Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ «սահմանափակված» երկիրը , գրում է «Ցայթի» հոդվածագիրը: Ու՞մ հետ առեւտուր անի, բանակցի այս փոքրիկ երկիրը, ո՞վ է սատարում, պաշտպանում նրան: « Հայաստանը վերջերս մի քիչ ավելի է փոքրացել է, մեծ մտավախություն կա, որ այն կարող է է՛լ ավելի փոքրանալ», գրում է «Ցայթի» հոդվածագիրը եւ հուշում ընթերցողին, թե հարձակվող կողմն Ադրբեջանն է: Սա արձանագրել է ոչ միայն «Ցայթի» հոդվածագիրը: Ջերմուկ, Սոթք, Շուռնուխ այցելած մյուս լրագրողներն էլ հաղորդել են, որ Ադրբեջանն է սեպտեմբերին հարձակվել Հայաստանի վրա: Այդ ժամանակ ԵՄ դիտորդները Հայաստանում չէին, եւ ԳԴՀ ԱԳՆ-ն պատճառաբանում էր, թե չեն կարող արձանագրել ո՛ր կողմն է հարձակվողը, քանզի չունեն տեղում անկախ աղբյուրներ: Թե՛ Հայաստանի բնակչությունը, թե՛ օտարերկրացի վերլուծաբանները շեշտում են ռուս խաղաղապահների անգործության մասին: Եւ այս խորապատկերին բավական աչքառու էր գերմանալեզու լրատվամիջոցներից մեկի վերնագիրը: «Եթե ռուսներն այստեղ չլինեին, իրադրությունն ավելի վատթար կլիներ»: Այս վերնագիրն անցյալ շաբաթներին գերմանալեզու ԶԼՄ-ների Հայաստանից պատրաստած բազմածավալ ու հիմնականում անաչառ հրապարակումների մեջ տարբերվում էր՝ t-online կայքում լրագրող Թոբիաս Էսերն (Tobias Eßer) Հայաստանի մասին պատմող իր հոդվածներից մեկը հենց հայաստանցիներից մեկի ուղիղ խոսքով էր վերնագրել:
Այն, որ ԵՄ դիտորդական առաքելության հետ Հայաստանում խաղաղության հաստատման հույս էին կապում, արձանագրվեց նաեւ մամուլում: Բայց ապրիլի 11-ին պարզվեց, որ ԵՄ դիտորդները Տեղ բնակավայրից հեռու են եղել, իսկ հրաձգության ու զոհերի մասին տեղեկացել են Հայաստանի պաշտոնյաներից: Որքանո՞վ է այս ողբերգական դրվագը նվազեցնելու նրանց առաքելության դերակատարման մասին հայ հանրության ակնկալիքները, վստահության չափը, դեռ տեսանելի կդառնա: Բայց նկատել տանք, որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը մինչեւ ամառ 103 հոգանոց կազմ կունենա: Այն ղեկավարում է Հայդելբերգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետն ավարտած, Գերմանիայի ոստիկանության համակարգում ղեկավար պաշտոններ զբաղեցրած 62 ամյա Մարկուս Ռիթթերը: Նա առաքելության ղեկավարի փորձառություն է կուտակել Կոսովոյում, Վրաստանում, Աֆղանստանում, Հարավային Սուդանում, Իրաքում: Հայաստանում ԵՄ առաքելության կենտրոնակայանը Եղեգնաձորում է, դաշտային գրասենյակները՝ Կապանում, Գորիսում, Ջերմուկում, Մարտունիում, Իջեւանում: Որեւէ մեկը չի՞ եղել Գորիսի դաշտային գրասենյակում: Դժվար է հավատալ, որ փորձառու, մասնագիտական բարձր որակավորում ունեցող դիտորդների համար դյուրին չէ արձանագրել, թե ո՛ր կողմն է խախտել հրադադարը:
Լիզա Մարտինա Քլայնը (Lisa-Martina Klein) table.media-ում ապրիլի 6-ին անդրադարձել էր ԵՄ դիտորդական առաքելությանը, շեշտել դրա առանցքային դերը՝ նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ փոխվստահության ստեղծմանը: Ինչպես ավելի վաղ «Ազգ»ում փոխանցել էինք «Դոյչե վելլեի» հոդվածից քաղած տեղեկությունը, թե դիտորդական առաքելությունը անզեն միավորում է, ուստի ԵՄ դիտորդները նվազ բան կարող են անել զինված բախման դեպքում, հաստատավում է նաեւ այս լրատվամիջոցում: Լիզա Մարտինա Քլայնը table.media-ում նշում է, որ այս առաքելությունը ԵՄ համընդհանուր անվտանգության եւ պաշտպանության քաղաքականության մեկնարկից ի վեր ամենաարագ ձեւավորված ԵՄ դիտորդական առաքելությունն է վերջին 20 տարում: «Այն ամենաարագ ձեւավորված, տարածաշրջան առաքված անվտանգային միավորումն է, նշում է Քլայնը՝ հիշատակելով, որ հինգ շաբաթ էլ չէր լրացել, երբ Հայաստանի՝ 2022-ի սեպտեմբերի 22-ի խնդրանքին ի պատասխան, առաջին դիտորդները հայտնվեցին ադրբեջանահայկական սահմանին: Սկզբում երկամսյա, այնուհետ ԵՄ անդամակից երկրների մեծ մասի քվեով 2023-ի հունվարից մինչեւ 2025- ի փետրվարը հաստատված ժամկետով ԵՄ հայաստանյան առաքելության ստորաբաժանումները հայկական կողմից պարեկություն են իրականացնում սահմանամերձ շրջաններում, եւ նրանց գործառույթն է ստուգել եւ փաստաթղթավորել հրադադարի ռեժիմի հնարավոր խախտումները»:
«Ժողովուրդը վախենում է այս գարնանը Ադրբեջանի հարձակումից: Նրանք այլեւս բավարար պաշտպանված չեն զգում ռուսական խաղաղապահ զորքերի կողմից, ուրախ են, որ մենք այստեղ ենք», վերոնշյալ պարբերականին ասում է Ռիթթերը:
«ԵՄ առաքելությունը պետք է օգնի երկու երկրների հարաբերությունների կարգավորմանը: Սակայն եվրոպացի դիտորդները չեն կարող ասել՝ արդյո՞ք ադրբեջանական զորքերը ընդլայնում են իրենց դիրքերը սահմանին: Նրանք տեղակայված են Հայաստանում, վեց հենակետերում, եւ իրենց մանդատի համաձայն՝ սահմանից այն կողմ չեն կարող հետախուզել զորքերի տեղաշարժերը», հաղորդում է table.media-ն: Անցյալ շաբաթ գերմանական «Ցայթը» գրել էր, թե «ԵՄ դիտորդները պարեկություն են անում սահմանամերձ գյուղերում, իրենց տեսածի մասին հայտնում Բրյուսելին: Նրանք մեկ շաբաթ առաջ ադրբեջանական կողմին հայտնում են, թե որտեղ են գտնվում»:
Այսինքն՝ ԵՄ դիտորդները հաղորդել են, որ Տեղից հեռու են, եւ Ադրբեջանը արտոնությո՞ւն է ստացել կրակել: Եթե այսպես է, ուրեմն հայ ժողովուրդը չի կարող վստահել ո՛չ ռուս խաղաղապահին, ո՛չ էլ, առավել եւս, ԵՄ դիտորդներին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա