Ընթացիկ տարվա հունիսի 16-ին անշշուկ եւ անդարձ այս աշխարհից հեռացավ հայ թատերագիտության մեր լավագույն մասնագետներից՝ անխոնջ գիտնական Բախտիար Հովակիմյանը, որն իր արժեքավոր հոդվածները հրատարակում էր մեր թերթում՝ ավելի քան 3 տասնամյակ շարունակ: Նրա վերջին հոդվածը, ճանաչողական բազմաթիվ տվյալներով լեցուն, ինչպես նրա բոլոր մենագրություններն ու գրությունները, լույս ենք ընծայում այսօր, մեկ անգամ եւս մեր երախտագիտությունը հայտնելով անխոնջ մտավորականի հիշատակին:
1900-1910-ական թվականների հայ երաժշտական-մշակութային կյանքում իր առանձնահատուկ տեղն ունի կոմպոզիտոր-խմբավար Եղիշե Բաղդասարյանը: Նա գրել է ռոմանսներ, խմբերգեր, մշակել ու գործիքավորել է ժողովրդական երգեր ու պարեր, հոգեւոր երգեր, որոնք ընդլայնել են նրա ստեղծագործական հետաքրքրությունների շրջանակները, հարստացրել թեմատիկան: Բաղդասարյանը ձեռնարկել է նաեւ ծավալուն գործեր, ինչպիսիք են` «Քրիստոս» օրատորիան, «Անուշ» օպերան, աշխատանք է տարել Հարություն Թումանյանի «Արտավազդ Երկրորդ» պիես-ֆեերիան օպերա դարձնելու ուղղությամբ: Այս ամենի հետ կատարել է նաեւ հասարակական-մշակութային եւ մանկավարժական բազմապիսի ծառայություններ:
Եղիշե Ալեքսանդրի Բաղդասարյանը ծնվել է 1881 թ. Շուշիում, մի քաղաքում, որը 19-րդ դարի հայ գրական-մշակութային առաջավոր կենտրոններից էր Անդրկովկասում: Կրթությունն ստացել է Շուշիի թեմական դպրոցում եւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Երաժշտական նախասիրությունները նրան տարել են Թիֆլիսի երաժշտական ուսումնարան (ղեկավար Ն. Կլենովսկի): Մասնագիտական կրթությունը հետո շարունակել է Պետերբուրգի կայսերական կոնսերվատորիայի տեսության եւ կոմպոզիցիայի բաժնում` աշակերտելով հանրահայտ հասարակական-երաժշտական գործիչ Ն. Ռիմսկի-Կորսակովին:
Իր երաժշտական-հասարակական գործունեության առաջին տասնամյակում` ուսանողական տարիներին եւ հետագա շրջանում, Բաղդասարյանը տարբեր վայրերում արեւելյան գործիքներով նվագախմբեր է կազմակերպել, երգչախմբեր ստեղծել եւ համերգներ տվել` Շուշիում (1901, 1902, 1913), Բաքվում (1902, 1904), Մերվում (1909, Թուրքմենիա), ինչպես եւ երգչախմբեր կազմակերպել Եկատերինոդարում (1904, այժմ` Կրասնոդար), Արմավիրում (1906), Մոսկվայում (1911-1915) եւ այլուր:
1902 թ. նոյեմբերին Բաքվում տեղական սիրող երաժիշտներից կազմակերպելով արեւելյան գործիքներով մի նվագախումբ, Բաղդասարյանը մի ուշագրավ համերգ է տվել, որի մասին «Նոր Դար» թերթում գրվել է. «Առաջին անգամն է, որ մեզ պատահում է լսել ու տեսնել մի քանի թառ նվագողների միասին կանոնավոր կերպով բեմից նվագելիս: Սա առաջին քայլն է, որ Ե. Բաղդասարյանն արավ ջրելու համար այն կարծիքը, թե թառը չի կարելի ընդունել իբրեւ մի գործիք, որի վրա կարելի լինի եվրոպական եւ ասիական մշակված եղանակներ նվագել»: Համերգի ընթացքում կատարվել են Մ. Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» (Մեր հայրենիք), «Հաբրբան»ը, լեհ աղջկա օրորոցի երգը, ռուսական «Վ սադու լի վ օգորոդե» ժողովրդական երգը, «Աղոթքը», «Հովսեփ Գեղեցիկ» օպերայից եւ այլ ստեղծագործություններ:
Շուշիում գտնված տարիներից առավել բեղմնավոր է եղել 1902 թվականի գործունեությունը, որի ընթացքում թե համերգներ է տվել եւ թե որպես դերասան մասնակցել հուլիս-օգոստոսին Սիրանույշի ղեկավարությամբ Մ. Խանդամիրյանի թատրոնում հյուրախաղերով ներկայացումներ տվող դերասանական խմբի բեմադրություններին: Նրա խաղացած դերերից են` Ռեյմսի արքեպիսկոպոսը («Օռլեանի կույսը»), Սանատրուկը («Երվանդ Երկրորդ») եւ այլ դերեր` խաղընկեր լինելով հայ բեմի նշանավոր դեմքեր Սիրանույշին, Գեւորգ Պետրոսյանին, Հովհաննես Զարիֆյանին, Գրիգոր Ավետյանին եւ ուրիշների:
Պետերբուրգում ապրած տարիներին Բաղդասարյանն զբաղվել է նաեւ թատերական եւ գրական-հրատարակչական աշխատանքով: 1901-ի փետրվարին մասնակցել է տեղի երաժշտական եւ նկարչական կրթօջախների ուսանողների ուժով ռուսական բեմի հայազգի դերասան Լեւոն Սադովնիկով-Ռոստովսկու բեմադրությամբ տրված «Զրկանքի զոհ» պիեսի ներկայացմանը, խաղընկերներ ունենալով Գրիգոր-Սյունի Միրզոյանին, նկարիչ Դավիթ Օքրոյանին, Գարեգին Լեւոնյանին եւ ուրիշների:
Եղիշե Բաղդասարյանը Դավիթ Օքրոյանի հետ կազմել ու հրատարակել են Հովհաննես Այվազովսկու հիշատակին նվիրված «Գեղարվեստական ալբոմը» (1903), իսկ Զ. Բերբերյանի հետ` «Արցունքներ» գրական-գեղարվեստական ժողովածուն (1907): Աշխատակցել է Պետերբուրգում լույս տեսնող «Սափրիչ» (1907) եւ Թիֆլիսի «Մշակ» թերթերին:
Իբրեւ թատրոնին մոտ կանգնած անձնավորութուն, Բաղդասարյանը 1908 թ. հունվարին դիտել է Պետերբուրգում հյուրախաղերով հանդես եկող իտալացի (հայկական ծագումով) ականավոր դերասանուհի Էլեոնորա Դուզեի դերակատարումները «Մոննա Վաննա», «Կամելիազարդ տիկինը» (համանուն դերերում) ներկայացումները եւ հիացած մնացել: Ցանկանալով իր հայրենակիցներին եւս տեղյակ պահել Դուզեի արվեստի մասին, նա «Մշակում» տպագրած թղթակցության մեջ նշել է` «գրելով չի լինի, պետք է տեսնել»:
Բաղդասարյանի երաժշտական գործունեության մեջ կարեւոր տեղ է գրավել Մոսկվայի շրջանը (1910-1916): Այդտեղ նա հիմնադրել ու ղեկավարել է քառաձայն երգեցիկ խումբ, թեմատիկ համերգներ տվել: Դրանցից հատկապես ուշագրավ են եղել Մակար Եկմալյանի եւ Քրիստափոր Կարա-Մուրզայի հիշատակին նվիրված համերգները, ինչպես նաեւ Հայ գրերի գյուտի 1500 եւ տպագրության 400-ամյակների առթիվ կազմակերպված հոբելյանական համերգը, որին ներկա են եղել կամ զեկուցումներով հանդես են եկել Յուրի Վեսելովսկին, Կարապետ Յուսիկյանը, Ալեքսանդր Մյասնիկյանը, Ալեքսանդր Ծատուրյանը, Արսեն քահանա Սիմոնյանը, դերասանուհի Վարվառե Մելիքյանը, այդ շրջանում (1912) Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի աշխատանքներին հետեւող, Թիֆլիսի Հայոց Դրամատիկական ընկերության թատերախմբի դերասան եւ ռեժիսոր Հովհաննես Զարիֆյանը, որի հետ Բաղդասարյանը ծանոթ է եղել դեռեւս 1902-ին Շուշիում համատեղ խաղացած ներկայացումներից:
Իր կազմակերպած համերգների ժամանակ, Բաղդասարյանը ծրագրի մեջ է մտցրել իր գրած երգերն ու խմբերգերը, ուրիշ կոմպոզիտորների երգեր: Իր գործերից նա հաճախ կատարել է Ալ. Ծատուրյանի տեքստի հիման վրա գրած «Մի լար, բլբուլ» ռոմանսը, Ս. Սաֆարյանի տեքստով: «Հրաշալի գիշեր», ինչպես նաեւ՝ «Սիրուն գարուն», «Ա՜խ, ալ վարդի» երգեր ու ռոմասններ, «Աղջկերք, պար բռնենք», «Գիշերը Վանում», «Վրացական օրորոցային» եւ այլ գործեր՝ իր դաշնարկումներով: Այսպիսով նա հնարավորություն է տվել թե՛ երգիչ-երգչուհիների կատարողական արվեստի բարձրացմանը եւ թե՛ երգերի մասսայականացմանը:
Բաղդասարյանի՝ ամենուրեք կատարված ստեղծագործություններից են նաեւ Հարություն Թումանյանի «Արտավազդ Երկրորդ» ողբերգության հիման վրա գրած խմբերգը, որը տարբեր տարիներ կատարվել է տարբեր վերնագրերով:
Բաղդասարյանը հոգեւոր երաժշտության համերգներ է տվել Շուշիում, որտեղ կատարվել են նրա՝ «Տեր ողորմյա», «Հայրիկ մի պայծառ», «Վանքում» եւ այլ գործեր քառաձայն երգեցիկ խմբի ուժերով:
Ամենուրեք կատարվել եւ մեծ ընդունելություն է գտել Հովհաննես Թումանյանի «Անուշ» պոեմից առնված «Աղջի բախտավոր» շատ տարածված խմբերգը:
Հետեւենք «Անուշ» օպերայի համար Բաղդասարյանի գրած աշխատանքների ընթացքին: Թումանյանի «Անուշ» պոեմի վերամշակված տարբերակը 1903-ին Թիֆլիսում լույս տեսնելուց հետո արժանացել է ոչ միայն ընթերցողների, այլեւ թատերական ու երաժշտական բնագավառների գործիչների ուշադրությանը: Թիֆլիսի Հայոց Դրամատիկական ընկերության նախագահ Մարիամ Թումանյանի առաջարկով, 1904-ից «Անուշ» պոեմն օպերայի վերածելու աշխատանք է սկսել Կոմիտասը, որի գործը, սակայն, ավարտի չի հասցվել: 1908-1911 թթ. «Անուշ» օպերայի վրա հաջող փորձ է կատարել կոմպոզիտոր Արմեն Տիգրանյանը, որի աշխատանքը բռնել է ժամանակի քննությունը եւ դարձել միակ կատարվող օպերան մինչեւ այսօր:
Հերթականորեն երրորդ անձնավորությունը, որն զբաղվել է «Անուշ» օպերայով, եղել է Պետերբուրգի կոնսերվատորիայի ուսանող Եղիշե Բաղդասարյանը: 1904-ին մի կարճ ժամանակով գտնվելով Թիֆլիսում, բանաստեղծներ Դերենիկ Դեմիրճյանի եւ Արշակ Աթայանի խորհրդով, ուսանող-կոմպոզիտորը ծանոթացել է Թումանյանի «Բանաստեղծությունների» ժողովածուի հետ եւ ոգեշնչվել նրանում տեղ գտած «Անուշ» պոեմով:
Այնքան մեծ է եղել Բաղդասարյանի հափշտակությունը, որ Պետերբուրգ հասնելով, եղանակել է «Աղջի բախտավոր» (նւ, Ցօ րփՈրՑսՌՉՈÿ) խմբերգը եւ նույն թվականին վիմատիպ հրատարակությամբ լույս ընծայել այն:
Հետագա տարիներին, թեեւ ոչ սիստեմատիկ, Բաղդասարյանը հորինել է նոր երգեր: Աշխատանքի դանդաղ առաջընթացն ունեցել է սոցիալ-տնտեսական, գուցե եւ քաղաքական պատճառներ: Կոմպոզիտորից պահպանված ձեռագիր սեւագրությունների մեջ 1905 թվականին վերաբերող որեւէ փաստաթուղթ չի պահպանվել: Իսկ այդ տարի նա եղել է հեղափոխական Պետերբուրգում: Դա մի շրջան էր, երբ հալածվում էր առաջադեմ մտածողությունը, կոնսերվատորիայից հեռացվել էր իր ուսուցիչ Ն. Ռիմսկի-Կորսակովը, ի պաշտպանություն որի մամուլում հանդես էր եկել նրա մի այլ աշակերտը՝ Ալեքսանդր Սպենդիարովը: Բաղդասարյանը եթե մասնակցություն էլ ունեցած չլինի հեղափոխական շարժումներին, իր սոցիալական ծագումով պետք է որ համակիր եղած լինի:
Նյութական ծանր զրկանքները, հյուրանոցային անապահով կյանքը, մանավանդ դաշնամուրի բացակայությունը երիտասարդ կոմպոզիտորին հնարավորություն չեն տվել կազմակերպված եւ հետեւողականորեն աշխատանք տանել սկսած գործի վրա: Թերեւս այդ անապահով կյանքի աննպաստ պայմաններն են եղել պատճառը, որ Բաղդասարյանի ուսումնառությունը տեւել է շուրջ տասը տարի եւ ամեն անգամ հիշատակվել է, որ Պետերբուրգի կայսերական կոնսերվատորիայի ուսանող է: Կյանքի գոյությունը պահպանելու համար ուսանողն ինչքա՞ն կարող էր համերգներ կազմակերպել Անդրկովկասի եւ Հյուսիսային Կովկասի քաղաքներում, որպեսզի ապահով կյանք ստեղծեր ու ստեղծագործեր:
1906-1909 թթ. «Անուշից» ձայնագրած մի հատվածի սեւագրության վրա Բաղդասարյանը գրել է. «Ժողովրդական կլոր պար» «Անուշ» օպերայից. կանանց եւ տղամարդկանց խումբը ձեռք-ձեռքի բռնած պարում են մեր ժողովրդական կլոր պարի նմանությամբ երգելով, ինչպես պարում են որոշված ջուխտերը՝ լավ պարողները, իսկ նրանց շրջապատողները երգում են»: Այստեղ դժվար չէ կռահել, որ խոսքը վերաբերում է Համբարձման տեսարանի համար գրած խմբի երգին ու պարին:
Այս բացատրության մեջ առկա է նաեւ ռեժիսորական աշխատանքի հեռանկարի հնարավորության կիրառումը: Դեռեւս 1902-ին, Շուշիում, մասնակցելով Սիրանույշի ղեկավարությամբ դերասանական խմբի ներկայացումներին, մոտիկից ծանոթ լինելով բեմադրական աշխատանքներին, Բաղդասարյանը երաժշտությունը գրելիս, մտովի պատկերացրել է պարողների եւ երգեցիկ խմբերի ներդաշնակ գործողությունները եւ իր ոճը դարձրել բեմական:
Վերոհիշյալ պարերգի բացատրության հետ, Բաղդասարյանը թողել է նաեւ այսպիսի հուսահատ տողեր՝ «Սեւ… օրերի հեղինակություններից է… կլինի՞ արդյոք տեսնեի աչքերովս այս օպերան բեմի վրա… մի՞թե այս իղձն էլ զառանցանք պիտի մնա»: Բայց երազելով երազից այն կողմ գնալ չի լինի: Նյութական կարիքի ու ստեղծագործական ծարավի այդ մենամարտում, նա, այնուամենայնիվ, կարողացել է տոկունությամբ շարունակել իր մաքառումները, ավարտել ու ամբողջացնել սպասված օպերան:
Այդ պայմաններում ստեղծած աշխատանքի պտուղներից մեկը «Ախ, սիրտս, նանի»- Անուշի երգն է՝ սոպրանո ձայնի համար:
Այս մեներգը պարունակող թղթի վրա Բաղդասարյանը նշել է տարեթիվն ու վայրը՝ «1907 օգոստոսի 4, ՍՊԲ»:
1909-ի մայիսին արված նշոււմներից պարզվում է, որ «Անուշի» վրա կատարվող աշխատանքը Բաղդասարյանը շարունակել է Մոսկվայում: Դարձյալ Համբարձման տեսարանից նա եղանակել է մի հատված՝ աղջիկների վիճակահանության երգերից, որոնցից սեւ բախտն Անուշին է ընկնում:
Այս տեքստի դիմաց Բաղդասարյանը գրել է՝ «Անուշ» հայ ժողովրդական կյանքից պոեմ Հ. Թումանյանի, փոխադրեց օպերայի եւ երաժշտությունն հեղինակեց Եղիշե Բաղդասարյանը, 1906-ից 1909»:
Համբարձման տեսարանի կամ Ջան-գյուլումի երգերի վրա աշխատելու շրջանում Բաղդասարյանը փոքր-ինչ հնարավորություն է ունեցել դաշնամուրով սենյակ վարձելու եւ կանոնավոր զբաղվելու իր սիրած երկի վրա: Ստեղծագործական աշխատանքի այս ակտիվ շրջանում երիտասարդ կոմպոզիտորը մտադիր է եղել նամակ գրելու Թիֆլիս՝ Հ. Թումանյանին՝ ամենայն հավանականությամբ պոեմի գրական տեքստը օպերային լիբրետտոյի հարմարեցման հարցի մասին: Ցավոք հայտնի չէ՝ գրե՞լ է արդյոք: Ժամանակին համանման խնդրանքով Թումանյանին են դիմել նաեւ Կոմիտասն ու Արմեն Տիգրանյանը, որոնց, սակայն, չգիտես ինչու, Թումանյանը չի արձագանքել:
«Անուշ» օպերայի վրա Եղիշե Բաղդասարյանի կատարած աշխատանքից մեզ հասած այն բոլոր սեւագիր հատվածները, որոնք պահվում են Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի երաժշտական բաժնում, վերաբերում են պոեմի Երկրորդ երգին՝ Համբարձման տեսարանին, որը բոլոր կոմպոզիտորների մոտ, ինչպես որ պետք է լիներ ըստ գրական երկի կառուցվածքի, դարձել է երկրորդ գործողություն:
1908-1909 թթ. Բաղդասարյանը լարված աշխատելով օպերայի վրա՝ գրեթե ավարտել է այն: Դրանից հետո նրան մտահոգել է օպերայի բեմադրության հնարավորության հարցը: Հայ պրոֆեսիոնալ օպերային երգիչ-երգչուհիների կատարողական կայուն կազմ չլինելով, նա, ստիպված, բանակցությունների մեջ է մտել ռուսական օպերային խմբերի հետ, բայց ընդառաջող չի գտնվել: 1911-ին նրան հաջողվել է համոզել Մոսկվայի՝ Ս.Ի. Զիմինի ռուսական թատրոնի օպերային խմբի ղեկավարությանը՝ բեմադրելու «Անուշ» օպերան:
Լիբրետիստ Բելսկին մի քանի հատված թարգմանելուց հետո հրաժարվել է այդ աշխատանքից՝ պատճառաբանելով, թե ռուսերեն թարգմանությամբ օպերայի լիբրետտոն եւ երաժշտությունը կկորցնեն իրենց ազգային նկարագիրը:
«Անուշ» օպերայի բեմական պատմության համար պահպանված այսպիսի աղոտ տվյալները գալիս են համոզելու, որ Եղիշե Բաղդասարյանը 1910-ական թթ. սկզբներին ավարտած է եղել իր աշխատանքը օպերայի վրա, այլապես նա չէր մտահոգվի «Անուշը» բեմ հանելու դժվարին ու շատ ծախսեր պահանջող հարցերով:
Ամբողջական «Անուշը» բեմադրելու հույսը կորցրած հեղինակին մնում էր համերգային կատարմամբ անդրադառնալ նրան: Ու նա, իր համերգային գործունեության ժամանակ, ամենուրեք ներկայացրել է «Աղջի բախտավոր» խմբերգը, մանավանդ, որ այն վաղուց տպված է եղել (1904, Պետերբուրգ):
«Աղջի բախտավորն» առաջին անգամ կատարվել է 1912 թ. դեկտեմբերի 9-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Փոքր դահլիճում կայացած «Հայկական երեկոյի» ժամանակ: Խմբերգը կատարվել է իր իսկ կազմակերպած՝ Մոսկվայի հայկական խմբերգչային ընկերության երգեցիկ խմբի կատարմամբ, իր ղեկավարությամբ: Համերգին ներկա են եղել անվանի գրականագետներ Յուրի Վեսելովսկին, Կարապետ Կոստանյանը, երաժշտական բնագավառի գործիչներ Յուրի Սախնովսկին, Սերգեյ Տանեւը, Դմիտրի Արակչիեւը, Միխայիլ Իպպոլիտով-Իվանովը, Կոնստանտին Սարաջեւը եւ ուրիշներ:
Երեկոյի ընթացքում կատարված մյուս գործերի թվում մեծ հաջողություն է ունեցել նաեւ «Աղջի բախտավոր» խմբերգը: Երաժշտության արտահայտիչ մեղեդայնությունը զարմանք է պատճառել, թե հեղինակն ինչպես է կարողացել այդպիսի չնաշխարհիկ եղանակներ հորինել: «Ռամպա ի ժիզն» հանդեսի գնահատությամբ Բաղդասարյանը համարվել է հայ երաժշտական կյանքի փոքրիկ Գլինկա:
Ի թիվս այլեւայլ ստեղծագործությունների, «Աղջի բախտավորը» կատարվել է նաեւ Հայ գրերի գյուտի 1500 եւ տպագրության 400-ամյակների տոնի առթիվ Մոսկվայի Գրական-գեղարվեստական խմբակցության դահլիճում:
Հեղինակի ղեկավարությամբ «Աղջի բախտավորը» կատարվել է նաեւ Շուշիում, 1913 թ. հուլիսի 18-ին տրված համերգի ժամանակ: 30 հոգուց բաղկացած երգեցիկ խումբը պատրաստել ու ղեկավարել է ինքը՝ Բաղդասարյանը: Այդ օրվա համերգից ստացած տպավորության տակ մամուլում գրվել է՝ «Համերգը վերջացավ «Աղջի բախտավոր» կտորով («Անուշից»), որն արժանացավ ընդհանուրի հավանությանը»:
Համերգը համերգ, բայց համերգային կատարումը չէր կարող պատկերացում տալ օպերայի ամբողջական արժանիքների մասին, որքան էլ հիասքանչ լիներ «Աղջի բախտավորը»:
Ի վերջո, ի՞նչ ճակատագիր է ունեցել Եղիշե Բաղդասարյանի «Անուշ» օպերան: Կոմպոզիտորի այրին՝ Ա. Բաղդասարյանը ի պատասխան երաժշտագետ Վարդան Սամվելյանի հարցում-նամակի, 1941 թ. մայիսի 5-ին Դոնի Ռոստովից գրած նամակում որոշ պարզաբանումներ է տվել մեզ հետաքրքրող հարցի մասին:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին նրանք՝ ամուսիններով ապրելիս են եղել Մոսկվայում, Հայկական նրբանցքի նո. 29 տանը: 1916-ին նրանց ազատել են տվել բնակարանը: Բաղդասարյանների բոլոր իրերը, նոտագրությունները մնացել են այնտեղ, իսկ իրենք փոխադրվել են Երեւան: 1917-ին Եղիշե Բաղդասարյանը կոմպոզիցիայի տեսություն է դասավանդել Երեւանի երաժշտական դպրոցում եւ Էջմիածնի Գեւորգյան ճեմարանում: Նրա ստեղծագործություններից իր մոտ եղել են «Անուշ» օպերան եւ մի քանի երգեր: Աշխատանքի բերումով, փախստականների հարցերով, Բաղդասարյանը մեկնել է Հյուսիսային Կովկաս՝ Արմավիր, ուր վարակվելով բծավոր տիֆով մահացել է 1919-ի ապրիլի 5-ին: Կինը մեկնել է Արմավիր, իսկ ամուսնու ձեռագրային ժառանգությունը մնացել է կոմպոզիտորի քրոջ մոտ:
Ա. Բաղդասարյանի բացակայության ժամանակ, կոմպոզիտորներ Ազատ Մանուկյանը, Երվանդ Սարդարյանը եւ Արմեն Տիգրանյանը հետաքրքրվելով վաղամեռիկ Եղիշե Բաղդասարյանի ստեղծագործական ժառանգության ճակատագրով, գնացել են նրա քրոջ մոտ, նրանից վերցրել ձեռագրերը: Թե հետագայում ի՞նչ բախտ է վիճակվել այդ ձեռագրերին, անհայտ է: Իսկ այն փոքրիկ մասը, որ ներկայումս պահվում է Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի Երաժշտական բաժնում, Ե. Բաղդասարյանի ֆոնդում, դրանք թանգարանին է հանձնել (1959) նրա դուստրը՝ Վերգինե Բաղդասարյանը:
Եղիշե Բաղդասարյանի մահից հետո, նրա կնոջ մոտ պահպանվելիս են եղել «Ախ, ալ վարդի» երգի ձեռագիրը, տպագրված գործերից՝ «Մի լար բլբուլ», «Սիրուն գարուն», «Աղջի բախտավոր», «Էտո մոի տոպոլի նեժնո շելեստյատ», «Գրուզինսկայա կոլիբելնայա պեսնյա» գործերը:
Համառոտակի՝ այսպիսին է եղել կոմպոզիտոր-խմբավար Եղիշե Բաղդասարյանի կյանքի եւ ստեղծագործական ժառանգության ճակատագիրը:
ԲԱԽՏԻԱՐ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ