Գրոհայիններ՝ առանց սահմանների

52

Ռուս-ուկրաինական ճգնաժամի օրագրից

Ռուսաստանի Դաշնության արտաքին հետախուզության ծառայությունը դեռեւս 2022թ. մարտի 4-ին հայտարարարություն էր տարածել, որ Վաշինգտոնը  «Դաիշի» գրոհայիններին Ուկրաինա գործուղելու նպատակով  Սիրիայի սահմանամերձ Էթ-Թանֆ քաղաքում  տեղակայված ԱՄՆ ռազմաբազայում  ուսուցողական աշխատանքներ է իրականացնում:

Քաթարում  լույս տեսնող «Ալ-արաբի  աջ-ջադիդ» պարբերականը, վկայակոչելով «Սիրիացիները  հանուն ճշմարտության եւ արդարության»  կազմակերպությանը, 2022 թվականի մարտի 7-ին տեղեկացրեց, որ Սիրիայի անվտանգության ծառայությունները ռուս զինծառայողների  շարքերում մարտնչելու համար սիրիացիների են զինվորագրում: Ըստ նշված տեղեկատվության, Ուկրաինա մեկնող  յուրաքանչյուր գրոհայինի 200 հազար սիրիական լիրա է վճարվում: 

Մեկ այլ տեղեկատվության համաձայն, որը տարածվել է «Sputnik» լրատվական գործակալության կողմից, 2022 թվականի մարտի 9-ին  «Ալ-թուրքիստանի», «Հարաս էդ-դին», եւ «Անսար ալ-թաուհիդ» կազմակերպություններին պատկանող  շուրջ 450 օտարերկրյա ահաբեկիչներ Թուրքիայի սահմաններով  ուղեւորվել են դեպի Ուկրաինա:

Մարտի 11-ին Ռուսաստանի նախագահ Պուտինը հանդես գալով հայտարարությամբ, նշել է, որ   Դոնբասին ռազմական օգնություն ցուցաբերելու նպատակով անհատույց հիմունքներով արտերկրից կամավորներ ներգրավելը ընդունելի է : 

Այս հակիրճ նախաբանը ցույց է տալիս, որ  ռազմադաշտում  օտարազգի  զինյալների  ներգրավումը, ռուս-ուկրաինական  ճգնաժամի  ահագնացող   հետեւանքներից  կարող է լինել:

Պատերազմի բռնկման  առաջին իսկ օրերից  Եվրոպական   եւ որոշ այլ երկրներից  ռուսների դեմ  մարտնչելու   նպատակով   շատերն էին պատրաստվում Ուկրաինա  մեկնել: 

Մյուս կողմից,  տեղեկություններ կային այն մասին, որ Բաշար Ասադի վարչակարգին  հավատարիմ  գրոհայինների մի ստվար զանգված  ռուս  զինվորականների  շարքերում   կռվելու   պատրաստակամություն  էր   հայտնել: Պենտագոնի խոսնակ Ջոն Քըրբին մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել էր, որ ըստ օպերատիվ տվյալների, ռուսական «Վագներ» զինվորական կազմակերպությունը  Մերձավոր Արեւելքում  Ուկրաինայի դեմ  պայքարող վարձկանների է զինվորագրում:  Ըստ Քըրբիի,  «Վագները» աշխարհի մի շարք երկրներում  գրոհայինների զինվորագրման աշխատանքներով է զբաղված:

Չի բացառվում   նաեւ,  որ  ճգնաժամի երկարաձգման ու  խորացման դեպքում,  Իրանի  հովանավորությունը  վայելող  Լիբանանի «Հըզբոլլահի»,  Իրաքի  «Հաշդ աշ-Շաաբիի», ու Եմենի «Հուսիների» գրոհայիններ էլ  հայտնվեն  Ուկրաինայի ռազմաճակատներում: Այդ դեպքում,  օտարազգի գրոհայինների  միջեւ  հնարավոր  բախումները  կարող են  Ուկրաինան վերածել  նոր Սիրիայի:

Տարբեր հանգամանքներից ելնելով,  «Դաիշականների» ու «Ալ-քաիդայի» զինյալների  հայտնվելն   Ուկրաինայում  նույնպես  բացառել  չի կարելի: 

Քաղաքականացված «Մուսուլման եղբայրներ» իսլամական  կազմակերության մասնակցությունը    ռուսների հակադիր ճամբարում  նույնպես անհավանական չի թվում: Սակայն, Ուկրաինայի նկատմամբ նրանց աջակցությունն  առավելապես  կարող է քարոզչական բնույթ  կրել: 

Իսլամական կազմակերպությունների համոզմամբ, ուկրաինական ճգնաժամում  ներգրավված երկու կողմերն էլ անհավատներ են,  եւ  գաղափարական իմաստով նրանց միջեւ տարբերություն չկա: Սակայն «թաքֆիրի» անվանումն ստացած ահաբեկիչների  ռազմավարական ընտրությունն այս պահին  կանգ է առել ռուսների դեմ պայքարի տարբերակի վրա, քանի որ, ըստ վերջինների,  Մոսկվան աջակցել  է Բաշար Ասադի վարչակարգին: Դա նշանակում է, որ «թաքֆիրիի» ահաբեկիչները պատրաստ են մասնակցել  Ռուսաստանի դեմ ցանկացած ռազմական գործողությունների: 

Բնականաբար, օտարերկրացի զինյալների «արտահանումը»   դեպի Ուկրաինա  կարող  է  նպաստել  հակամարտության  ահագնացմանն ու ծայրահեղականության աճին:  Իսկ ռազմական գործողությունների ավարտից ու գրոհայինների տունդարձից   հետո,    Մերձավոր  Արեւելքը  կարող է   բախումների  նոր օջախի  վերածվել: 

ԳՐԻԳՈՐ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Իրանագետ