Չորեքշաբթի օրը, ապրիլի 24-ին, 93 տարեկանում կյանքից հեռացավ նշանավոր պատմաբան, Հայաստանում արեւելագիտության եւ հատկապես արաբական երկրների պատմագիտական դպրոցի հիմնադիր, պրոֆ. Նիկոլայ Հովհաննիսյանը: Ավելի քան 500 գիտական աշխատությունների, դրանց թվում՝ շուրջ 80 մենագրությունների ու գիտական հարյուրավոր հոդվածների, այդ թվում՝ «Ազգ»ի էջերում լույս տեսած, հեղինակ էր նա: Բացառիկ՝ նաեւ արտասահմանյան հեղինակավոր ամսագրերում արաբերեն, անգլերեն, գերմաներեն, ֆրանսերեն, ռուսերեն, պարսկերեն, թուրքերեն եւ այլ լեզուներով լույս տեսած 100-ից ավել իր հոդվածներով:
Պրոֆ. Ն. Հովհաննիսյանը մեկ տասնամյակից ավել տնօրենն է եղել Հայաստանի Արեւելագիտության ինստիտուտի, հասցրել բազմաթիվ կադրեր, որոնք ՀՀ արտգործնախարարությունում ու դեսպանություններում վարել եւ վարում են պատասխանատու պաշտոններ:
Նրա մենագրություններից առավել հայտնի են «Ազգային-ազատագրական պայքարը Լիբանանում», «Անկախ Սիրիական Հանրապետության ստեղծումը», «Ազգային-ազատագրական շարժումը Իրաքում», «Լիբանանյան ճգնաժամը եւ Լիբանանի հայ համայնքի դիրքորոշումը» աշխատությունները: «Ազգ»ի խմբագրության համագործակցությամբ հրատարակվել է նրա «Քրդական գործոնը եւ Հայկական հարցը» մենագրությունը, վերահրատարակվել Ավետիս Փափազյանի «Հայերի ցեղասպանությունը ըստ երիտթուրքերի դատավարության փաստաթղթերի» աշխատությունը «Բարեպաշտ սերունդ» հիմնադրամի մեկենասությամբ:
Հոգեհանգստյան արարողությունը տեղի ունեցավ երեկ, ապրիլի 25-ին: Հուղարկավորությունը տեղի կունենա այսօր, «Զոլեր» սգո սրահից (հասցե՝ Գ. Հասրաթյան փ. 25/3):
Ցավակցություններ տիկնոջը, մյուս հարազատներին եւ ընկերներին:
Մեծ պատմաբանի կյանքին ու գործունեությանը ավելի ընդարձակ մեր անդրադարձումը՝ առաջիկա համարներում: