Օգոստոսի 28-ին Յու Ջերզիում (ԱՄՆ), 98 տարեկան հասակում վախճանվել է ազգային աննման բարերար Նազար Նազարյանը, ինչպես գուժում է Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության կենտրոնական գրասենյակից ստացված մահագրականը:
Ծնված Հալեպում, Լեւոն եւ Սաթենիկ Նազարյանների այնթապաշունչ ընտանիքում, մեծացած եւ բարձրագույն կրթությունը ստացած Բեյրութում, այնուհետեւ առեւտրաարդյունաբերական գործունեությամբ հաստատված Նյու Յորքում, Ն. Նազարյանը մինչեւ մահ ծառայել է ՀԲԸՄիությանը եւ Հայ առաքելական եկեղեցուն, ոչ միայն բարերարություններով, այլեւ գործնապես մաս կազմելով Միությանը եւ Մայր աթոռ Սբ. Էջմիածնին: Բավական է ասել, որ ավելի քան հինգ տասնամյակ նա եղել է ՀԲԸՄ Կենտրոնական վարչության գանձապահը, Հայ եկեղեցու Մ. Նահանգների Արեւելյան թեմի գործունեության մղիչ ուժը:
Իսկապես բազմաթիվ են նրա բարեգործությունները ոչ միայն Ամերիկյան ցամաքամասում, ալեւ՝ Սփյուռքի ողջ տարածքին, հատկապես կրթական, երիտասարդական, եկեղեցական, նաեւ բժշկաառողջապահական ու մամուլի: Դպրոցներ, երիտասարդական կենտրոններ, եկեղեցիներ, ՀԲԸՄ-ի գրասենյակներ,- շատ երկար է ցանկը: Հիշենք գլխավորներից մի քանիսը միայն՝ «Լեւոն եւ Սաթենիկ Նազարյան նախակրթարան» (Բեյրութ), Լիբանանում ՀՀ դեսպանատան շենք, Երեւանում ՀԲԸՄ-ԵՊԲՀ «Լեւոն եւ Կլաուդիա ռադիոլոգիայի կենտրոն», Սուրբ Էջմիածնի դիվանատուն, Երեւանի Սուրբ Գր. Լուսավորիչ եկեղեցու Սուրբ Տրդատ մատուռ:
Բարերար Նազարյանի հարաբերությունները միշտ ջերմ են եղել նաեւ Ռամկավար Ազատական կուսակցության հետ: Բազմիցս նա նպաստել է կուսակցության տարբեր նախաձեռնություններին ու մամուլին: Մեծ է եղել նրա օգնությունը Երեւանի Հանրապետության 47 հասցեում գնտվող շենքի 3-րդ հարկի, որտեղ 30 տարի գործել է նաեւ «Ազգ»ը, հիմնանորոգման գործում:
Նազար Նազարյանի գործունեությանը հետագայում ավելի հանգամանալից անդրադառնալու խոստումով՝ մեր խորին ցավակցություններն ենք հայտնում հանգուցյալ բարերարի բազմանդամ գերդաստանին, հարազատներին, գործընկերներին ու ՀԲԸՄիության Կենտր. վարչությանը:
«Ազգ»