«Ազգ»-ի նոյեմբերի 10-16 (թիվ 41, 5776) համարում տեղեկացրել էինք, որ «Նկարիչների նկարիչը» հորջորջված Արշիլ Գորկու «Ածխացած սիրահարները-1» (1946 թ.) կտավը նոյեմբերի 10-ին աճուրդի է հանվելու Նյու Յորքում Christie s աճուրդի տանը «20-րդ դարի արվեստ» անվանակարգով, եւ փորձագետները որպես մեկնարկային գին 20 մլն. դոլար էին նշանակել: Ուրախ ենք հայտնելու, որ ըստ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթրի», կտավը, որ 30 տարիներ գտնվել է Դեյվիդ Գեֆֆենի մոտ, վաճառվել է 23,4 միլիոն դոլարով, որը Գորկու գործերին ցարդ տրված ամենաբարձր գինն է: Նախորդը՝ Գորկու «Բարի օր, տիկին Լինքոլն» կտավը (1944 թ.) 2018-ին դարձյալ Christie s-ի աճուրդի տանը վաճառվել էր 14 մլն. դոլարով:
Աճուրդի տունը Գորկու կտավը ներկայացրել էր «Ամենահիասքանչ փյունիկը» վերտառությամբ, նկատի ունենալով, որ այն ստեղծվել էր 1946-ի հունվարին տեղի ունեցած ավերիչ հրդեհին ի պատասխան: Հրդեհը կլանել էր ոչ միայն Գորկու 20 կտավները, այլեւ նրա նախասիրած գրքերի ու գծանկարների մեծ մասը: Անկոտրում կամքի տեր Ոստանիկ Ադոյանը իր մեջ բավականաչափ ուժ էր գտել Նյու Յորքի 1200 Fifth Avenue հասցեում գտնվող շենքի 17-րդ հարկի իր արվեստանոցում վրձնելու իր «պարասենյակային» շարքը, որի 4 կտավներից մեկն է «Ածխացած սիրահարները»:
Ընդհանուր առմամբ աճուրդը ռեկորդային է եղել ոչ միայն Գորկու, այլեւ Ռիչարդ Դիբենկորնի եւ Ջոան Միտչելի համար:
Թարգմ. Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆԻ