Օր չի լինի, թեեւ ոմանք հակված են նաեւ ժամ չի լինի մոտեցման հետ, որ ՀՀ բարձրագույն գործադիր, օրենսդիր ու անգամ իրավապահ կառույցները չբարձրաձայնեն իրենց գործունեության ոլորտներում արված գործերի հաջողությունների, երբեմն` աննախադեպ արդյունքների մասին: Թվեր են հիշատակվում, որոնց բարյացկամորեն կնախանձեն նույնիսկ Երկիր մոլորակի առաջատար տնտեսություններն ունեցող կառավարությունների ղեկավարներն ու վիճակագիրները:
Ընդունելով հանդերձ, որ այսուհանդերձ ինչ-որ աշխատանքներ կատարվում են, ՀՀ քաղաքացիների որոշ թե որոշակի մասը հաստատ վստահություն ունի, որ դրանք որեւէ ձեւով չեն արտացոլվում իր առօրյայում, չեն նպաստում չգիտես որտեղից հայտնվող հոգսերի թեթեւացմանը: Նա դրանում համոզվում է հատկապես առաջին անհրաժեշտության դեղեր ու պարեն գնելիս, կոմունալ վճարումներ իրականացնելիս, որոնց նպատակով ծախսվում է ստացած աշխատավարձի, որը հաճախ աղքատավարձ է կոչվում, զգալի կամ ամբողջ մասը, հույսը դնելով արտերկրներում ապաստանած ընտանիքի անդամների ու հարազատների կողմից ուղարկվող ֆինանսական միջոցների վրա:
Տպավորություն է ստեղծվում, որ հայաստանյան տնտեսվարական ու տնտեսագիտական միտքը, որքանով որ այն կա, իր խոստացած հայկական «Դավոս»-ի օգնությամբ կբարեփոխի ՀՀ տնտեսական միջավայրը, շինարարա-ծառայություններ մատուցող ոլորտներից անցում կկատարի դեպի արտադրա-արդյունաբերական բնագավառներ, իրականում կբարելավի փոքր ու միջին գործարարական միջավայրը: Ավա՜ղ, հայաստանյան առօրյան սպասումների մի անհասկալի շարք է հիշեցնում, հայկական ներուժ ասվածն այդպես էլ չի նշմարվում, ինչքան էլ տնտեսության կառավարիչները հիշեցնեն, որ դեսպանների հետ հանդիպումների ընթացքում վերջիններս հետաքրքրություն են ցուցաբերել ՀՀ ներդրումային միջավայրի հանդեպ:
Հիշենք. տարիներ առաջ Շիրակի մարզում տարածաշրջանի առումով խոշորագույն շաքարի գործարան կառուցվեց, 200 հազար տոննա տարեկան հզորությամբ, երբ ՀՀ 3 մլն բնակչության պահանջարկը 60-80 հազար տոննա է: Պարզվեց, որ շաքարավազի արտադրությունը հումքի խնդիր ունի, մեր պայմաններում հանձին ճակնդեղի, որի մշակության հարուստ փորձի պարագայում այն մեր ժամանակներում չի իրականացվում: Արդյունքում հույսը դրվեց արտերկրներից շաքարեղեգի ներկրումների վրա, որն ամեն դեպքում խնդիրներ է հարուցում, բացասաբար անդրադառնում արտադրանքի վերջնական գնի կազմավորման վրա:
Համանման մի գործընթաց ծավալվեց ամիսներ առաջ: Գործարարներից մեկն ի լուր հանրության հայտարարեց, որ իր ներդրումների շնորհիվ մարզկենտրոնում պանրի արտադրության խոշոր գործարան է կառուցում: Հետաքրքրականը թե տարօրինակն այն էր, որ նշեց. պանրի արտադրության հումք չոր կաթը բերելու է հարեւան երկրից, կաթնամթերքն իրացնելու է Ռուսաստանի դաշնությունում: Ի՞նչ ունենք այսօր. ռուսական սննդամթերքի անվտանգության ծառայության կողմից Հայաստանի հանրապետությունում արտադրվող կաթնամթերքի ներմուծման անորոշ ժամանակով արգելք:
Վիճակն այսչափ անհասկանալի չէր լինի, եթե ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող կաթնամթերքը չպիտակավորվեր որպես կաթ պարունակող արտադրանք: Էլ ինչի՞ց է արտադրվում կաթնամթերքը, եթե ոչ` մանր ու խոշոր եղջերավորի կաթից: Հարցը չի բարձրաձայնվում, այն պատասխան չունի, քանզի… վերջին մի քանի տարիներին կաթնատու խոշոր եղջերավորների գլխաքանակը ոչ վաղ անցյալի 320 հազար գլխաքանակից էապես նվազել է, որոշ հաշվարկներով կազմում է 230-250 հազար, առանց կաթնատվության ավելացման: Խեղճ անասունները տարվա հիմնական ժամանակահատվածում չոր ծղոտով են կերակրվում, արդյունքում հազիվ 2000 լիտր կաթնատվություն են ապահովում, երբ գյուղոլորտը կառավարող շատ երկրներում այս ցուցանիշը 10.000 լիտրից ավելին է կազմում:
Պարզվում է ՀՀ-ում որոշ թե որոշակի ֆինանսական միջոցներ կան, կան նաեւ դրանք տնտեսությունում ներդնելու պատրաստակամ գործարարներ, իսկ արդյունքում ստացվում է ինչպես միշտ` անարդյունավետ կառավարում, անզոր ու անօգնական միջավայր, հազիվ 20 մլրդ դոլար կազմող համախառն ներքին արդյունք, որից ցանկալի ու հուսալի բյուջե հավաքագրելը խնդրահարույց է: Հենց օրեր առաջ հաղորդվեց, որ ՀՀ բանկային համակարգում ներդրված դրամային ու արտարժույթային միջոցներն անցնում են 12 մլրդ դոլարը, որն իրոք աննախադեպ աճ է դրսեւորում, միայն թե` բանկային համակարգի ներսում: Տարօրինակորեն թե ցավալիորեն չկան դրանք տնտեսությունում շրջանառելու ծրագրեր, ի սպառ բացակայում է բաժնետիրական ընկերությունների կազմավորումը, փոքր ու միջին գործարարության խթանումն ու խրախուսումը:
Հենց օրերս հանրությունը մի յուրօրինակ հայտարարության ունկնդիրը դարձավ. գործարար միջավայրի ներկայացուցիչը հայտարարեց, որ խաղողագործական հզոր տնտեսություն հիմնելու նպատակով Ֆրանսիայից 200.000 խաղողի արմատակալ է ներմուծելու:
Չքննարկելով սեփականատիրոջ որոշումը՝ այսուհանդերձ նկատենք, որ այս ամենը տեղի է ունենում, ասենք, Ոսկեվազ համայնքում 250 հեկտար խաղողի այգիների վերացման, շատ համայնքներում խաղողի այգիները քանդելու պայմաններում. Գործարարությունը միշտ չէ որ գործ արարելու է հանգեցնում: Թե ինչ խնդիր է լուծում այս առումով փորձագիտական հանրությունը, դժվար է գնահատել, քանզի ներուժի առումով փորձագիտական ուսումնասիրություններ մեզանում գրեթե չեն իրականացվում:
Այսպես էլ ապրում ենք:
ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ