Ակտիվ աստղեր եւ խտացումների առաջացում
ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատողները միջազգային պրակտիկայում առաջին անգամ ստացել են դիտողական ապացույց ակտիվ աստղերի ժայթքումների եւ արտահոսքերում խտացումների առաջացման միջեւ կապի առկայության մասին:
Ակտիվ աստղերի ժայթքումների եւ արտահոսքերում խտացումների առաջացման միջեւ առկա կապը վաղուց էր ենթադրվում, սակայն առաջին անգամ միջազգային պրակտիկայում այն ստացավ դիտողական ապացույց: Այդպիսի ապացույց է հանդիսացել PV Cep էռուպտիվ աստղի արտահոսքում հայտնաբերված նոր խտացումը, որի կինեմատիկ տարիքը համընկնում է այդ աստղի մոտ դիտված պայծառության շեշտակի աճի ժամանակահատվածի հետ:
Աշխատանքներն ընդգրկում են հետազոտություններ էլեկտրամագ-նիսական ալիքների լայն սանդղակում եւ իրականացվել են աշխարհի խոշորագույն դիտակներով, օգտագործվել են առկա բոլոր աստղագիտական շտեմարանները: Ամենաարժեքավորն այն է, որ խոշորագույն դիտակներով ուսումնասիրվել են օբյեկտներ, որոնք հայտնաբերվել են Բյուրականի աստղադիտարանի 1մ Շմիդտի դասի դիտակով: Այդ դիտակով հայտնաբերվել են ոչ միայն գերձայնային արտահոսքեր երիտասարդ աստղերից, այլ նաեւ աստղառաջացման նոր տիրույթներ:
Հետազոտություններն իրականացվել են «Էքստրեմալ բռնկումային ակտիվությամբ երիտասարդ օբյեկտներ» թեմատիկ ծրագրի շրջանակներում, որի հիմնական նպատակն է աստղերի զարգացման վաղ փուլերում ընթացող անկայուն երեւույթների ֆիզիկական բնույթի բացահայտումը: Ծրագրի ընթացքում Բյուրականի աստղադիտարանի գիտական խումբը համագործակցել է Ռուսաստանի Հատուկ աստղաֆիզիկական աստղադիտարանի, ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի, Հավայան կղզիների համալսարանների եւ այլ գիտական հաստա-տությունների հետ:
Գիտական ուսումնասիրությունները շարունակվում են:
ՍՏԵՓԱՆ ՊԱՊԻԿՅԱՆ