Այս միտքը բնավ սարկազմով չեմ ասում. ակադեմիական քաղաքը նախընտրելի է՝ մայրաքաղաքից բավական հեռու լինի: Ինչո՞ւ, որովհետեւ Երեւանին մոտ գտնվող քաղաքները, կամա թե ակամա, արդեն իսկ որոշ չափով զարգանում ու առաջընթաց ապրում են: Երեւանից 30 ու 180 կմ (Աշտարակն ու Ախթալան մոտավորապես այդքան են հեռու իրարից) հեռավորության վրա գտնվելու հանգամանքը, համաձայնեք, նույնը չէ:
Օրերս հայտնի դարձավ, որ կառավարությունը մտադիր է Աշտարակ քաղաքում ստեղծել ակադեմիական քաղաք, միավորել պետական բուհերը եւ տեղափոխել դրանք Աշտարակ: Թեեւ այս գաղափարը դեռեւս փաստաթղթային հիմնավորում չի ստացել, այն դեռեւս սաղմնային փուլում է, այնուամենայնիվ արդեն հասցրել է մեծ արձագանք ստանալ կրթության ոլորտի շահառուների, հասարակության շրջանում:
Արձագանքը հիմնականում խիստ բացասական է. հատկապես երեւանաբնակները մեծագույն ցավով են ընդունում հանգամանքը, որ 8 բուհ կարող են միավորվել ու լքել քաղաքամայրը: «Բա մեր երեխաներն ինչպե՞ս են «ռայոններ» հասնելու»,- ասում են քաղաքաբնակները՝ չցանկանալով մի պահ մտորել հարցի շուրջը, թե իսկ մարզաբնակներն ինչպե՞ս են գալիս ու համակերպվում մայրաքաղաքի կարգուբարքին: Բարձրագույն ուսումնական հաստատությունների ռեկտորներն ու պրոֆեսորադասախոսական անձնակազմը նույնպես ծանր է տարել կառավարության մտադրությունը, որովհետեւ լավ է հասկանում՝ եթե այս նախագիծւը միսուարյուն ստանա, ապա ստիպված է լինելու օրական մի քանի տասնյակ կիլոմետր կտրել, ու գուցե իրենց անհարմարություն պատճառելով՝ հասնել Աշտարակ: Այս ամենն, իհարկե, հարցի 2-րդական կողմն է:
Ինքս անձամբ ուրախ կլինեմ, որ նախագիծը բավական մոտ ժամանակահատվածում կյանքի կոչվի եւ ակադեմիական քաղաք ստեղծվի ոչ թե Աշտարակում, այլ, օրինակ, Ախթալայում, Նոյեմբերյանում, Գորիսում կամ Մարալիկում: Եվ դա զուտ միայն այն պատճառով, որ Հայաստանի համայնքները գոնե մասամբ ու մանր-մանր քայլերով սկսեն համաչափ զարգանալ: Գերբեռնված Երեւանը, որտեղ կենտրոնացած է երկրի բնակչության 60 տոկոսը, այո, պետք է պատրաստ լինի հրաժեշտ տալ մի քանի տասնյակ հազար ուսանողների, ինչը թույլ կտա ՀՀ մնացյալ համայնքներն էլ զարգացնել՝ տրանսպորտի, հյուրանոցների, խանութների ու անգամ կոշիկի վերանորոգման կրպակների ավելացման տրամաբանության շրջանակները:
Հետեւաբար, ռեկտորների, դասախոսների, ուսանողների ու երեւանաբնակների ցասումը, թե «նման որոշմամբ երկիրը քանդում եք» պնդումները աբսուրդի ժանրի անհիմն արդարացումներ են սոսկ: Մտահոգությունս այն է, որ այս նախագիծը մի շարք այլ նախագծերի նման օդում է մնալու ու չի իրագործվելու (տա՛ Աստված՝ սխալվեմ): Տարիներ առաջ էլ նախկին իշխանության ներկայացուցիչներն էին առաջարկում մշակույթի նախարարությունը Գյումրի տեղափոխել: Նախարարությունը, սակայն, նորերը հայրաքաղաք տեղափոխելու փոխարեն կրթություն ու գիտության նախարարության մեջ «տեղափոխեցին», ավելի ճիշտ՝ խցկեցին:
ՍԵՎԱԿ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ