Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ՝ 2015-ին, Գերմանիայում ստեղծվեց թուրքական գերմանալեզու NEX24 պորտալը, որ պատահական հոդվածներ չի հրապարակում: Կա ազգային ծրագիր եւ օրակարգ, որին հավատարիմ են: Օգոստոսի 23-ին կայքը հրապարակել է ադրբեջանցի քաղաքական ընդդիմադիր գործիչ, Նախիջեւանում ծնված, 2018-ից Լոնդոնում քաղաքական ապաստան գտած Գուրբան Մեմեդովի հոդվածը, որ անդրադառնում է Բերձորի (Լաչինի) նորակառույց ճանապարհի նշանակությանը: Էլչիբեյի նախագահության շրջանում սույն իրավաբան քաղաքական գործչի անունը հաճախ էր շրջանառվում, շատերն այն կարծիքի էին եւ են, որ նրա միտքը քաղաքականություն է սնում:
Մեմեդովն հոդվածն այսպես է վերնագրել՝ «Այս ճանապարհի կառուցումը ցույց է տալիս Ադրբեջանի իշխանությունների եւ տեղաբնակ հայ բնակչության միջեւ երկխոսության եւ փոխգործակցության ներուժը»: Մեմեդովը վկայաբերում է հայկական մամուլի եւ սոցցանցերի տեղեկությունները, թե Բերձորում, Աղավնոյում, Սուսում հայ բնակչությանը խնդրել են լքել շրջանը մինչեւ օգոստոսի 25-ը: Նրանք կարող են հաստատվել կա՛մ Հայաստանում, կա՛մ Ստեփանակերտում եւ ֆինանսական աջակցություն ստանալ Երեւանից: Մեմեդովի տեքստում իհարկե Բերձորը Լաչին է, Աղավնոն՝ Զաբուխ, իսկ Ստեփանակերտը՝ Խանքենդի, բայց մենք սկզբունք ունենք՝ «Ազգ»ում հայոց տեղանունները չենք պղծում: Հոդվածագիրը շարունակում է՝ «եռակողմ հայտարարության համաձայն երեք տարվա ընթացքում Ադրբեջանը Բերձորով (Լաչինով) կկառուցի նոր ճանապարհ, որից կօգտվի Ղարաբաղի հայ բնակչությունը Հայաստան գնալ-գալու համար: Ադրբեջանը ժամկետից շուտ ավարտեց 32 կիլոմետրանոց ճանապարհը, իսկ Հայաստանը տարբեր պատրվակներով փորձում է երկարաձգել իր տարածքով անցնող միակ 8 կմ երկարությամբ հատվածի կառուցումը:
Թեեւ տեղի հայ բնակչությունը գոհ է, որ նոր ճանապարհը շահագործման պիտի հանձնվի, սակայն Հայաստանի կառավարությունը փորձ է անում գործընթացը մինչեւ հաջորդ տարեվերջ երկարաձգել: Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանը տեղի հայ բնակչության անվտանգության եւ ներքին խնդիրները կարգավորելու լուծում է առաջարկում», մեկնաբանում է Մեմեդովը: «Բերձոր քաղաքը, Աղավնո եւ Սուս գյուղերն Ադրբեջանին վերադարձնելը, նոր ճանապարհի կառուցումը հակամարտությունից հետո իրավիճակի կարգավորման կարեւոր քայլ կլինի, կարտոնի տասնյակ հազարավոր հարկադիր տեղահանվածների անվտանգ վերադարձը: Ճանապարհի կառուցման ընթացքում տեղաբնակ հայերի հետ կապ է հաստատվել, շինաշխատանքների զգալի մասն իրականացվել է նույնիսկ առանց ռուս խաղաղապահների ուղեկցության, ընդգծում է ադրբեջանցի քաղաքագետը եւ հղում անում Իլհամ Ալիեւին: «Ադրբեջանի նախագահը ԶԼՄ-ներին տված հարցազրույցում ասել է, թե ճանապարհի կառուցման ժամանակ որոշ հայեր օգնել են: Սա վերահաստատում է հայ բնակչության եւ Ադրբեջան պետության, ադրբեջանցիների անմիջական շփումների եւ համատեղ գործունեության հնարավորությունը: Ադրբեջանական կողմը կառուցողական է եղել, հայ ժողովրդի ցանկությանն ընդառաջ համաձայնել է օգտագործել 4,7 կմ ժամանակավոր ճանապարհ, մինչեւ Հայաստանով անցնող ճանապարհի ավարտը: Թեեւ տարածաշրջանը լքող հայերին զգուշացվել է չայրել իրենց տները, շրջակա միջավայրն անվնաս հանձնել, սոցցանցերում պատկերներ կան, թե հայերն ինչպես են հրկիզում տներն ու անտառները», գրում է Մեմեդովը:
Նրա հաջորդ դիտարկումը հուշում է, թե Ադրբեջանն առաջիկայում այս պնդումն անընդհատ հենակ է դարձնելու: « Խնդրո առարկա տարածքներում ապօրեն բնակվողների մեծ մասը Հայաստանի իշխանություններից պահանջում է իրենց վերաբնակեցնել Հայաստանում: Այն, որ մարդիկ չեն ցանկանում ապրել Ղարաբաղում, հստակ նշան է, որ այդ մարդիկ չեն պատկանում տարածաշրջանին»:
Հեղինակն իրավաբան է, ընդդիմադիր է, հալածյալ է, աքսորյալ է, բայց հստակ գիտի, թե իր պետության ամրության, այս արեւի տակ ընդլայնվող քարտեզի համար ինչ կռվաններ են անհրաժեշտ: Ուստի ակնկալվում էր, որ պիտի հիշատակեր 1992-ին ազատագրված Բերձորում եւ շրջակա գյուղերում սիրիահայերի եւ լիբանանահայերի բնակեցման փաստի մասին: «Այս գործընթացի ժամանակ Ադրբեջանը միշտ է հայտարարել, թե դա որպես ռազմական հանցագործություն է դիտարկել, Ժնեւի կոնվենցիայի ոտնահարում, գրում է Մեմեդովը՝ հղում անելով Ժնեւի կոնվենցիայի 49-րդ հոդվածին …«Հայաստանի՝ ադրբեջանական տարածքների օկուպացիան, այդ թվում՝ Բերձոր քաղաքի ապօրինի բնակեցումը, այդ տարածքների բնակիչների ունեցվածքի, գերեզմանների ու մզկիթների լիակատար ոչնչացումը, հայերի համար տների, եկեղեցիների կառուցումը… (խնայենք մեր թերթի սահմանափակ տարածքը, շատ ենք լսել- Ան.Հ.):
Ադրբեջանը պատասխանատվություն է ստանձնել իր պարտավորությունների կատարման համար, բարեխղճորեն եւ որակով նոր ճանապարհ է կառուցում, հետեւողական միջոցներ է ձեռնարկում ժամանակավոր ճանապարհով երթեւեկությունը կազմակերպելու համար, սակայն Հայաստանը շարունակում է խուսափել իր պատասխանատվությունից՝ այն է՝ ապահովելու Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ սահուն երթեւեկությունը»:
Հատկապես 2020 թվականի պատերազմի ժամանակ եւ դրանից հետո հստակ դարձավ, որ ադրբեջանցի ընդդիմադիր թե իշխանական, աքսորյալ թե հալածյալ գործիչները նույնակակամ են իրենց ցանկությունների մեջ: Ունեն ծրագիր, քայլ առ քայլ իրականացնում են: Ո՞վ կլուսավորի նվաստիս՝ ի՞նչ է ուզում Հայաստանը՝ Արցախից, աշխարհից: Սա հարց է, որ գերմանացիներն ուղղում են տողերիս հեղինակին, ես էլ՝ Հայաստանի Հանրապետության արտգործնախարարությանը:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա