Երեկ գերմանական հեռուստատեսության 2-րդ ալիքի՝ ZDF-ի առավոտյան եթերում խոսելով Գրանադայում տեղի ունեցող գագաթնաժողովի մասին, Բունդեսթագի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միշայել Ռոթն այսպես արտահայտվեց. «Ադրբեջանում ավտորիտար տիրակալ կա՝ Ալիեւը, որ սպառնում է Հայաստանի տարածքային ամբողջականությանը: ՀՀ-ն պիտի մեզնից հիմա սատարման ազդանշան ստանա, իսկ Ալիեւին կարմիր քարտ պիտի ցույց տանք»: Գրանադա չգնալու մասին հաղորդավարի հարցին ի պատասխան Ռոթն ասում է. «նախկինի նման հույս է տածում, որ մեղմ կվարվենք, քանի մեր էներգամատակարարն է: Կարծում եմ՝ ճիշտ չէ: Եթե մի երկիր ագրեսիա է կիրառում, ռազմական ուժ գործադրում, չենք կարող նրա հետ սովորականի նման բիզնես անել»: Ռոթը խոսեց նաեւ Ադրբեջանում «ազգանականության (նացիոնալիզմի), դրա թույնի, ԵՄ-ի վրա ազդեցության մասին»:
Եթերը նոր էր ավարտվել, երբ Բեռլինում Ադրբեջանի դեսպան Աղաեւը X-ի միկրոբլոգում խանդոտ երեխայի նման մի տեքստ գրեց. «Զվարճալի է տեսնել, ինչպես է պարոն Ռոթը ներկայացնում «Ադրբեջանում ազգայնականությունը», իսկ Հայաստանը՝ որպես «անթերի ժողովրդավարություն», որ «ազգայնականությունից զուրկ » է: Այնքան զուրկ է, որ 1 միլիոն ադրբեջանցու է էթնիկ մաքրազտման ենթարկել, դրանով ադրբեջանցիների հանդեպ ցեղասպանություն իրականացրել: Հայաստանն այնքան «զուրկ է ազգայնականությունից», որ հրեական սինագոգներն ու հաստատությունները պարբերաբար ենթարկում է հարձակումների: Հայաստանն այնքան «ժողովրդավարական» եւ «ազգայնականությունից զերծ » է, որ նացիստների հետ համագործակցած հայերի բազմաթիվ արձաններ «զարդարում են» Հայաստանի շատ քաղաքներ: Հայաստանն այնքան զերծ է «ազգայնականությունից», որ էթնիկ զտումների պատճառով դարձել է աշխարհի սակավաթիվ մոնոէթնիկ պետություններից մեկը»:
Անշուշտ Աղաեւը լավ գիտի, որ հրեաներն այնքան խելացի եւ զգույշ են, որ վաղուց հեռացած կլինեին մեր երկրից, եթե իրենց հանդեպ Հայաստանում հալածանք լիներ: Աղաեւն իհարկե հայ- հրեական բարեկամության տարիքը չունի, ոչ էլ նրա ներկայացրած պետությունը, որ երիտասարդին չի տվել խոր գիտելիքներ, հարեւանների պատմությանը տիրապետելու առիթ: Ժամանակն է ըմբռնել, որ ճկուն դիվանագետը, իր երկրի շահերը պաշտպանելիս այնքան տկար չպիտի լինի, որ հաստատվի՝ հրեաների հանդեպ հայերի մտացածին ատելություն բորբոքելով: Մանավանդ հիմա, երբ Հայաստանում հրեական համայնքի թիվը աճ է գրանցել:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ
Գերմանիա