Արտգործնախարար Միրզոյանի այցը ԱՄՆ ուղենշում է Հայաստանի դիվանագիտական պատշպանունակությունը

77

Հայաստանի դիվանագիտական մեկուսացումը, իր կորստաբեր հետեւանքներով, սովորաբար վերագրվել է իր վարած արտաքին քաղաքականությանը, որը բացառապես միտված է եղել Կրեմլի հետ համահունչ լինելուն։ Հաշվի առնելով Կովկասում կատարվող քաղաքական գործոնները, Երեւանը չէր կարողանում մշակել եւ իրագործել բազմակողմանի մի քաղաքականություն, որն անհրաժեշտ է իր քաշն ունեցող երկրներին։

Բայց վերջերս Կովկասում կատարված տեկտոնական տեղաշարժերը եւ դրանցում Ռուսաստանի ներգրավվածությունը՝ նոր հեռանկարներ են բացել Հայաստանի առաջ, որոնք զուրկ չեն որոշակի ռիսկերից։ Ուկրաինայի դեմ ծավալված ռուսական պատերազմը չափազանց մեծացրել է Թուրքիայի ազդեցությունը, իսկ Արեւմուտքն էլ, իր հերթին, վերականգնել է տարածաշրջանի հանդեպ իր շահագրգռվածությունը, գլխավորապես նվազեցնելու եւ ի վերջո ամբողջովին վերացնելու համար ռուսական ազդեցությունը։

Նախագահ Ռոնալդ Ռեյգանը եւ վարչապետ Մարգարետ Թետչերը, Միխայիլ Գորբաչովին մոլորեցնելով կարողացան փլուզել Խորհրդային Միությունը։

Այսօր, անսպասելի քաղաքական հնարավորություն է տրված Արեւմուտքին հետապնդելու (եւ հավանական հաջողության հասնելու) մեկ այլ մարտավարական օրակարգ, որը միտված է թուլացնելու եւ մասնատելու Ռուսաստանը ուկրաինական պատերազմում նրան ուժասպառ դարձնելու միջոցով։

Թվում է, թե թրամփյան ժամանակաշրջանի օրերը ավարտվել են, երբ պետքարտուղար Մայք Փոմպեոն կարող էր ցինիկաբար ծաղրել Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազում Հայաստանի դժբախտությունը ասելով` «Հուսով եմ, որ հայերը կկարողանան պաշտպանել իրենց»։ Այդ էջը փակվել է, շրջվել, Բայդենի նախագահ դառնալով, որ երդվել է` «հարատեւ պատերազմի փոխարեն կիրառել հարատեւ դիվանագիտություն»։

Հայաստանը այդ քաղաքականությունից օգտվողներից մեկն է դարձել։ Արտգործնախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ը Վաշինգտոն կատարած իր քառօրյա այցելության ժամանակ արժանացավ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի ջերմ ընդունելությանը։ Նախաձեռնությունը հետեւում էր Հայաստանի որդեգրած նոր դիվանագիտական մոտեցմանը, որը նշանավորվեց Հնդկաստան կատարած Միրզոյանի այցելությամբ, որտեղ նա փորձում էր գտնել տնտեսական եւ պաշտպանական նոր ուղիներ։

Բացի Հայաստանի եւ Հնդկաստանի միջեւ գոյություն ունեցող դարավոր բարեկամությունից, երկու երկրներն էլ այսօր նույն իրավիճակում են գտնվում` թիրախը դառնալով մոլեռանդ իսլամական մի երկրի` Պակիստանի, որը դարձել է ահաբեկիչների որջը։ Հայաստանի պարագայում, Պակիստանը իր զինուժով Ադրբեջանին էր միացել 44-օրյա պատերազմի ընթացքում, իսկ Հնդկաստանի պարագայում Պակիստանը Ադրբեջանի դերն է կատարում` Հնդկաստանից պահանջելով Քաշմիրը։ Պակիստանը, հիշեցնենք, այն հազվագյուտ երկրներից է, որ մինչ օրս չի ճանաչել Հայաստանի Հանրապետությունը։

Մինչ Միրզոյանը Մ. Նահանգներում էր, Հայաստանի Անվտանգության խորհրդի նախագահ Արմեն Գրիգորյանը մայիսի 2-ին հանդիպեց իր գործընկեր Հիքմեթ Հաջիեւին, որպեսզի քննարկի սահմանազատման եւ սահմանագծման հանձնախմբեր կազմելու մանրամասները։ Իր հերթին, Հայաստանի բանագնաց Ռուբեն Ռուբինյանն էլ Վիեննայում երրորդ անգամ հանդիպեց Սերդար Քըլըչի հետ` կարգավորելու համար հայ-թուրքական հարաբերությունները։

Ընդհանուր կարծիք կար, որ այդ բանակցությունները չեն կարող տեղի ունենալ առանց խոչընդոտների։ Եվ իրոք, խոչընդոտները կուտակվում են։ Անկարան համաձայնել էր բանակցությունները վարել առանց նախապայմանների, մինչդեռ հետո այդ թաքուն պայմանները փոխանցել էր Բաքվին, որն էլ 5 կետից բաղկացած խաղաղության պայմանագիր էր ներկայացրել Հայաստանին, որ ստորագրի։

Մյուս կողմից, հայ-թուրքական բանակցությունների երրորդ հանդիպումից անմիջապես առաջ, Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն առաջ է քաշել երկու երկրների սահմանների հարցը քննարկել։ Սա նշանակում է քննարկել 1921 թվի Կարսի պայմանագիրը, որտեղ նշված են սահմանները, որոնց հետ համաձայն չէ Հայաստանը եւ այդ պատճառով էլ մինչ օրս չի վավերացրել այն։

Մինչ Հայաստանը դիվանագիտական պաշտպանունակության քաղաքականությունն է որդեգրել Արեւմուտքի եւ Հնդկաստանի հետ գործակցելով, Միջին Արեւելքի երկրների մոտենալու հնարավորությունը փակվում է Հայաստանի համար, քանի որ Թուրքիան արդեն կարգավորել է իր հարաբերությունները Սաուդյան Արաբիայի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների հետ եւ ակտիվ ջանքեր է գործադրում կարգավորելու հարաբերությունները նաեւ Եգիպտոսի եւ Իսրայելի հետ։

Միրզոյանի այցը Վաշինգտոն կարելի է մեծ առաջընթաց համարել, քանի որ իրականացվել են գլխավոր նպատակները` վերականգնել ռազմավարական երկխոսությունը Հայաստանի եւ Մ. Նահանգների միջեւ եւ ստորագրել միջուկային էներգիայի քաղաքացիական օգտագործման ոլորտում համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր, որը Հայաստանի էներգետիկ պահանջները բավարարելու համար կապահովի էներգիայի աղբյուրների բազմազանություն։

Բացի դիվանագիտական հաճոյախոսություններից, որոնք չափազանց անկեղծ էին ու սիրալիր, Միրզոյանը անդրադարձավ հրատապ հարցերին` ընդգծելով այն «կարեւոր դերակատարությունը, որ Մ. Նահանգներն ունի որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, որին միջազգային հասարակությունը լիազորել է դյուրացնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումը»։

Նա նաեւ շնորհակալություն հայտնեց Բլինկենին, որ Բայդենի վարչակազմը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը։ Այցելությունից ուղիղ մեկ շաբաթ առաջ, Բլինկենը Սենատի արտաքին հարաբերությունների հանձնախմբի առաջ ելույթ ունենալով նշել էր. «Ես շատ ակտիվ եւ անմիջական շփումներ եմ ունեցել Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, փորձելով գտնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ քաղաքական կարգավորման երկարատեւ հեռանկարներ»։ Իր խոսքում նա նաեւ դատապարտել էր Ադրբեջանի միակողմանի գործողությունները, որոնք իր բնութագրմամբ «բորբոքում» են կացությունը։

Սա, ինչ խոսք, դրական տեղաշարժ է Մ. Նահանգների դիրքորոշման մեջ, հաշվի առնելով, որ անցյալի դատողությունները չէին թիրախավորում մեղավոր կողմին, թողնելով, որ Ադրբեջանը գլուխն ազատի հակառակ իր շարունակական ոտնձգություններին։ Հասցեական ելույթը նաեւ նշանակալի է այն իմաստով, որ նախագահ Իլհամ Ալիեւը շարունակում է պնդել, որ ղարաբաղյան հակամարտություն այլեւս գոյություն չունի, քանի որ այդ հարցը լուծված է բռնի ուժով։ Սա, փաստորեն, գնդակը տեղափոխում է Արեւմտյան խաղադաշտ, որովհետեւ Մոսկվան արդեն հայտարարել է, որ Ղարաբաղը ադրբեջանական տարածք է։

Միրզոյանը հանդիպեց նաեւ Միջազգային Օգնության ամերիկյան գործակալության (USAID) տնօրեն Սամանթա Փաուերի հետ, եւ այս հոդվածի գրության պահին նախատեսված էր նրա հանդիպումները Ազգային անվտանգության խորհրդում Եվրոպայի հարցերի ավագ տնօրեն Ամանդա Սլոթի եւ այլ բարձրաստիճան անձնավորությունների հետ, նախքան որ ավարտեր իր այցը Մ. Նահանգներ` ելույթ ունենալով «Atlantic Council»ում եւ տեսակցելով ամերիկացի մի քանի օրենսդիրների հետ։ Ոմանք հավատացած են, որ նման շրջադարձային այցելություն հնարավոր էր եղել իրականացնել դեսպան Լիլիթ Մակունցի շնորհիվ, որի դիվանագիտական ունակությունները հարցականի տակ էին դնում ոմանք։

Միրզոյանի այցելությունը ԱՄՆ-ը ակներեւաբար նյարդայնացրել է Կրեմլին։ Արտգործնախարար Սերգեյ Լավրովը նրան կանչել է մասնակցելու Ռուսաստանի եւ Ադրբեջանի հետ միասին Ղրղզստանում մայիսի 13-ին կայանալիք եռակողմ հանդիպմանը` ՀԱՊԿ-ի ժողովի շրջանակներում։ Մյուս կողմից, Կրեմլի խոսափողը հանդիսացող Russia 24 հեռուստակայանը դրվագներ է հեռասփռել Հայատսանում ընդդիմության կազմակերպած ցույցերից, ուղեկցելով դրանք Փարիզում եւ Բեռլինում մայիսի 1-ին տեղի ունեցած ցույցերի հետ, որոնք շատ ավելի վայրագ են եղել, քան Հայաստանում կատարվածը։

Ի դեպ, հարց է առաջանում, թե ինչու է ընդդիմությունը ցույցեր կազմակերպում հիմա, երբ Հայաստանը, օրակարգում ունենալով գոյութենական խնդիրներ, բանակցություններ է վարում իր թշնամիների եւ միջազգային գործընկերների հետ։

Այդ ցույցերը քողարկված բարիք կարող են դառնալ, եթե վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարողանա դրանք ճիշտ օգտագործել Ալիեւի հետ իր բանակցություններում, նշելով, որ Ղարաբաղի հարցում ուժեղ ընդդիմություն գոյություն ունի երկրի ներսում եւ դրանով փորձի ժամանակ շահել։

Երբ Ալիեւը սպառնում է Հայաստանի, որպես ինքնիշխան պետության, գոյությանը, նրա տրամադրության տակ եղած միակ տարբերակը խաղաղության որեւէ պայմանագրի ստորագրումը հետաձգելու մարտավարությունն է, մինչեւ իր դիվանագիտությունը տա ցանկալի արդյունքներ եւ կարողանա վերազինել իր բանակը։

Ներկայիս, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները անհուսալիորեն բաժանված են իրարից։ Բայց Մ. Նահանգների եւ Ֆրանսիայի նորացված շահագրգռվածությունը հույս է ներշնչում, որ կառույցը կկարողանա մարտունակ դառնալ։ Մոսկվան հստակեցրել է իր դիրքորոշումը այդ հարցի վերաբերյալ եւ ղարաբաղյան կարգավորման սառեցումը նշանակում է, որ մտադիր է իր ռազմական ներկայությունը շարունակել Ադրբեջանի տարածքում, այնքան ժամանակ, որ իր ռազմավարական շահերը պահանջում են։

Կատարվածը տարածաշրջանում իշխանություն հաստատելու գերխնդիր է, եւ Հայաստանը ոչ մի ձեւով չի կարող հակազդել, հակառակ որ իր ճակատագիրն ու Ղարաբաղի ժողովրդի ապագան կախված են այդ իշխանության հաստատման ելքից։

Խորհրդարանական ընդդիմությունը ցույցեր է կազմակերպում Ղարաբաղը Ադրբեջանի կազմում չթողնելու պահանջ-պաստառներով, մինչդեռ այդ անկլավի վերահսկողությունը գտնվում է ոչ թե Փաշինյանի, այլ Ռուսաստանի ձեռքերում։ Դա է պատճառը, որ ընդդիմության ցույցերի մայիսի 1-ի խոստացված վերջնաժամկետի գործողությունները տեղի չունեցան, չնայած օգտագործել էին Փաշինյանի գործելաոճից որոշ դրվագներ ժողովրդին ներգրավելու համար։ Ներկա ցույցերն ու անհնազանդության գործողությունները չեն կարող համեմատվել 2018-ին Փաշինյանին հետեւած զանգվածի հետ։ Կառավարամետ «Իրազեկված քաղաքացիներ» խմբավորման գնահատմամբ ներկա ցույցերին մասնակցողների թիվը չի գերազանցել 12,500-ը, մինչդեռ ընդդիմությունը 40 հազար (եւ ավելի) է նշում։ Մասնակիցների ստույգ քանակը երեւի այդ երկու թվերի արանքում է։

Հակառակ որ նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը միացրել էին իրենց գործողությունները, տպավորությունն այն է, որ ընդդիմության ղեկավարները պառակտված են, անմիաբան։ Առինքնող արտաքինով ոչ մի ղեկավար այդպես էլ երեւան չեկավ։ Բարձրացված պաստառները անորոշ բովանդակություն ունեն, մինչդեռ Փաշինյանը իր ժամանակին հանապազօրյա հացի խնդիրն էր առաջ քաշում։ «Մերժիր Սերժին» պահանջին զուգահեռ նա խոստանում էր օլիգարխներից խլել հարստությունը, եւ մարդիկ հավատացին, որ թավշյա հեղափոխությունից մեկ օր անց հարուստների դասակարգը կզրկվի իր ունեցվածքից եւ այդ գումարները կվերադարձվեն հասարակ ժողովրդին։

Ներկայիս Փաշինյանի անփորձ թիմը կարիք ունի ներքին պաշտպանության, որպեսզի կարողանա դիմագրավել արտաքին, միջազգային մարտահրավերները եւ օգտվել ընթացիկ զարգացումներից։

Կիսված, բաժանված տունը կանգուն չի կարող մնալ։

ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ

Դետրոյթ, ԱՄՆ

Անգլ. բնագրից թարգմանեց`ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ (The Armenian Mirror-Spectator)