Խաղաղության պայմանագրի հայկական տարբերակը փոխանցվել է Ադրբեջանին, բայց արձագանք դեռ չկա, սա վարչապետ Փաշինյանն էր ասել Ազգային ժողով-կառավարություն հարցուպատասխանին: Նաեւ սահմանագծման հանձնաժողովների աշխատանքի մեր պատկերացումն է փոխանցվել: Մնանք նամակին սպասող, մանավանդ նոր ազարտներ կան՝ այսպես կոչված էլեկտրոնային դիվանագիտություն: Հայկական տարբերակում Արցախի խնդիրների մասին ի՞նչ մոտեցում է ամրագրվել, այդ հարցը ոչ ոք իր թիմակիցներից չի տալիս Փաշինյանին, իսկ մեր՝ կամերային դարձած ընդդիմադիրներն էլ իրենց բարձրությունից չեն իջնում, որ գան հարցուպատասխանին եւ այդ մասին հարցնեն:
Այս ֆոնին հետաքրքրական զարգացումներ են Արցախում: Այնտեղ նոր պետնախարար կա՝ Արցախի նախկին դատախազը, ոչ այնպիսի հնչեղ անուն, որպիսին Ռուբեն Վարդանյանն էր: Արցախն էլ, ռուսների քավորությամբ, բանակցում է Ադրբեջանի հետ՝ Լաչինի միջանցքի բացման, էլեկտրամատակարարման, գազի մատակարարման անխափանության վերաբերյալ, ըստ որոշ լուրերի, ավելի ստույգ՝ ադրբեջանական աղբյուրների՝ ադրբեջանցիք խոսում են Կաշենի հանքը ստուգելուց, հսկիչ անցակետի տեղադրումից: Հսկիչ անցակետի տեղադրումը հայկական կողմի համար անընդունելի է, չնայած, էլի ըստ տարբեր լուրերի, հնարավոր է համարվում տեսանկարահանող սարքերի տեղադրումը, առանց ադրբեջանցիների ներկայության: Երկու հանդիպում արդեն եղել է, Ադրբեջանը ներկայացնող պատվիրակը՝ Ռամին Մամեդովը, որը հայտնի հակահայ է եւ անգամ Ադրբեջանի խորհրդարանի՝ այսպես կոչված Արեւմտյան Ադրբեջանի հանձնաժողովի նախագահ (այդ անվամբ ադրբեջանցիք կոչում են Հայաստանը), Մարտակերտում ծնված ու Շուշիում դպրոց գնացած, ապատեղեկատվություն է տարածել, որ հանդիպումներին խոսք է գնում Ադրբեջանին Ղարաբաղի ինտեգրվելու մասին: Արցախի ԱԳՆ-ն հերքում է դա, նախագահ Արայիկ Հարությունյանը կոշտ հակադարձում է՝ խոսելով Ադրբեջանի հետ ինտեգրման անհնարինությունից, ու անգամ սպառնում չգիտես ում՝ ով այս կարծիքին չէ, մեզ հետ անելիք չունի:
Ի՞նչ է կատարվում, ի՞նչ թղթի կտոր է, ուրեմն, Հաագայի դատարանի վճիռը, եթե այն Ադրբեջանը չի կատարում, ու ճանապարհը բացելու համար Արցախը բանակցում է նրա հետ՝ միգուցե նոր զիջումների գնալով եւ զրոյացնելով բուն Հաագայի վճիռը: Այստեղ տեսնե՞նք ռուսների եւ Արեւմուտքի հերթական դիմակայության տարր: Թե՞, ինչպես ռուս քաղաքագետ Ստանիսլավ Տարասովն է ասում՝ Մոսկվան սկսում է տարանջատվել ղարաբաղյան կարգավորման գործընթացից՝ Հայաստանին տալով գործողությունների ազատություն, իսկ ինքը գնալով մեր տարածաշրջանում բացառառապես իր շահի հետեւից, որը հազիվ թե լավ բան խոստանա մեզ:
Այդ դեպքում ամենավտանգավորն էլի մեզ համար Հայաստանի եւ Արցախի տեսակետների տարբերությունն է կարգավորման ելման կետի վերաբերյալ: Այդ տարբերությունն առհասարակ մինչեւ ո՞ւր կարող է հասնել եւ ի՞նչ վտանգներով է հղի. մենք այս հարցը ապարդյուն հղեցինք իշխող մեծամասնության ԱԺ արտաքին հարաբերությունների անդամներին՝ հասկանալու համար, թե բանակցությունների վերսկսման դեպքում Արցախի՞, թե՞ Հայաստանի տեսակետն է գերիշխող լինելու, ո՞ւմ տեսակետն է ներկայացնելու Հայաստանը: Ապարդյուն, որովհետեւ նախկինների՝ Արցախը բանակցություններից դուրս թողնելու գուցե իրավացի մեղադրանքն արդեն հին է ու մեզ ոչինչ չի տալիս՝ ապագայում նոր կորուստների չտանելու կամ անդառնալի գործընթացներից ապահովելու համար, այն դեպքում, երբ Արցախի ԱԳՆ-ն, արցախադրբեջանական ներկա շփումները մեկնաբանելով՝ նշել է, թե այդ հանդիպումները Արցախի կարգավիճակի քննարման հարցեր չեն շոշափում, Արցախի ապաշրջափակման նպատակով կազմակերպվող նմանատիպ քննարկումները չեն կարող փոխարինել լիարժեք խաղաղ բանակցություններին, որոնք անհրաժեշտ են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ կարգավորման համար:
Բա չիմանա՞նք՝ ինչո՞ւ նույնական չեն Հայաստանի եւ Արցախի տեսակետները, կամ Հայաստանը, վերջապես, ե՞րբ է հստակ ձեւակերպելու՝ ելնու՞մ է Արցախի ինքնորոշման փաստից: Հարցեր տալն այս թեմաներով ԱԺ մեծամասնությանն ապարդյուն է դառնում, քանի որ պատասխանները հարցին տիրապետող երկու-երեք անձի բարձարաձայնումների շրջանակում մնալու ջանք են միայն մնում, հնարավորինս լղոզված ու անորոշ: Իսկ Դիվանագետի օրվա առթիվ վարչապետ Փաշինյանի շնորհավորական ուղերձի մեջ խոսք անգամ չկա Արցախի ուղղությամբ մեր գործադրելիք դիվանագիտական ջանքերի մասին:
Նշենք, որ նաեւ այդպես էլ հասկանալի չի դառնում՝ լուծվո՞ւմ է արդյոք Արցախի ներքաղաքական թնջուկը, որ կար վերջին շրջանում՝ Ռուբեն Վարդանյանի հրաժարականի, այդ առթիվ ասված փոխշնորհակալություննների, փոխուղերձների պաթետիզմից հնարավոր չէ դա հասկանալ: Եւ, ի վերջո, այդ թնջուկը որքանո՞վ էր շաղկապված ճանապարհը բացելու Արդբեջանի դրած պայմանների հետ:
Արցախի խորհրդարանում ներկայացված երեք ընդդիմադիր ուժերի՝ ՀՅԴ Արցախի կառույցի, «Արդարություն» եւ Արցախի ժողովրդավարական կուսակցությունների ղեկավար կազմերի միջեւ քննարկումների արդյունքում ստեղծված Միջկուսակցական համակարգող մարմնի (ՄՀՄ) պարագան հետաքրքրական է, մանավանդ՝ այս երեք ուժերը չէին մասնակցել խորհրդարանի այն նիստին, որի ընթացքում Արայիկ Հարությունյանը ներկայացրել էր հետագայում իր ուղերձի հենք դարձած տեսակետները: Ուրեմն եւ՝ թնջուկը լուծելու այլ ձեւաչափեր են ստեղծվում, նախագահին կից նորաստեղծ խորհրդատվական մարմնից բացի:
Արցախ-Ադրբեջան հանդիպումները Հայաստանի Ազգային ժողովի վերջին ճեպազրույցներին մտահոգել էին ՀՅԴ-ին, ի դեմս Արծվիկ Մինասյանի, որն ասում էր, թե այդ շփումները չպետք է երկխոսության տեղ անցնեն, այն դեպքում, երբ ադրբեջանական կողմն ի սկզբանե «Ղարաբաղի հայկական համայնքի ներկայացուցիչներ» բառերն է օգտագործում: Պետք է ամեն ինչ անել, որ շփումները չընկալվեն ինտեգրման կոմպոնենտ, ճեպազրույցներում ասաց Արծվիկ Մինասյանը, չնայած եւ՝ ամեն ինչ պետք է անել, որ լարվածությունը թուլանա, բայց ոչ հայտարարված ինքնորոշման հաշվին: Արայիկ Հարությունյանը Ղարաբաղի հայ համայնքի ներկայացուցի՞չ է՝ ոչ հռետորական հարց հնչեցրեց Մինասյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցությունից Հայկ Մամիջանյանին մի եվրոպացի բարձր պաշտոնյա հստակ տեսքով ասել է, որ Նիկոլ Փաշինյանը բանակցել է Արցախն Ադրբեջանի կազմում բանակցային տրամաբանության մեջ, նա բոլոր տեսակի շփումներում Արցախի ինքնորոշման իրավունքն է ելակետ համարում, այժմ չի էլ բանակցում: Այս պահին Արցախ-Ադրբեջան շփումները Ադրբեջանը մեկնաբանում է էթնիկ միավորի տեսանկյունից, մինչդեռ անվտանգության երաշխիք կարող է լինել միայն ինքնորոշման իրավունքի դեպքում: Մամիջանյանը ենթադրում է, որ խաղաղության պայմանագրում վարչապետ Փաշինյանի դեմքը փրկելու դրույթ կարող է լինել, բայց դա անվտանգության երաշխիք չի լինի Արցախի համար: Տեսահսկող սարքի տեղադրումը Հայաստանն Արցախին կապող ճանապարհին վտանգավոր քայլ է համարում՝ հետագայում Ադրբեջանի կողմից այլ ռակուրսով խնդրին մոտենալու տեսակետից:
Տեսանկարահանող սարքի մասին ՔՊ-ից Լիլիթ Մինասյանը նշեց, որ ըստ նոյեմբերիննյան փաստաթղթի տրամաբանության՝ անցակետի կամ այլ բանի մասին նշում չկա, այդ մասին պաշտոնական տեղեկություն եւս չկա, չնայած ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն էլ էր ասել ռենտգեն սարքի տեղադրման հնարավորության մասին: Ըստ նրա՝ քննարկումների արդյունքում դեռ որոշում չի կայացվել: Կաշենի հանքավայրը ստուգելու Ադրբեջանի ցանկության վերաբերյալ էլ դեռ որոշում չկա:
Ինչպես տեսնում ենք՝ ո՛չ Արցախ-Ադրբեջան շփումների, ո՛չ Արցախի հետ կապված տարբեր ձեւաչափերով Հայաստանի քննարկումների մասին ենթադրություններից ու արտահոսքերից բացի՝ ճշգրիտ տեղեկություններ չկան, որ մենք չզգուշանանք ամեն տեսակի տհաճ անակնկալներից:
ՄԱՐԻԵՏԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ