Ինչպես խոստացել էինք, ստորեւ թարգմանաբար ներկայացնում ենք երկու հոդված Մ. Նահանգներում հրատարակվող հայկական ամենաերկարակյաց պարբերականի 90-ամյակի հանդիսություններից, մեկը գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանիռեպորտաժն է «Լրագրողների բանավեճի», մյուսը՝ պատասխանատու խմբագիր Արամ Արքունինը՝ «90-ամյակի գալա-համերգի» մասին:
Լրագրողների բովանդակալից բանավեճը
«Մենք պետք է մեր ձայնը ավելի լսելի դարձնենք»
Թաֆթս համալսարանի «Ջոյս Կամինգս» կենտրոնը հոկտեմբերի 27-ին հանդիսավայր էր ծառայել իր հրատարակման 90-ամյակի առթիվ «Արմինյն Միրոր-Սփեքթեյթր» շաբաթաթերթի հովանավորությամբ կազմակերպված լրագրողների բանավեճին, որին մասնակցեցին աշխարհում լայն ճանաչում գտած օտար լրատվամիջոցներում աշխատող հայ լրագրողներ Քեն Դիլանյանը (NBC News-ից), Կառլա Կարապետյանը (ֆիլմարտադրիչ, BBC-ի նախկին հաղորդավարուհի), Էրիկ Հակոբյանը (CivilNet-ից) եւ Չարլզ Մահտեսյանը (Politico-ից), տեղեկացնում է շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Ալին Գրիգորյանը: Բանավեճի թեման եղել է «Հայաստանի եւ Արցախի լուսաբանումը օտարալեզու մամուլում»: Համադրողը՝ Արամ Արքունը՝ շաբաթաթերթի պատասխանատու խմբագիրը եւ ԹՄՄ-ի գործադիր տնօրենը: Իր բացման խոսքում նախքան լրագրողներին ներկայացնելը Արամ Արքունը խորին շնորհակալություն է հայտնել Թաֆթս Համալսարանի պրոֆ. Բրուս Պողոսյանին, որ ներկայիս Երեւանում Հայաստանի Ամերիկյան համալսարանի նախագահի պաշտոնն է զբաղեցնում, սույն միջոցառումը Թաֆթսում կազմակերպելու համար:
Լրագրողները, որոնք տարբեր ոլորտներ են ներկայացրել, իրենց կարծիքն են արտահայտել, թե ինչու Հայաստանն ու Արցախը չեն արժանանում հիմնականում անգլիալեզու տպագիր մամուլի պատշաճ ուշադրությանը:
Politico-ի քաղաքական ոլորտի ավագ խմբագիր Մահտեսյանը, փորձելով պատասխանել իր հայրենակիցների բազմաթիվ հարցերին, թե «Հայաստանի եւ Արցախի համար այս ծանր օրերին որտե՞ղ էր անհրաժեշտ լուսաբանումը» եւ կամ «ինչո՞ւ է աշխարհը կարծես մոռացության տվել մեզ», նշել է, որ նախ լրատվամիջոցները ներկայիս չափազանց ծանր կացության առաջ են կանգնած. գոյատեւման պայքար են մղում եւ բոլորովին նման չեն 20, 30 եւ կամ 50 տարի առաջվա լրատվամիջոցներին: Շատ շատերն են փակվում ֆինանսական դժվարությունների պատճառով: Հետեւանքում առավել քիչ միջազգային իրադարձություններ են լուսաբանվում: Երկրորդ պատճառը «իրազեկության պակասն» է: Կովկասը որպես տարածաշրջան բացի օտարեկրացիների համար անծանոթ լինելուց, նաեւ բարդ ու մութ երկրամաս է: Շատ ուրիշ թեժ կետեր նույնպես չեն լուսաբանվում, ինչպես օրինակ՝ Կոսովոն, Նիգերիան, Հյուսիսային Իռլանդիան, եւայլն: Անհրաժեշտ է, որ մենք հայերս ավելի լավ հասկանանք լրատվամիջոցների էկոհամակարգը եւ փորձենք ծանոթություններ հաստատելով իրազեկ դարձնել լրագրողներին եւ ոչ թե քննադատելով կամ մեղադրելով դատապարտենք նրանց, թե պատշաճ չեն կատարում իրենց գործը: Ճիշտ է, Բոստոնում եւ Լոս Անջելեսում տեղական գլխավոր թերթերը (Բոստոն Գլոբ, Լոս Անջելես Թայմս) գրում են հայերի եւ Հայաստանի մասին, բայց դա արվում է, որովհետեւ այդ վայրերում հայերի թիվը մեծ է եւ ընտրությունների ժամանակ քվեներ ձեռք բերելու խնդիր գոյություն ունի:
Նույնիսկ 2021-ին, երբ նախագահ Բայդենը ստորագրեց Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձեւը, ամերիկացիներից շատերի համար հասկանալի չէր, թե ինչքանո՞վ էր այն կարեւոր՝ լուսաբանելու համար: Գնահատելով իրավիճակը՝ Մահտեսյանը գրել է իր անձնական պատմությունը, բացատրելով, թե ինչ միջազգային ուժեր եւ մեքենայություններ տարիներ շարունակ խանգարել են ցեղասպանության ճանաչմանը: «Իրազեկելու լավագույն ձեւը ներկայիս անձնական փորձառության մասին գրելն է, եւ սոցցանցերը հրաշալի միջոց են դրա համար: Մենք պետք է կարողանանք տիրապետել այդ միջոցին», խորհուրդ է տվել նա:
Հաջորդը Իրանի, Հյուսիային Կորեայի, Չեչնիայի եւ Աֆղանստանի մասին վավերագրական ֆիլմերի հեղինակ դոկտ. Կառլա Կարապետյանն է խոսք առել: Նա հայտնի է մասնավորապես ցեղասպանության մասին պատմող իր «Screamers» (Ճչացողները) ֆիլմով: Ներկայիս աշխատում է Էրիկ Պողոսյանի «Նեմեսիս գործողությունը» գրքի էկրանավորման վրա, որտեղ հանդես են գալու դերասաններ Դաստին Հոֆմանը եւ Քրիստոֆ Ուոլտցը: Նա հիշել է, թե ինչպես տասնամյակներ առաջ, երբ Լոս Անջելեսի տեղական PBS հեռուստակայանը համաձայնել էր հեռարձակել Մայքլ Հակոբյանի «Մոռացված ցեղասպանությունը» վավերագրական ֆիլմը, պետքարտուղարությունից զանգ էր ստացել, որ այն չպետք է հեռարձակվի, որովհետեւ կարող է խաթարել ԱՄՆ-Թուրքիա հարաբերությունները: Միայն իր հոր՝ Լեո Կարապետյանի եւ այդ ժամանակվա քաղաքապետ Թոմ Բրեդլիի ջանքերի շնորհիվ է, որ հնարավոր էր եղել եթեր արձակել ֆիլմը: «Այդ դեպքը ինձ հասկացրեց, թե ինչքան հզոր է մամուլի, եթերի դերը, ուժը, որ նույնիսկ կառավարությունն է վախենում դրանից», ասել է նա: 1988-ի երկրաշարժի օրերին, երբ Լոնդոնում է գտնվել որպես BBC-ի թղթակցուհի, հանձնարարություն է ստացել շտապ գտնել մեկին, որ կարողանար կենդանի ռեպորտաժ պատրաստել: Հայաստանը այդ ժամանակ հեռավոր էկզոտիկ մի աշխարհ էր անգլիացների համար: «Բարեբախտաբար գտա Անի Քինգ-Անդերվուդին եւ ղեկավարությանը չհայտնելով, որ նա հայկական արմատներ ունի, կարողացա հեռարձակել պատմությունս», նշել է նա հավելելով. «Նույն տարվա ընթացքում հեռարձակեցի նաեւ իմ «Screamers» վավերագրականը, Սերժ Թանկյանի պապիկի պատմությունը, որի հետեւանքում բազմաթիվ բողոքներ ստացա, թե ինչու BBC-ին թուրքական կողմին էլ եթեր չի տրամադրում: Պատասխանեցի, որ ցեղապսանությունը երկու կողմ չի ունենում, պատահել է, պատահել է եւ վերջ: Արդյոք պե՞տք էր նացիստների տեսակետը լսել, թե Հոլոքոսթ եղե՞լ է, թե՞ ոչ»: Խոսելով Արցախի ներկա իրադարձությունների մասին՝ նա նշել է, որ BBC-ն միակը չէ, որ «Breakaway republic» (Անջատողական ձգտումներ ունեցող հանրապետություն) է անվանել Արցախը:
Անշուշտ զգացվում էր 9-ամսյա ողբերգությունը հնարավորինս մեղմելու, փոքրացնելու միտումը: Politico-ն այն ներկայացրել էր որպես «մահաբեր ընդհարումների շաբաթներ», որը նույնիսկ հակասում էր Արդարադատության միջազգային դատարանի որոշմանը: Ընդհանուր առմամբ Կարապետյանը համաձայնել է, որ Արցախի լուսաբանումը անհամեմատելի է ներկայիս Գազայի դեպքերի լուսաբանման հետ:
Եվրոպական լուսաբանումները մի փոքր ավելի լավ էին, նշել է նա, պատճառաբանելով, որ տեղանքը ավելի մոտ էր Եվրոպային: Ամերիկացիների համար տեղանքը հեռավոր ու անհստակ մի վայր է: «Կար նաեւ Ադրբեջանի կողմից ուժեղ ապատեղեկատվության արշավ», ասել է նա եւ խորհուրդ տվել հայերին օգտագործել «indigenous» (բնիկ) եզրույթը: «Բնիկ ժողովուրդը պայքարում է հանուն իր հայրենիքի» նախադասությունը տարբեր հնչեղություն ունի»:
Վաշինգտոնյան NBC-ի արդարադատության եւ հետախուզական բաժնի ներկայացուցիչ Քեն Դիլանյանը թոռն է Ցեղասպանությունից հետո Ֆրանսիայում ծառայած լեգեոնականի: Նա նշել է, որ օտար իրադարձությունների, հատկապես պատերազմական բնույթի, լուսաբանումը այնքան թանկ է, որ հեռուստաընկերությունները չեն համարձակվում ձեռնարկել նման ռեպորտաժներ, մանավանդ եթե չկա անհրաժեշտ իրազեկվածությունը կամ շահագրգռվածությունը, կապված շուկայական պահանջարկի հետ: «Եկեք անկեղծ լինենք, ամերիկացիներից շատերը նույնիսկ չգիտեն, թե Իռլանդիան որտեղ է գտնվում: Նրանք թույլ են աշխարհագրությունից: Իսրայելի դեպքում Ամերիկայի մարտավարական շահերն են թելադրում լայն լուսաբանումը: Այնքան մանրամասն, որ նույնիսկ նախկին նախագահ Թրամփի դեմ հարուցված դատական հայցը հետին պլան է մղվել»: Արամ Արքունի այն հարցին, թե արդյոք փողոցային ցույցերը նպաստո՞ւմ են հարցերի լուսաբանմանը, Դիլանյանը պատասխանել է. «Դրանք չեն խանգարում: Կարող են նաեւ օգնել լրագրողներից ոմանց հետաքրքրություն ցուցաբերել»:
2017-ից ի վեր Հայաստանում ապրող CivilNet-ի աշխատակից Էրիկ Հակոբյանի կարծիքով լրագրությունը Հայաստանում չափազանց թույլ է, արտաքին աշխարհին քիչ ծանոթ լինելու հետեւանքով: «Կա նաեւ սեփական կարեւորության զգացմունքի «ուռճացվածություն» ընդհանրապես բոլոր կովկասցիների մոտ: Օրինակ՝ Թբիլիսիի օդակայանում ցուցանակը հայտարարում է. «Այստեղից է սկսում Եվրոպան»: Հայերս պետք է պատասխանատվություն կրենք, որ չենք կարողանում մեր պատմությունները լավ վաճառել»:
«Սփյուռքն էլ չափազանց տարբեր է: Եվրոպացու համար հայը սովորաբար կամ շատ հարուստ գոհարավաճառն է, կամ Քարտաշյանները: Սովորական 5-6 երեխայի տեր արցախցին չէ, որ հազիվ է գոյատեւում: Դժբախտաբար, մենք 30 տարով ետ ենք մնացել մեզ ճշգրիտ ներկայացնելուց: Մենք պարտավոր ենք ավելի արդյունավետ կերպով օգտագործել սոցցանցերը: Ավանդական լրատվամիջոցը մահանում է, մինչդեռ սոցցանցերը տարօրինակորեն ժողովրդավարական են դարձել եւ վերահսկողությունից դուրս են գործում: Շատ դրական եւ գովելի է, որ չորս ՏՏ (IT) սթարթափ է գործում Հայաստանում: Ոչ ոք քեզ որպես հայի բանի տեղ չի դնի, մինչեւ որ քո մասին չիրազեկես աշխարհին ինչ-որ նախարարությամբ: Մենք նաեւ շատ ենք չարաշահում Ցեղասպանության ճանաչման թեման: Փոխարենը ավելի շատ պետք է խոսենք, թե ինչպես վերապրեցինք, երեխաներ ու թոռներ ունեցանք, որոնք այսօր ՏՏ ոլորտի առաջավոր ներկայացուցիչներ են: Չարաշահում ենք նաեւ քրիստոնեությունը ընդունած առաջին երկիրը լինելու հանգամանքը: Ամբողջ արեւմտյան աշխարհը գնալով ավելի աշխարհիկ է դառնում, իսկ մենք դրանով հավաստում ենք, որ արդիական ժողովուրդ չենք: Խորհուրդ եմ տալիս մեր ուշադրությունը սեւեռել չորս ոլորտների՝ դիվանագիտության, բանականության, տնտեսագիտության եւ ռազմագիտության զարգացման վրա: Մենք պետք է ապացուցենք, որ երբեք աղքատ, թույլ կամ մեկուսացված չենք եղել աշխարհից: Եկեք անիրական նպատակներ չհետապնդենք: Մեր գործը կատարենք այդ ոլորտներում եւ պաշտպանենք մեր հայրենիքը, պետությունը, անկախ այնտեղ իշխող կուսակցությունից: Առավել լսելի դարձնենք մեր ձայնը եւ լինենք միասնական»:
Նյութը The Armenian Mirror-Spectator-ի 07.11.2023 թ. համարից ամփոփ կերպով պատրաստեց՝ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ